// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

ՀԱՅ ԵՎ ԳԵՐՄԱՆ ՈԳՈՒ ԷԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ*

    Մարդաբանական հետազօտութիւնները (կատարւած մասնաւորապէս գերմանացի գիտնական Ֆոն Լուչանի կողմից) աստիճանաբար հաստատեցին, որ Քրիստոսից 15 դար առաջ Փոքր Ասիան, Հայկական Բարձրաւանդակը, Պարսկաստանի արեւմտեան մասը եւ Սիրիան բնակւած էին կազմաբանօրէն միացեալ մի ժողովրդով: Դրա զաւակներն ունէին կարճ գլուխ, բարձր գանգ, սեպօրէն ցցւած ճակատ, առհասարակ երկարաւուն դէմք, յետսակողմից ուղղահայեցօրէն իջնող գլուխ, հուժկուօրէն առաջակարկառ քիթ, թուխ աչք, թուխ եւ ողորկ մազ, խիտ եւ փարթամօրէն աճող մօրուք: Միջահասակ մարդիկ էին դրանք, թուխ մորթով: 
    Այս ցեղն այսօր ամենազուտ կերպով գտնւում է Հայկական Բարձրաւանդակում, Պարսկաստանի որոշ մասերում եւ Փոքր Ասիայում ու Սիրիայում որպէս կրօնական աղանդներ ինքնամփոփւած փոքրիկ խմբակցութիւնների մէջ - կըզըլբաշ, անսարիէ, թահթաջի, լիկիացի, դրուզ, մարօնիդ, եւն.
    Այս ցեղը ծանօթ է հայատիպ (armenoid), նախահայկական, ալարոդեան, կապադովկեան, փոքր-ասիական, հեթիտական եւլն. անուններով եւ իր մարմնական-կազմախօսական յատկութիւններով ներկայացնում է Կենտրոնական Եւրոպայի ալպեան-դինարեան ցեղի մի հատւածը (ըստ ոմանց` մայր արմատը): 
    Այդ Ցեղն էր ստեղծողը փոքր-ասիական երբեմնի նշանաւոր այն քաղաքակրթութեան (2000-1500 Ք.-ից առաջ), որի մոռացւած փառքը կապւում է հեթիտների անւան
    Լեզւաբանութիւնը մեծ ջանքեր է թափում «հայ», «հաթ», «հայասա», «խայաշա» կամ «արման», «արիմ», «արմինի», «արմին» (ինչո՞ւ ոչ` նաեւ «արմէն» - «էրման», գերման - (գ)երման) բառերի ստուգաբանութեամբ լուծել հայոց ցեղային ծագման խնդիրը: 
    Մարմնա-հոգեգծային (արեան եւ ոգու) յատկանիշների ուսումնասիրութիւնը, սակայն, աւելի ապահով ուղի է, որովհետեւ այդտեղ շօշափւում են խառնւածքի եւ կերպի ներյայտ, ինքնայայտ գծեր, որոնք զերծ են բառերի դիպւածական նմանութեան տարակոյսից եւ ընծայում են աւելի բարդ, բայց աւելի հիմնաւոր սիստեմի կարելիութիւն: Մարդաբանութիւնն ասել է իր խօսքը: Հայերը արեան գծով մերձաւորագոյն ազգակիցներ են գերմանացիներին: Դեռ չի ուսումնասիրւել հայերի եւ գերմանացիների հոգեւոր էակցութեան կողմը, այսինքն` դեռ բաղդատութեան չեն դրւել նրանց խառնւածքի, որով եւ ոգու յայտնութեան բնորոշիչ գծերը: 
    Ոգու արտայայտութիւններն ունեն իրենց ծագման պատճառականութիւնը: Մենք կարող ենք չընդունել «ոգե-մարմնական զուգահեռականութիւնը» որպէս փիլիսոփայական տեսութիւն կամ բնազանցական վերացում, բայց ո՛չ ոք կարող է ժխտել ոգու եւ արիւնի փոխադարձ ազդեցութիւնը որպէս կենսաբանական ճշմարտութիւն: Որոշ որակի արիւնը կարող է միայն ծնունդ տալ որոշ որակի ոգու: Ոգու եւ ոգու միջեւ այնքա՛ն տարբերութիւն կայ, որքան` արիւնի եւ արիւնի: Տարբեր են ո՛չ միայն սպիտակների եւ դեղինների մարմնական յատկանիշները, այլեւ նրանց հոգեգծութիւնը: 
    Բայց անցնենք հայ եւ գերման ոգիների էակցութեան հարցին: Աւելի հիմնական ուսումնասիրութիւնը վերապահելով բարեպատեհ մի առիթի, այժմ պիտի բաւարարւենք մի քանի շատ ցայտուն երեւոյթների հաստատագրումով: 
    Դրանք են. 
    1) Լինելիական զգացում.- Ցեղերի խառնւածքը կնքւում է նրանց գոյապրումի բովանդակութեամբ եւ կերպով: Ոմանց մէջ շեշտւած է կայական զգացումը, ոմանց` ուժականը: Առաջինների երջանկութեան իդէալը յառողական է, երկրորդներինը` լինելիական: Նրանք ներկայապաշտ են, սրանք` նորատենչ: Նրանց ինքնայաւիտենականացման իդէալը յարակայութիւնն է, սրանցը` տեւական շարժումը: Նրանց կամքը ասում է - «կայ», սրանցը` «եղիցի»: Նրանք կեանքն զգում են մեքենայօրէն, սրանք` կենսաբանօրէն: 
    Հայերն ու գերմանացիները հաւասար չափով դինամիկական խառնւածքով են օժտւած (տե՛ս կէտ «4»): Խառնւածքի այս նմանութիւնը ցեղակցութեան ամենախոր, միաժամանակ ամենավաւերական հիմքն է: 
 2) Լեզու.- Ներզարգացողական, աճեցողական հսկայաթափ ոյժ ունի հնդկա-եւրոպական լեզւախմբի արեւմտեան (եւրոպական) ճիւղին պատկանող հայերէնը: Դինամիկական այդ զօրոյթը արտայայտւում է յատկապէս իբրեւ բարդ բառեր կազմելու ընդունակութիւն - մի յատկութիւն, որով օժտւած է մասնաւորապէս գերմաներէնը: Երկու այդ լեզուները նորաստեղծւելու ներբնական իրենց զօրոյթով` տարբերւում են «քարացած» ձեւերի մէջ կնքւած եւ կաղապարւած լեզուներից, որոնցից է, օրինակ, ֆրանսերէնը: Լեզւական դինամիկան պայմանաւորւում է խառնւածքի դինամիզմով: 
   3) Դիւցազներգութիւն.- Հայոց աւանդական պատմութիւնը բացւում է նախահայր Հայկի եւ ասորական Բէլի կռւով: Արիական Հայաստանի եւ սեմական հարաւի էութիւնների սուր պայքարը շարունակւում է հնում` հայ Արայի եւ Շամիրամի, հայոց պատերազմական աստւած Վահագնի եւ Բարշամի, միջին դարում` հայ «Սասմայ Ծռեր»-ի եւ արաբ «Մսրայ Մելիք»-ի միջեւ: Հայկի մարմնական («խայտակն», «քաջաբազուկ») եւ հոգեկան («վեհանձն», «ազատասէր») գծերը համապատասխանում են նորդեան կապտաչեայ եւ գոռոզ ցեղի յատկանիշներին: Վահագնի մազերն ու աչքերը կրակ-արեգնագոյն են, ինչպիսին էր միջին դարում գերման լեգենդար կայսր Ֆրիդրիխ Բարբարոսան: 
    4) Աշխարհի լինելիական ապրում.- Հայոց դիցաբանական կոսմոգոնիայի մէջ գոյարմատի հանգամանք ունեն կրակն ու ջուրը (Վահագնը ծնւում է ծիրանի ծովում, կրակով բռնւած եղէգնի բոցերից): Կրակն ու ջուրը գոյարմատական են նաեւ Հայաստանի ծնունդ (ուրմիացի) համարւող Զրադաշտի դուալիստական կրօնում: Դեռ չի ուսումնասիրւել Հայաստանի եւ հայկական էութեան ազդեցութիւնը յունական փիլիսոփայութեան, մասնաւորապէս փոքր-ասիական (յոնիական) դպրոցի վրայ, բայց Թալէսը ջուրն էր ընդունում որպէս գոյութեան արմատ, Հերակլիտը` կրակը: Հերակլիտի կրակը ենթակայ է յաւիտենական հոլովոյթի եւ երեւոյթների աշխարհը հնարաւոր է դառնում նրա շարժումով: Հայը անմահութեան գաղափարը կապում է ջրին, ստեղծագործութիւնը` կրակին: 
    Շնորհալին անգամ Յիսուսը պատկերում է որպէս «հուր կենդանի»: Միջին դարում ստեղծւում է «արեւորդի»` որով կրակ-արեւի որդիների աղանդը: Յաւիտենականութիւնը հայը ապրում է որպէս անվերջանալի շարժում: «Սասմայ Ծռեր» դիւցազնավէպի հերոսների նետած քարերը «գնում են մինչեւ այսօր», այսինքն` յաւիտենական է նրանց չուն, որովհետեւ քանի դեռ աշխարհը կայ` «այսօրը» վերջ չունի: Թւում է, որ հին հայերն ունեցել են նաեւ նորատենչութեան մի աստւած կամ դեւ - «ցնորք», որ նշանակում է մինչեւ նորը. սխոլաստիցիզմի շրջանում հայոց ամենամեծ փիլիսոփայ-բանաստեղծ Գրիգոր Նարեկացին (10-րդ դար) խօսում է «անցաւոր յաւիտենական»-ի մասին, այսինքն` ընդունում է, որ աշխարհում ո՛չ թէ կայականութիւնն է յաւիտենական, այլ` շարժումը: 
    Նոր ժամանակների ժողովրդական մի երգիչ - Ջիւանի - իր «Ձախորդ օրերը» երգում կեանքի լաւատեսութեան հիմքը գտնում է հենց այն բանում, որ աշխարհում ոչինչ է կայուն, որ «փոփոխակի անցքեր շարունակ կու գան ու կ’երթան»: Վերջապէս հայու ամենայուսահատական վիճակի մխիթարիչ խօսքն է. «վերջը լաւ կը լինի»: 
    Սա արդէն գերմանացիների լինելիական զգացումն է, Լուտերի - «այս կեանքը... մի էութիւն չէ, այլ մի լինելիութիւն»-ը, «մենք դեռ չկանք, այլ լինում ենք»-ը, Հեգելի հոլովաշրջական փիլիսոփայութիւնը, Նիցշէի «Զրադաշտական խանդը», «իրերի յաւիտենական կրկնադարձը»: Հայ եւ գերման էութիւններին յատուկ լինելիական այս տենչը համապատասխանում է նրանց լեզուների ներքին դինամիզմին: 
    5) Երկու ոգիների պայքար. - Հայ էութեան մէջ շեշտւած է ոգու ողբերգական պառակտումը: Նարեկացու հոգում կռւում են էմպիրիկ կեանքի խորին զգացումը եւ գիտնականի տանջող մտածումը - միստիցիզմը եւ լոգիզմը, քաղաքական անիշխանականութիւնը եւ կրօնական աբսոլուտիզմը, սիրտը եւ բանականութիւնը: Նա ե՛ւ հումանիզմի մի նախակարապետն է, ե՛ւ սխոլաստիկ: Առհասարակ, հայի մէջ ներդաշնակ չեն կուլտուրաստեղծ էներգիան եւ քաղաքական զգացումը: Հենց Նարեկացին մի Ֆաուստ է, 10-րդ դարում, համակւած Գէոթէի ասած «երկու հոգիների պայքար»-ով: 
    6) Ազգային էութեան արձանացում. - Հայկական ճարտարապետութիւնը համարւում է «մայր քրիստոնէական եկեղեցական ճարտարապետութեան» եւ կրում է արիական կառուցակերպի, ոճի եւ գծի կնիքը: Դա արտայայտում է հայոց ազգային անձնաւորութեան արձանացումի տենդը: Այդպիսի արձանացման յանգում է նաեւ գոթական ոճը: 
    Նշանակալից է, որ հայերի եւ գերմանների պատմութիւն եւ մեծապետութիւն ստեղծելու կամքը, այսինքն` պատմական զգացումի եւ ոգու զարգացման շրջանները, ժամանակագրօրէն զուգադիպում են միմեանց (Բ. եւ Ա. դար Ք.-ից առաջ): Կա՞ր արդեօք գիտակցական կապ երկու ժողովուրդների միջեւ: Յամենայն դէպս, ընդհ. թշնամի Հռոմի դէմ նրանք գործեցին յօգուտ միմեանց եւ դրանով փրկւեցին ռոմանացումի վտանգից: 
    Նոյնանման երեւոյթ տեղի ունեցաւ Միջին դարում, երբ հայերն ու բուլգարները, թերեւս առանց գիտակցական զինակցութեան, կռւելով Բիւզանդիոնի եւ բիւզանդական էութեան դէմ` փոխադարձաբար նպաստեցին միմեանց ազգային ինքնութիւնը փրկելու գործին: 
    Այս տեսակէտով նշանակալից է նաեւ 6 եւ 7-րդ դարում Հայաստանում ծայր տւած, Բուլղարիայում բոգոմիլիզմը խմորող եւ եւրոպական պրոտեստանտիզմի նախօրինակը համարւող պաւղիկեան շարժումը, որ ոտքի ելաւ բիւզանդական ցենտրալիզմի, օրթոդոքս էութեան, չափազանցեալ միստիցիզմի, պատկերապաշտութեան դէմ: Հետագային գերմանացիք նման շարժումով նսեմացրին Հռոմի Աթոռի կշիռը եւ ունիվերսալիզմից անցան ազգային էութեան արձանացումին: 
    Այս տենդն այնքան զօրաւոր էր հայերի մէջ, որ նրանք Գ. դարի վերջում կամ Դ-ի սկզբում ընդունելով քրիստոնէութիւնը, իրենց ազգային ինքնութիւնը հակադրեցին հռովմէականութեան եւ իրանիզմին, իսկ Արեւմուտքի քրիստոնէացումից յետոյ, դաւանապէս կղզիացան Ազգային Եկեղեցու շուրջը: 
    Բաւարարւենք ասւածով եւ անենք մի քանի եզրակացումներ: Որպէս արեան եւ ոգու էակիցներ` հայերը եւ գերմանացիները ունեն խառնւածքի ընդհանուր գծեր: Դրանցից, պատմագործական տեսակէտով, մասնաւոր նշանակութիւն ունեն լինելիական զգացումը, կենսաբանական հզօրաթափ դինամիզմը եւ էութեան երկւութիւնը («ես»-ի տարանջատումը, որ կնքում է ազգարժէք երկու ստեղծագործութիւնների - «Նարեկ» եւ «Ֆաուստ» - նկարագիրը): Լինելիական զգացումով եւ կենսաբանական զօրաւոր դինամիզմով պայմանաւորւում է երկու ժողովուրդների մոլուցքը` ինքնայատուկ խանդ, ոճ ու երանգ տալու յաւիտենականութեան եւ ազգային էութեան արձանացման վերաբերեալ ամէն ստեղծագործութեան: Էութեան շեշտւած դուալիզմի հետեւանք են ստեղծագործական կամքի պառակտումը եւ քաղաքական անհատապաշտութիւնը, որից հայերն ու գերմանացիները հաւասարապէս տառապեցին դարերով: Օժտւած իմացական կարողութիւններով (հակառակ որ վերջին դարերում հայերը իմաստասիրութեան մարզում անպտուղ մնացին) նրանց պակսեց համապետական կամքը: Հայաստանում զուր անցան տարօնական հայերի (Այրարատի եւ Տարօնի գլխաւորութեամբ) միութեան ճիգերը, իսկ Գերմանիայում` դարերով իրար դէմ մաքառեցին աւատապետական ոյժերը, պրոտեստանտիզմը, կաթոլիցիզմը, պրուսիական էութիւնը մարմնացնող Հոհենցոլերնները, աւստրիական Հաբսբուրգները եւն.: Մեզանում քաղաքական միութեան իդէալը բանաձեւուեց («Միացեալ եւ Անկախ Հայաստան»), երբ ամէն բան կորցրած` սեղմւել էինք Այրարատում: Հայը իր ոգին շարժման մէջ է դնում, երբ կորցնում է իրականութեան հողը: Պակասաւոր է նրա իրականութեան զգացումը, հակասութիւն կայ հայի քաղաքական զգացումի եւ երազի միջեւ: Մինչեւ ռասիստական շարժումը` այդպէս էին ե՛ւ գերմանացիները (քանակական եւ որակական տարբերութիւնները - մեր նկատմամբ - հաշւի առնելով): Այդ շարժումով հնարաւոր դարձաւ գերմանական ազգի հոգեբանական միատարրութիւնը: Պատմա-հոգեբանօրէն դա նշանակում է` ալպեան եւ նորդեան մինչեւ այժմ ներհակ հոգեգծերի ներդաշնակում: Կայծակի հարւածով չեղաւ դա, այլ` դարերի հոգեւոր ճիգով: Քաղաքական իմաստով, Գերմանիան նո՛ր է դառնում ազգութիւն, բարոյական իմաստով` նա այդպիսին էր վաղուց: Քաղաքական յաջողութիւնը մի՛շտ էլ ենթադրում է բարոյական նախապատրաստութիւն: 
    Կարծում ենք, որ հասկանալի դարձաւ, թէ ի՞նչ է վերապահւած տարօնականութեան - հայութեան բարոյական նախապատրաստութիւնը, հոգեբանական միատարրութիւնը` վերաքննական ոգու միջոցով: 
_______________

    * Սույն հոդվածը` «Հայ եւ գերման ոգու եւ արեան էակցութեան մասին (գերմանացոց ռասիզմի եւ հայոց տարօնականութեան պատմական դերը)» վերնագրով, լույս է տեսել 1939թ., «Տարօնի Արծիւ»-ի թիվ 8-ում: Այն չի կարող դիտվել որպես այդ տարիներին զուտ քաղաքական նկատառումներով արված բարեխոսություն. դեռ ժամանակին Րաֆֆին էր ասում` «Հայն ասիական գերմանացի է... Մեր մեջ նմանություններ կան, ամեն կողմից նայելով»: 
    Արյան գծով հայերի ու գերմանացիների էակցությունը հիմնավորող հեղինակի բերած փաստարկները, հաշվի առնելով գիտության արդի նվաճումները, ժամանակավրեպ են, եւ մենք բավարարվել ենք հոդվածի` երկու ազգերի ոգո՛ւ էակցությանն առնչվող մասերը ներկայացնելով: - Խմբ. 

Կարգ: Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Ավելացրել է: ANI (18-Մյս-2011) Դիտումներ: 922 | Պիտակներ: հայեր, գաղափարախոսություն, Տարոնականություն, Հայկ Ասատրյան, գերմանացիներ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]