// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

ԴԱՐՁ ԴԷՊԻ ՈԳԻՆ

    Մեռնել, բայց չտեսնել Հայրենիքը պարտւած: Յաղթանակից կեանքի բարոյական կանոն յօրինել, պարտութիւնը ստեղծագործաբար ողբերգել եւ դրանից` մեծագործումի նոր ոյժ եւ խանդ երկնել: 
    Այդպէս չէ՞ր երբեմն հայը: 
    Ասում ենք` այդպէս էր, ուզում ենք էլի՛ այդպէս լինի եւ քարոզում ենք տարօնականութիւն: 
   Մեր առաջ, սակայն փռւած է հոգեւոր վերջալոյսի մի պատկեր: Վերջալոյսին` քնի կարօտից յօրանջում են ստւերները: Մեծ ստւերը` գիշերը, արդէն մայրն է քնաբեր առաքինութիւնների: Ստւերները յօրանջում են - «հին հայը վաղուց է մեռած»: 
    «Ոգին մահ չունի»,- ասում ենք մենք: 
    Ոգու մահւան հաւատում են վերջալոյսին ստւերօրէն սպառւածները: Նրանք` որ բռնւած են վախճանի տենդով: Ապրելու ագահութիւնը եւ մահւան զգացումը - միեւնոյն տոպրակում սրանք դեղնում են, ինչպէս աշնան տերեւները: Ամեն բան չի դեղնում կատարելութիւնից - շատ բան դեղնում է սպառումից: Դեղին երգերի բանաստեղծները, շա՛տ անգամ, քուն են քարոզում - ցաւագին ճիչ եւ ձանձրոյթի աղօթք: 
    Քնաբեր ամէն խօսք, մտածում եւ աղօթք վախճանի կարօտ է, վերջինը` տկարութիւն, իսկ տկարութիւնը` կենսագործ բոլոր ճշմարտութիւնների թշնամին: 
    «Արթնացի՛ր, Հայաստա՜ն» - օրերի զանգահարումը խոժոռում է հոգով մեռածներին: Արշալոյսի կանչը - դա մեծագոյն թշնամին է յոգնած-պարտասածների: Ստւերները ձայն չունեն, բայց նրանք ընկերներ են շարժւող կեանքի: Նրանք ունեն իրենց համր երանութիւնը - ուզում են քնել: Շարժումների թշնամին մի՛շտ էլ ստւերոտ մի էութիւն է: 
    Տարօնականութիւնը ոգու շարժում է, նոր կեանքի խօսք: Դա ունեցաւ իր թշնամիները - մահապաշտները, ստւերային էութիւնները, նրանք, որ տաժանքով են քայլում կեանքը փոթորկող ոյժերի հետ, ստւերի տաժանքով: 
    Մենք ասում ենք. «Ոգին անմահ է»
  Բայց երբեմն ոգու կայծը` հոգին, աւելի՛ շուտ է մեռնում, քան մարմինը: Անմահ է միայն ժամանակը բոցավառող, տարածութիւնը նւաճողաբար ճմլող ոգին, ստեղծագործը: 
    Յիսուսն էր ասում. «Մինչդեռ յաշխարհի եմ, լոյս եմ աշխարհի»: Ստեղծագործ ոգին միշտ էլ աշխարհում է եւ լուսագործում է: 
    Ժամանակը ոգեսպառի համար անջրպետ է, ոգու կրողի համար` կապ: Ժամանակներն իրար են կապւում յաւիտենականի զգացումով - անցաւորը յաղթահարող ոգու ճիգով: Մամիկոնեաններից անցել է մէկուկէս հազարամեակ, հայ բոլշեւիկները տիրում են այսօր: Բայց նրանք մեզ աւելի՛ մօտ են թւում, քան վերջինները: Այդպէս չէ միայն նրանց համար, որոնք ժամանակը ըմբռնում են որպէս իրար հակասող դէպքերի մի շարժ, որպէս անցումների մի քաոս: 
    Ժամանակը հոգեբանական առաջընթաց է: Բարոյապէս աճող մարդու համար` նրա արժէքները, հոգեւոր բովանդակութիւնները աճում են այդ առաջընթացի հետ: Հայօրէն անկարելի է հերոսանալ առանց Մամիկոնեան մի հսկայ կենդանիօրէն պատկերելու: Հերոսականը ժամանակները յաղթահարող պատկերում է: Հրէութեան հզօրանքի գաղտնիքը նրանում է, որ ամէն հրեայի սրտի մի անկիւնում կենդանիօրէն տրոփում է Մովսէսը: Ոգու բոլոր նահանջները առաջ են գալիս ժամանակի մասին ունեցած անկենսաբանական ըմբռնումից: Հակասութիւնները պարտութիւն են վիժում: Կա՞րսը - այդ պիտի չունենայինք, եթէ այնտեղ ճակատող հայկական բանակը չապրէր իր եւ Վարդանների ոգու հակասութիւնը, եթէ ժամանակը յաղթահարելով` նա կարողանար անցումի իր երանութեան մէջ դնել Մամիկոնեանավայել հերոսական: Բոլոր պարտութիւնները արդիւնք են պատմական ոգու աղօտումին - նախ` դրան: 
    «Յեղաշրջւած ոգին է յեղաշրջում իրականութիւնը» - ասում ենք մենք: Իւրաքանչիւր ազգ ապրում է ճակատագրական մի նշանախօսքով: «Յիշի՛ր մահը»,- ասում է մի ժողովուրդ, եւ դրանով էլ բարոյակարգում իր ընկերային կեանքը: «Յիշի՛ր Մամիկոնեան հայը»,- ասում ենք մենք, որովհետեւ ուզում ենք յաղթահարել պարտւողականութիւնը, փոխել, յեղաշրջել ճակատագիրը: Ուզում ենք տարագրութեան ցաւն ու ամօթանքը վերածել հայրենատիրումի, հզօրանքի կամքի: Մեծագոյն ստորնութիւնների ընդունակ ժողովուրդը, ընդունակ է նաեւ գերագոյն հերոսականի: Մեծ անկումներն էլ գործ են հուժկու խառնւածքի: Միեւնոյն խառնւածքի բացասական արտայայտութիւնը կարող է ա՛յնքան անկումնային լինել, որքան դրականը` վերացնող: Ոգու ձգողական եւ վանողական կարողութիւնները ծագում են միեւնոյն արմատից: Իբր հոգեբանական տիպ` հրեան ե՛ւ բեւեռացած ստորնութիւն է, ե՛ւ բեւեռացած նւիրում: Ժողովուրդներ կան, որոնց համար ստորնութիւնը ինքնապաշտպանութեան ամենահատու զէնքն է: Կան էլ, որ առանց դրական բարոյականի ` փլուզւում, ոչնչանում են: Հայը ընդունակ չէ ոգու երկու ուղղութիւններ կրել իր անձի մէջ: Մեր այս հոգեգծով մենք հակապատկերներ ենք հրեայի: Այդ է պատճառը, որ օտարութեան մէջ մենք չենք կարող օգտւել նրա ցեղային ինքնապաշտպանութեան մեթոդից: Նա մոռանում է լեզուն, ծպտւում է իբր ոչ-հրեայ, բայց Թալմուտի մի բառով պահում է ցեղային ներքին կրակի մոլեգնութիւնը: Ծպտումի ընդունակ հային չի կարող փրկել ամբողջ «Նարեկ»-ը: Հրեան յօրինում է համամարդկային գաղափարներ, խառնում է ազգերը իրար եւ յաճախ հանդիսատես դառնում իր «թալիսման»-ով փոթորկւած աշխարհի խելագարութիւններին, հայն ինքն իր մէջ փխրւում, այլասերւում է, հենց որ բռնւում է օտար մի հովից: Հայը «միջազգային» ասպարէզի էակ չէ: Փաւստոսի այլաբանութեամբ` նա իր Արշակ թագաւորի նման հզօր եւ ազատահոգի է միայն իր հողի վրայ: Հայրենիքն է նրա ինքնապաշտպանութեան միակ զէնքը: 
    «Դա՛րձ դէպի երկիր»,- ասում ենք մենք: «Ռէալ պայմաննե՞րը»,- հարցնում են իրենց կեանքում ընդհանրապէս պայմաններով ապրողները, սակարկողները: «Պատմական բոլոր իրականութիւնների հեղինակը եւ ստեղծիչը ոգին է»,- ասում է տարօնական մեծ հայերի հերոսականը: Այդ է ասում նաեւ մեր ժամանակների գիտութիւնը: 
    «Հոգեվերանորոգում եւ ճշմարտութիւնների յեղաշրջում» - ահա՛ առաջին քայլը դէպի նոր ճակատագիրը: Որպէսզի մի բան փոխւի` նախ պիտի կամենալ, որ փոխւի: «Կամենալ»-ը հոգեւոր որակ է: Ոգու ամէն ճիգ որակ է: Այդ է պատճառը, որ ոգու ներգործութիւնն է իմաստաւորում բնութեան ամէն մի երեւոյթը եւ պատմութեան դէպքերը: 
    Տարօնականութիւնը հոգեվերանորոգչական շարժում է, որով եւ` կեանքը իմաստաւորելու ճիգ: Նիցշէն ասում էր. «Գերմարդն է երկրի իմաստը»: Մենք ասում ենք. «Հայաստանն է հայ մարդու իմաստը»: Այսպէս ասելով` մենք ընդունում ենք Մամիկոնեան մի ճշմարտութիւն: Ծագում են հարցեր. «Ինչո՞ւ այս ճշմարտութեամբ գործող հայը հզօր էր: Ինչո՞ւ տկար է այսօր հայը: Ո՞րն է օրուայ հայի ճշմարտութիւնը: Մենք չկործանւեցի՞նք այն ըմբռնումից, թէ հայրենիքը միջոց է»: 
    Կեանքի լրջագոյն հարցերին մարդիկ պատասխանում են ըստ իրանց նկարագրի, խառնւածքի, բարոյական խորքի: Յոռետեսի կարծիքով` կեանքը մահւան առաջընթաց է: Մեզ համար` կեանքը մահւան յաղթահարելու ճիգ է: Վախկոտի կարծիքով` չկայ աւելի մեծ յանցագործութիւն, քան հերոսականի պահանջը: Եսականը «նւիրում» բառը հասկանում է որպէս պատուհասումի պատգամ: Զեղծահոգի էակը որոգայթ է լարում ճշմարտութեան դէմ: Յիսուսին խաչում են իր քարոզած գաղափարների սարսափից: Նոր գաղափարներից սոսկում են հոգեպէս սպառւածները: Անկումի երանութեան զոհերին` հզօրանքի խօսքը թւում է մահապատիժ: Տկարութիւնը գիտակցական սարսափ է մահից եւ անգիտակցական մահաբաղձութիւն: Տկարի չարութիւնը - դա գերեզմանափորի հոգեւոր զէնք է: Գերեզմանափորը հոգեբանական եղկելի այն տիպն է, որ մահու սարսափից մահւան դէպքերը օգտագործում է որպէս ապրուստի միջոց: Մեծ գաղափարների մանր թշնամիները միշտ էլ ունին գերեզմանափորի հոգեբանութիւն: 
    Հասկանալի է, որ տարօնականութիւնը իբրեւ ոգու շարժ եւ կենսանորոգումի ճիգ` պիտի անհանգստացնէր հոգեւոր գերեզմանափորներին, նւաստութեան երջանիկներին, իրենց անձերի բարոյական դիակնացումը առանց ցնցող տագնապի տեսնող-ապրողներին: 
    Մեծ գաղափարները յղութիւն են ստանում կեանքի մեծ ճգնաժամերից: Ամէն ճգնաժամ տալիս է իր զոհերը: Դրանցից է առօրէական ապրումներին գերի մարդը - յաւիտենականութեան ատամնաթափ այդ թշնամին: 
    Ծանր է մեզ համար չոր ճշմարտութիւններով խօսել, բայց ճշմարտութիւն է, որ յաւիտենականութեան գծի վրայ առօրէական արժէքները եւ նրանց կրողները չեն մեռնում, այլ սատակում են: 
    Մենք սոսկում ենք առօրէականին գերի դարձող գաղութահայութեան ճակատագրից: 
    Մենք ասում ենք, որ հայը մէ՛կ տեղ միայն կարող է իմաստալից մահ ունենալ - Երկրի ճանապարհին: Եւ մէկ տեղ միայն իմաստալից կեանք - Հայաստանում: 
  Ոմանք կարող են այս բանը չհասկանալ: Տգիտութիւնը յանցանք չէ, եթէ դա օժտւած չէ չարութեան դինամիզմով: Դա անշո՛ւշտ, մի ոյժ է - ա՛յն ոյժը, որ հոգեւոր լէշեր է ստեղծում եւ թմբում կեանքի հոսանքը: Կանգ առնել անգամ տգիտութեան զոհերի առաջ եւ խաչ հանել - դա ամէն բարոյաշունչ մարդու պարտականութիւնն է: Բայց չմաքրել կեանքի ուղին - դա միայն բարոյապէս սպառւածների տկարութիւնն է: 
  Չարութեան դինամիզմը պատմականօրէն անստեղծագործ է ա՛յն պատճառով, որ նրա կրողը մեծ նպատակների ծարաւ չունի: Դա, երբեմն, յաջողութիւններ է շահում, բայց յաղթանակի նւաճումը մի՛շտ էլ վերապահւած է դրականօրէն ստեղծագործ ոգուն: 
    Տարօնականութիւնը մեր ցեղի դրական հոգեգծերի շարժն է: Դա յաղթանակի վստահութիւն է:
    Ճանաչում ենք մեր իրականութիւնը, որում ոգու սպառումը կասկածամտութիւն է վիժում, իսկ վերջինը` դաւ եւ ուրացում: Գիտենք նաեւ, որ ամէն մի ոչնչութիւն գոյութեան մի սկզբունք ունի - արժէք ստանալու նպատակով բացասել մեծ գաղափարները, ժխտել բաներ, որոնց մասին հասկացողութիւն չունի, եւ տրորել իսկական արժէքները: Առօրեան մի՛շտ էլ մանրագործ հերոսներ է վիժում եւ յաւիտենականութիւնը մի թշնամի ունի - առօրեայի «հանճարը»: 
    Ովքե՞ր են գործում մեր դէմ - մեր ցեղը հայրենատէր եւ յաւերժական դարձնելու ճիգի թշնամիները. «ռէալ պայմանների» փոխասացները: Բայց մենք առանց լապտերի չենք իջել մութ փողոց, ո՛չ էլ առանց զէնքի` պատերազմի դաշտ: Մեզ առաջնորդող լոյսը մեր պատմութիւնը վարող ոգեկան ոյժերի իմաստասիրութիւնն է, մեր զէնքը` Մամիկոնեանների բարոյականը: Հրամայողաբար մերժել որեւէ ներքին պայքար, ո՛չ թէ չափւել տկարութեան ու տգիտութեան հետ, այլ միայն վերանորոգող լոյս եւ հզօրանքի բարոյական բաշխել նրանց, որոնք տառապում են հարցից - «ինչո՞ւ, ինչո՞ւ այսպէս եղան հայն ու Հայաստանը»: Տարօնականութիւնը միայն հզօրանքի ուսմունք չէ, այլ նաեւ ներցեղային սրբութեան փիլիսոփայութիւն, այսինքն` ոչ-սովորական բարոյագիտութիւն: Դա միաժամանակ Աւետարանի ողբերգանքը չէ. «Յիւրսն եկն եւ իւրքն զնա ոչ ընկալան»: Դա մի ուսմունք չէ «բոլորի եւ ոչ ոքի համար», այլ միայն ընտրեալների: Դա կանչ է` ուղղւած միայն նրանց, որոնք ընդունակ են բարոյական նորոգումի: 
    Հոգենորոգչական շարժումը նախատեսում է ընտրանի: Ընտրանին նա է, որ սրտի կսկիծով ապրում է տխուր ներկան եւ հոգու աչքով տեսնում երջանիկ ապագան: 
    Տխուր չէ՞ մեր ներկան: Անհրաժեշտ չէ՞ երջանիկ ապագայ: Եւ ներկան մի բան չէ՞, որ պիտի յաղթահարւի: Ապագան չի՞ նւաճւում տագնապալի մարտնչումներով: Յաղթահարող, նւաճող ոյժը ո՞րն է: «Պատմազգաց ոգի՛ն» - ասում ենք մենք: Միայն դա՛, պատմազգաց ոգին է ընդունակ պատմութիւն երկնելու: 
    Տարօնականութիւնը, ահա՛, այս ոգու իմացումն է, եւ այդ նոյն ոգին վերանորոգաբար մշակելու աշխատանքը, ճիգը: Նրանք, որ այս բանը չեն հասկանում, ոգու թշնամիներ են` խառնւածքով: 
    «Կենդանեաւ մերով տեսաք զդիակունս անձանց մերոց»,- այսպէս էր ասում Եղիշէն: Այդ ողբերգութիւնից Մամիկոնեան հայերը ստեղծեցին նոր հերոսական: Պիտի ստեղծենք ե՛ւ մենք: Դա՞ւը, թշնամա՞նքը - թո՛ղ շարունակեն նրանք, որոնք ապագան չեն տեսնում: Ապագան տեսանողներինն է: 
    Ապագան տեսնում են նրանք, որոնք անցեալն ապրում են իբր ոգու յայտնութիւն, եւ պատմական արարչագործումը` իբր ոգու արժէքների շեղջաւորում: 
    Մեր ճշմարտութիւնները տեմպերամենտային ճշմարտութիւններ են - նրանք աճում են եւ աճման կամքը ներբնակ է: Միայն ոգու զգացողական ոյժերն են ներբնակ: Ոգում գործում է տիեզերաստեղծ ոյժի - դուք ասէք` Աստուծոյ - կամքը: Առանց մետաֆիզիկայի եւ օնտոլոգիայի,- բնազանցութեան եւ էաբանութեան,- կարելի չէ հասկանալ ոգին: Իրերի հիմքը այն չէ, ի՛նչ տեսանելի է պարզ աչօք: Ոգին ընդհանրապէս մատչելի չէ զգայնութեանց: Նրա ճշմարտութիւնները խո՛ր իմացաբանական են, էաբանական: Պատմութիւնը ռէալ դէպքերի արձանագրութիւն չէ, այլ` ոգու յայտնութիւն: Առանց ոգու իմացութեան` կարելի չէ հասկանալ պատմութիւնը: Ամէն բան չի լինում գիտացեալ իրերի կամքով: Շա՛տ բան, եւ ճակատագրականը, լինում է անգիտակցականի - դուք ասէք` Աստուծոյ - կամքով: Յաղթանա՞կ - դա հնարաւոր է, երբ մետաֆիզիքական ոյժերն են մարտնչողի առաջնորդը, երբ վերջինն զգում է, որ բացարձակ մի ոյժ է գործում իր մէջ: 
    Այդպէս չէի՞ն Մամիկոնեանները - աստուածահաղորդ: Այդպէս չէ՞ր Մեսրոպը, որ ըստ հայոց պատմութեան վկայութեան, նախ ձուլւեց աստւածայինին եւ ապա հնարեց մեր երկրի լոյսը: Ղեւոնդ Երէցը չէ՞ր ասում, որ ինքը խօսել է Աստուծոյ հետ: 
    Այդպէս էին նրանք, եւ դրա շնորհիւ էր, որ նրանց օրերի Հայաստանը հզօր էր` անգամ իր պարտութեան մէջ: 
    Տարօնական հայը աստւածահաղորդ է, աստւածախօս - ստեղծիչ կրօնական զգացումի եւ պատմակերտ ոգու: 
    Տարօնականութիւն - դա մեր պատմութեան իրրացիոնալն է, անգիտակցականը, ոգու այն տարերքը, առանց որի իմացութեան` անհնար է խօսել ճակատագրի հետ: 
    Այն բոլորից յետոյ, ինչ որ տեսանք. Դէր-Զօրից, Կարսից յետո՞յ էլ հարց չտանք.- «Որտեղի՞ց ենք գալիս, ո՞ւր ենք գնում»: 
    Մենք գալիս ենք մի աշխարհից, որի բոլոր իրականութիւնները սարսափի երազներ վիժեցին: Մենք գնում ենք դէպի մի երազ, որ իրականութիւն պիտի դառնայ: 
    Երբ չկայ պատմաստեղծ ոգու առաջնորդութիւն` իրականութիւնը կը դառնայ երազ - երազ չէ՞ այսօր երէկւայ մեր երկիրը, իր բոլոր իրականութիւններով: 
    Երբ կայ այդ ոգու առաջնորդութիւնը` երազները իրականութիւն կը դառնան - վաղը իրականութիւն պիտի չդառնա՞յ Հայաստանը: 
    Որպէսզի այդպէս լինի` դարձէ՛ք դէպի ոգին: Մի՛ թշնամացէք, այլ հասկացէ՛ք, որ անոգի ժողովուրդը միութիւն, ոյժ եւ ապագայ չունի: «Դա՛րձ դէպի ոգին»:
    Չէ՞ք լսում ի՞նչ ենք ասում. մենք ասում ենք` հոգեւոր վերանորոգում, տարօնատիպ հզօրահոգի հայ մարդու վերակառուցո՛ւմ, հայակերտո՛ւմ: 
    Եւ ուրիշ ոչի՛նչ: 
    Մնացեալը մենք թողնում ենք քաղաքագէտներին, կուսակցութիւններին եւ ցանկանում, որ նրանք իմաստուն լինեն եւ զօրաւոր: 

«Տարօնի Արծիւ», 1938թ., թիվ 5-6
Կարգ: Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Ավելացրել է: ANI (15-Մյս-2011) Դիտումներ: 877 | Պիտակներ: ժողովուրդ, Տարոնականություն, Հայրենիք, ազգային գաղափարախոսություն, Հայկ Ասատրյան, Ազգ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]