// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

ՀԱՅՈՑ ԳՐԱՒՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԷՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ 

Ազգային անձնաւորութեան արձանացումը
Հայ գրականութեան մէջ

    Ապրումով խորհրդապաշտ, մտածումով բանապաշտ մի էակ է հայը: 
  Հոգեբանական այս գծերի փոխադարձ ազդեցութեամբ` հայու ցայտուն տիպը հանդիսանում է ո՛չ միայն մոլեռանդ գաղափարապաշտ, այլեւ` իր որդեգրած գաղափարների բանական ողբերգու: 
    Այսօրինակ մարդու էութիւնը լեցնում է` հոգեւոր տառապանքը: 
    Այդպիսին` տառապապաշտ է, որով` կրաւորական հերոսացումի տիպար: 
    Ներգործական բնոյթի ամէ՛ն ոգորում կամ արձանացում ծագում է նրա ոգու ովկիանի տառապագին խռովքից: 
    Այստեղ` ստեղծագործութեան արմատական ազդակը տանջանքն է - հոգեւոր ցաւը: 
    Տակաւին հեթանոս հայը տիեզերքն ապրում էր իբր ցաւի մի հանգոյց: 
    Տիեզերական երկունքից է ծնւում հայոց պատերազմական աստւածը - Վահագնը: 
    Հասկանալի է, որ տիեզերքի եւ սեփական մարտական կորովի մասին նման պատկերում ունեցող մի ժողովրդի ոգում, քրիստոնէութեան գաղափարականը պիտի գտնէր պարարտ մի դաշտ: 
    Անշո՛ւշտ, հայոց քրիստոնէացումը պայմանաւորւում էր, նաեւ, պատմականօրէն հասունացած գործնական մի պահանջով: 
    Նրանով` հայը ձգտում էր քաղաքականապէս ինքնուրոյն դառնալու բաղձանքին` հրատապ մի խնդիր, որի լուծման համար անհրաժեշտ էր Հայաստանի եւ հարեւան աշխարհակալ ոյժերի միջեւ - Հռոմ եւ Պարսկաստան - կրօնա-մշակութային արժէքների եւ հոգե-բարոյական ըմբռնումների մի անջրպետ ստեղծել: 
    Սակայն, Արեւմուտքի վերահաս քրիստոնէացմամբ, Հայաստանը հոգեպէս խրամելու այս խիզախ քայլի հետեւանքները դարձան խնդրական: 
  Տրդատն ու Լուսաւորիչը, տեսականօրէն, խնդրին մօտեցան` հմտութեամբ, գործնականում, սակայն, մատնւեցին` ճակատագրական մի սխալանքի:
    Նրանք, ըստ արժանւոյն, ըմբռնել էին իրենց ժողովրդի հոգեբանութեան շեշտւած մէկ գիծը - հոգեկան կենտրոնացման բարձր ընդունակութիւն, սակայն անտեսել էին քրիստոնէական ուսմունքի յատկանշական մէկ տրամադրութիւնը - աշխարհաքաղաքացիութիւն (կոսմոպոլիտիզմ): 
    Իբրեւ աշխարհային ցաւի փիլիսոփայութիւն` քրիստոնէական վարդապետութիւնը պատշաճում էր հայկական տառապապաշտ ոգուն, որով` նոր կրօնը մեր ցեղի հոգեկան կենտրոնացման ընդունակութեան շնորհիւ, կարճ ժամանակում, կարող էր դառնալ ժողովրդական հոգեբանութիւն: Այդպէս էլ եղաւ: 
    Իբրեւ աշխարհաքաղաքացիական ուսմունք, սակայն, քրիստոնէութիւնը չէր համապատասխանում հայու քաղաքական երազանքներին եւ խորթ էր հայ ժողովրդի անջատական հոգեբանութեան: 
  Այս հակասութեան հետեւանքով քրիստոնէութիւնը, հենց սկզբից, Հայաստանի պատմութիւնը դրեց առեղծւածային մի շրջանակում եւ ծնունդ տւեց զանազան երանգներով եւ փոփոխակներով արտայայտւող կամ կերպաւորւող, բայց ամբողջ անցեալում մեր կեանքի ընթացքը դրոշմող ողբերգութեանց մի շղթայակցութեան. սկզբում` պայքար ազգի քաղաքական եւ հոգեւորական հաստատութեանց միջեւ, ապա` պայքար ազգայնացւած միաբնութենական եւ արեւմտեան ընդհանրական երկբնութենական դաւանական ըմբռնելակերպերի միջեւ, միւս կողմից` պայքար հայ-քրիստոնէական միարմատեան (մոնիստական) գաղափարապաշտութեան եւ պարսիկ-զրադաշտական երկարմատեան (դուալիստական) ներգործապաշտութեան միջեւ, ավելի՛ ուշ` պայքար քրիստոնէական բանապաշտության (ռացիոնալիզմ) եւ իսլամական զգայապաշտութեան (սենսուալիզմ) միջեւ, վերջապէս, մեր օրերում, պայքար ազգայնական-դաշնակցական գաղափարապաշտութեան եւ հակակամ ապազգայնական-մեծամասնական նիւթապաշտութեան միջեւ: 
    Այս բոլոր ոգորումները մէկ յայտարարի բերելով, յստակօրէն պիտի տեսնենք, որ հայոց ողբերգութիւնը պայմանաւորւում է ազգայնականի եւ աշխարհաքաղաքացիականի աններդաշնակութեամբ եւ հակամարտութեամբ` նախ` հայ ոգում եւ ապա` հենց դրա հետեւանքով` պատմութեան մարզում
    Նախաքրիստոնէական շրջանում էլ կար այս հակամարտութիւնը - նա արտայայտւում էր իբր իրանական եւ հելլէնական մշակոյթների բաղխում - բայց ինչ քրիստոնէութիւնը սաղմնաւորւեց Հայաստանում` մինչեւ այսօր էլ, անյաղթահարելի անէծքի պէս ճմլում է մեր սիրտը: 
    Սկզբում, քրիստոնէական յորձանքը Հայաստանում առաջ բերեց ոգիների, արժէքների, ըմբռնումների, էութեանց մի շփոթ: 
    Ամբողջ Դ. դարը հոգեւոր տարանջատման, ներքին պայքարի մի շրջան է: Ժամանակի հայը օրօրւում է ազգայնականութեան եւ աշխարհաքաղաքացիականութեան միջեւ: 
    Եւ դրա հետեւանքը լինում է ա՛յն, որ մի կողմից Հայաստանի դռները բացւում են ասորա - յունական մշակոյթի որոշ արդիւնքների առջեւ - աշխարհաքաղաքացիութեան յաղթանակ - միւս կողմից` նւաստանում է երկրի քաղաքական դրօշը-ազգայնականութեան պարտութիւն: 
    Որքան էլ պարտւած, սակայն եւ այնպէս, ազգայնականութիւնը չի զինաթափւում, իսպառ, եւ յետ-Նիկիական շրջանում, հայութիւնը կանգնում է բարդ մի կնճիռի առաջ. ինչպէս անձնաւորւել. վերածւել սոսկական մտօք քրիստոնեայ մի էակի՞, թէ՞ նոր վարդապետութիւնը կաղապարել ըստ ցեղային նկարագրի, ստորադասաբար ներձուլել` նրան: 
    Դ. դարու վերջերում - աւա՜ղ, արդէն ուշացած-ընդնշմարւում է հայկական էութեան ամենացայտուն մէկ գիծը - իւրացւած գաղափարները ցեղայնացնելու կամ ցեղօրէն դրոշմելու գիծը: Մեծն Ներսէսը քրիստոնէական աշխարհաքաղաքացիութիւնը փոխարինում է ներցեղային բարոյականով, Աւետարանի կարեկցանքի ուսմունքը, գործնականում, կապում է իր ժողովրդի առողջապահութեան խնդրին եւ հարթում` քրիստոնէութիւնն ազգայնացնելու ուղին: 
    Ե. դարը գալիս է հաստատագրելու, որ հայկական էութիւնը գաղափարները ներձուլման ենթարկող մի զօրոյթ է եւ ո՛չ թէ օտարամուտ գաղափարների ազդեցութեամբ` տարրալուծւող մի տկարութիւն: 
    Եթէ Գ. դարու վերջերին հայերը իրենց ազգայնականութիւնը փրկելու յոյսով զինակցեցին քրիստոնէութեան - ապա, Ե. դարում, քրիստոնէութիւնը ինքզինքը փրկելու համար` ստիպւեց զինակցել հայ ազգայնականութեան: 
    Ե. դարու հայ կեանքի խորհուրդն ու իմաստը հենց ա՛յն յաղթանակի մէջ է, որ տանում է ազգայնացւած քրիստոնէութիւնը` քրիստոնէական աշխարհաքաղաքացիութեան դէմ - մի երեւոյթ, որ արդիւնք է հայ ազգի ցեղային հուժկու խառնւածքի, ցեղային ոգու ընդդիմադիր կորովի:
    Բնորոշ է, որ մեզ ծանօթ հայկական գրականութիւնը մի զուգերեւոյթ է ցեղային ոգու ինքնարձանացման փորձի: 
    Է՛լ աւելի յատկանշական է, որ հայոց գրերի հեղինակը` Մեսրոպ, հայկական ռազմական կորովը խորհրդանշող Մամիկոնեանների հայրենիք, նւիրական Տարօնի մէկ որդին է եւ հայկական բանակի` մեկ սպան: 
  Իբր մշակութային գործիչ, Մեսրոպը պատմական խոշոր դէմք է, բայց նա աւելի՛ խորհրդաւոր է իբր հոգեբանական տիպ, իբր հայ ցեղի ներքին ուժականութիւնը մարմնացնող տիպար: 
    Եւ նրա մեծութիւնը հե՛նց այս վերջին հանգամանքի մէջ է, մինչ իբր պատմական անձնաւորութիւն նա շա՛տ ուշ յայտնւեց մեր կեանքի հորիզոնում: 
    Այլ, բոլորովին այլ կը լինէր մեր ճակատագիրը, եթէ նա մէկ դար առաջ ծնւած լիներ: 
  Մեսրոպի գործի յաղթանակից յետոյ, յունա-ասորական ազդեցութեան վտարումը Հայաստանից եւ յետ-Քաղկեդոնեան շրջանի դաւանական ոգորումները տրամաբանօրէն պիտի դառնային` անխուսափելի: 
  Քրիստոնէութիւնը ձուլւեց հայ ազգային ոգուն եւ հոգեբանական իւրայատուկ մի համադրումով` հայը հանդիսացաւ քրիստոնեայ մարդու մէկ տիպար`«հայ-քրիստոնեայ»: 
    Այս համադրութիւնը - «հայ քրիստոնէական» - դարեր շարունակ դառնում է հայ գրականութեան նիւթը: 
 Դրա շնորհիւ` հայոց գրաբարեան շրջանի ամբողջ մատենագրութեան մէջ տիրական է ազգայնօրէն երանգաւորւած դաւանական գրականութիւնը եւ դավանօրէն երանգաւորւած ազգային պատմագրութիւնը: 
  Երկու գլխաւոր այս սեռերին զուգահեռ, բայց նրանց ստւերի ներքոյ, զարգանում են մի կրօնա-բանաստեղծական եւ մի փիլիսոփայական-գիտական գրականութիւն: 
    Ստեղծագործական այս բոլոր ստորոգածներն իրենց բոլոր ուղղութիւններով, ընդհանուր առմամբ, համակւած են յատկանշական մէկ միտումով` հաշտեցում կամ համադրում տրամապաշտութեան (լոգիզմ) եւ խորհրդապաշտութեան (միստիցիզմ): Որքան էլ հայոց մեծագոյն հանճարների մոտ խորհրդապաշտութեան կապանքների մէջ  մնալու` բռնազբօսիկ մի ճիգ է նկատւում, այնուամենայնիւ, հայ ստեղծագործութեան բնական շեշտը պահում է իր համադրական գիծը: 
    Համադրական այս բնաճիգն օտար քննադատներին մտածել է տալիս, թէ հայ ստեղծագործութեան էութիւնը կայանում է Արեւելքի եւ Արեւմուտքի մշակութա-քաղաքակրթական ոգորումները համադրելու փորձի մէջ: 
    Մեզ թւում է, որ այս եզրակացութիւնն արդիւնք է սխալ դիտողութեան. յամենայն դէպս հայ մտածողները (ո՛չ իսկ բանաստեղծները) ո՛չ նման գիտակցւած ճիգ են ցուցահանում, ո՛չ էլ գրական որեւէ մարզում, Արեւելքն Արեւմուտքին կարկատելու փորձով զբաղւում: 
    Մեր խորին համոզումով, հայ ստեղծագործութեան մէջ արտայայտութիւն ստացած համադրական ձգտումը հետեւանք է ո՛չ թէ Արեւելքն Արեւմուտքին զօդելու առարկայական, արտա-«ես»-եան պահանջի, այլ` մարդու ենթակայական, ներ-«ես»-ային ոգորումների: 
    Արդէն պատմութեան վիճակած դառն ճակատագիրը հայ ստեղծագործին պիտի ստիպէր մարդկային ոգու տարանջատման ողբերգութիւնն աւելի՛ խոր կերպով ապրելու, որով նաեւ, մարդու ապրում-մտածումի բեւեռները ներդաշնակելու բաղձանքին աւելի՛ բուռն կարօտով ձգտելու: 
    Պատահականութիւն չէ, որ բոլոր ժամանակների հայ մեծագոյն հանճարը - Գրիգոր Նարեկացի - հենց այս խնդիրը դարձրեց իր երկասիրութեան նիւթը: 
    Նարեկացին, սակայն, այս կնճիռն ապրեց իբր սեփական ոգու ողբերգութիւն: 
    Հետեւա՞նքը: 
    Ահաւոր կերպով տքնեց նա եւ տառապեց. մտածող-բանաստեղծի հզօր երեւակայութիւնը սարսափներ վիժեց. ճի՛շդ է, մեծ երկ ստեղծեց, բայց դուրս չեկաւ «երկու հոգիների պայքարի» ջրապտոյտից: 
    Զգայական ու բանական աշխարհները, Բնականն ու Գերբնականը, մինչեւ վերջ էլ նրա համար մնացին հակադիր մարզեր, եւ Բացարձակին ապաւինելու, նրան ձուլւելու յոյսը` մխիթարութեան մի կիսամիջոց միայն, նոյնիսկ` մի պատրանք: Նարեկացու ողբերգութեան մէջ խորհրդապաշտական տարրի կիրարկումն արդիւնքն է ա՛յն զգացումի, թէ բանապաշտութիւնն անզօր է մարդու էութեան հանգոյցը լուծելու: 
Յուսահատւելով մտածումից` նա դիմում է իր «երկրորդ», զգացական «ես»-ին եւ ճգնում խորհրդապաշտութեան միջոցով շարժման մէջ պահել տրամապաշտութեան ուժաթափ թեւերը: Այդ փորձի հետեւանքով բանապաշտ փիլիսոփայի երկասիրութիւնն երանգաւորւեց խորհրդապաշտ բանաստեղծի գունեղ յոյզերով: Արտաքին ներկը, սակայն, չապահովեց ներքին համադրումը, առեղծւածը մնաց անլուծելի եւ հեղինակի «ես»-ը` ողբերգօրէն պառակտւած: 
    Աւելի՛ն: 
   Մեզ թւում է, որ Նարեկացու ողբերգութիւնը բարդացաւ հե՛նց տրամապաշտութեան ու խորհրդապաշտութեան զօդման այս փորձի շնորհիւ: 
    Համադրական ճի՞գ... Բայց աշխարհի բեւեռների ներհակութիւնը, կեանքի անկամրջելի պառակտումը քչեր, շա՛տ քչեր ապրեցին կամ ապրում են դառնագին այնպիսի յոռետեսութեամբ, ինչպէս` մեր փիլիսոփայ-բանաստեղծը: 
    Մինչեւ այսօր Նարեկացուն հաւասարածին մի հանճար չունեցանք, որով` հայ գրաւոր ստեղծագործութեան մէջ, տրամապաշտութեան եւ խորհրդապաշտութեան ներդաշնակման խնդիրը մնաց մի հանելուկ: 
   Ահա՛, ներհոգեւոր համադրման այսորակ ոգորումներն են, որ օտար դիտողներին արեւելեան եւ արեւմտեան մշակոյթների ներդաշնակման փորձերի խաբկանք են տալիս: 
    Ասւեց, որ հայ ստեղծագործողները նման փորձ չեն արել եւ չէին կարող անել հետեւեալ պատճառներով.
    ա) Հայկական Բարձրաւանդակը բնական իւրահատուկ մի մարզ է: Շրջակայ երկրներից այնտեղ թափանցող բնագծերն ենթարկւելով երկրի ներձուլական քմահաճոյքին, չեն կարողանում աղօտել Բարձրաւանդակի խստօրէն անջատական նկարագիրը: 
    Այս համեմատութեամբ Հայաստան հասնող հոգեւոր տեսակի հոսանքներն էլ կրում են ո՛չ թէ կաղապարեալ արժէքների, այլ` ձուլելի տարրերի բնոյթ: 
    Ինչպէս որ շրջակայ երկրների բնագծերն ենթարկւում են Հայաստանի բնութեան քմահաճոյքին - այդպէս էլ` օտարամուտ հոգեւոր տարրերը հայ հոգու արւեստագործ կորովին: Դրանք չե՛ն կերպադրւում, այլ` կերպափոխւում են, չե՛ն դառնում ստեղծագործական հիւսւածքի թելեր, այլ` օգտագործւում են իբր հում նիւթ, ցեղային արւեստի ինքնարձանացման համար: 
    Այսորակ առաջընթացն արդէն, ո՛չ է՛ համադրական (սինտետիկ), ներձուլական (ասիմիլատիւ): 
    բ) Բարձրաւանդակի արիա-արմենական ժողովուրդը շրջապատւած լինելով թշնամի ցեղերով, ստիպւած էր ընդդիմադիր ոգի սնուցանել դէպի օտարները, որով նաեւ` դէպի նրանց մշակութային բովանդակութիւններն ու արժէքները: 
    Ճի՛շդ է, քաղաքակրթութիւնը փոխանցւում է նաեւ թշնամութեամբ եւ նրա առաջատար միջոցներից մէկը հե՛նց միջցեղային պատերազմներն ու բաղխումներն են, բայց այստեղ խօսքը քաղաքակրթութեանց փոխանցման ձեւերի մասին չէ, այլ` արժէքների որդեգրման: 
    Կարելի է թշնամուց շա՛տ բան սովորել, բայց ընդդիմամարտի կողմից նրա մշակութային արժէքները, միշտ էլ ժխտւում են: 
    Արժէքների պայքարը տարբեր հոգեբանական տիպերի ճշմարտութեանց պայքար է, իսկ ո՛չ մէկ դէպքում մարտնչողն այնքա՛ն ժխտական չէ դեպի թշնամին, որքան սոյնորակ պայքարում: 
    Արեւելեան մշակոյթ ասելով հասկացւում է իրանական քաղաքակրթութիւնը, մոնգոլ-թաթարական կիսա-քաղաքակրթութիւնը եւ իսլամական կրօներանգ մշակոյթը, իսկ պատմութիւնը վկայում է, որ գրական կեանք ունենալուց յետոյ, հայերն այս բոլորի հանդէպ գարշանքից բացի այլ զգացում չեն ունեցել: 
    Այս իրողութեան պատճառն ա՛յն է, որ հայերը ցեղաբանօրէն մոնգոլներին բոլորովին խորթ են, արաբների հետ ոչ մէկ կապ չունեն, իսկ պարսիկներին կապւում են միայն հեռաւոր, գրեթէ, աղօտւած մի գծով: 
 Ցեղաբանական տարբերութիւնները պատճառում են հոգեբանական խորթութիւն, իսկ վերջինս` արժէըմբռնումների հակամարտութիւն: 
    Միւս կողմից, հայերը ցեղային բազմաթիւ գծերով կապւած են փոքր-ասիական հին ժողովուրդներին եւ յոյներին, ինչպէս նաեւ մէկ գծով` հրէական որոշ ցեղերին, եւ կապւած են արեւմտեան ազգերին, յատկապէս այսպէս կոչւած ալպեան ցեղին: 
    Քրիստոնէութիւնն արդիւնք էր հելլէնա-հրէական հոգեմշակութային ոգորումների - այս ժողովուրդների մշակոյթների փոխադարձ ազդեցութեան, որով` նրա որդեգրումն հայերի կողմից` հոգեբանօրէն, ըստ ամենայնի, հասկանալի է: 
    Է՛լ աւելի հասկանալի է հայոց ողբերգական սէրը դէպի արեւմտեան էութիւնը: 
    Արեւմտեան էութիւնը հայը պատկերում է իբր պայծառ եւ հարազատ մի գիծ, արեւելեանը` մութ եւ խորթ, նա համարւում է մաքրութիւն, սա` ապականութիւն, նա` դրախտ, սա` դժոխք: 
    Արժէքաւորման այս խոտորնակ չափանիշը հոգեբանօրէն անկարելի պիտի դարձնէր արեւմտեան եւ արեւելեան էութեանց համադրման որեւէ ճիգ: 
    Էապէս, Արեւելքն ու Արեւմուտքը հայն ապրում ու զգում է իբր հակադրութիւններ: 
    գ) Կարեւոր մի ազդակ է նաեւ հայոց անհատապաշտական հոգեբանութիւնը: Սրանով է պայմանաւորւում հայոց ազգային անձնաւորման կերպը ստեղծագործութեան մարզում: Անհատապաշտը հոգեբանօրէն ձգտում է տարբերական տեսակի ինքնարձանացման: Նա չի հանդուրժում որեւէ իրաւախոհութիւն: Անգամ համամարդկային գաղափարներ որդեգրելիս, նա չի մոռանում ինքնածին մի ներկ տալ նրանց` իր էութիւնը շրջապատին խստօրէն հակադրելու մտահոգութեամբ: Քրիստոնէութիւնը լուսաւորչական դաւանութեան, ընկերվարութիւնը Հ.Յ. Դաշնակցութեան միջոցով ազգայնացնելու հայկական ճիգը հետեւանք է ինքնահակադրման այս հոգեբանութեան: 
    Տարբերւելու այս հակման շնորհիւ, ինչպէս յայտնի է, հայոց ազգայնացւած քրիստոնէութիւնն ստացաւ ցեղի կրօնական անձնաւորման բնոյթ եւ իբր այդպիսին ո՛չ արեւմտեան եկեղեցիների դաւանութեանց որեւէ զիջում արեց, ո՛չ Արեւելքի հակաքրիստոնէական յորձանքներին տեղի տւեց, ո՛չ էլ զրադաշտականութիւնը կամ իսլամը քրիստոնէութեան հետ հաշտեցնելու փորձութեան դիմեց: 
    Այդպէս, նաեւ հայոց գրաւոր ստեղծագործութիւնն ո՛չ զուտ արեւմտեան հունով ընթացաւ, ո՛չ արեւելեան կաղապար ստացաւ, ո՛չ էլ արեւելեան եւ արեւմտեան ներհակ ոգորումների արդիւնքներն ի մի ձուլելու տենչանքն ունեցաւ: 
 Հայկական խորհրդապաշտութիւնը զերծ մնաց արեւելեան վայրագ գունագեղութիւնից, իսկ բանապաշտութիւնը` արեւմտեան յաճախ անգոյն սառնութիւնից: 
    Այս տարբերութիւնն ոմանց կարող է միջին մի ճանապարհ, եզրերը հաշտեցնող մի եղանակ թւալ, սակայն, նա մնում է տարբերութիւն, իսկ տարբերութիւններն ո՛չ համադրական կառոյց են ընձեռում, ո՛չ էլ` փորձ: 
    դ) Այս բանաձեւումներն աւելի լրացւում են, քան ժխտւում հայ ճարտարապետական արւեստի էութեան հմտօրէն ծանօթ Ստրժիգովսկու ա՛յն պնդումով, թէ «հայոց անձնաւորութեան» արձանացումը «յատկապէս ճարտարապետութեան մէջ է երեւան գալիս» (Strzygowski, Die Baukunst der und Europa, հատոր Բ, էջ 582):
    Եթե Ստրժիգովսկին հայ գրաւոր ստեղծագործութեան մէջ հայկական անձնաւորութեան դիմորոշումը չի նկատում, ապա` այդ պիտի բացատրել, թերեւս, այն իրողութեամբ, որ մեր գրական արդիւնքների մէջ քանակապէս ահագին տեղ են գրաւում կրօնական բանաստեղծութիւնն ու աստւածաբանական երկասիրութիւնները: Իրականում, այդ «անձնաւորութեան» մենք հանդիպում ենք հայ ստեղծագործութեան բոլոր բնագաւառներում: Անգամ` կրօնական բանաստեղծութեան մարզում, վրիպաբար միայն, կարելի է չնկատել նրա պայծառ դէմքը: 
    Ի՛նչ վերաբերում է աստւածաբանութեան, հարկ է հաստատագրել, որ գրական մի սեռ է, որում, ընդհանրապէս, աղօտւում են ազգային անձնաւորութեան առանձնայատկութիւնները: 
    Եւ սակայն, անգամ այս մարզում, հայ աստւածաբաններն աւելի՛ մեծ չափով ու խնամքով ծառայում են իրենց ցեղային անձնաւորութեան արձանացման գործին, քան քրիստոնէական միւս դաւանութեանց տեսաբանները: 
    Աւելի՛ն: 
    Հայ աստւածաբանութիւնն անողոք պայքար մղելով զրադաշտական եւ իսլամական կրօնների, ինչպէս նաեւ արեւմտեան դաւանութեանց դէմ, հանդիսանում է հայ ազգային էութեան պահպանման ամենանշանակալից ազդակներից մէկը: 
    Է՛լ աւելին: 
    Արտայայտչական իր կերպերով, հայ աստւածաբանութիւնը թողնում է ա՛յն անայլայլ տպաւորութիւնը, որ նա մեր ցեղային ուժականութեամբ (դինամիկա) պայմանաւորւած ազգային ընդվզական ոգու ամենահուժկու մի արձանացումն է: 
    Վիճական եւ ընդդիմամարտ իր նկարագրով, հայ աստւածաբանութիւնն էլ, իր հերթին, մեզ ներկայանում է ո՛չ թէ իբր համադրման գործ, այլ` իբր հակադրական ույժ: 
    Ամփոփելով այս հատւածում արծարծւած մտքերը, պիտի եզրակացնել. 
    ա) Հայկական Բարձրաւանդակը, դրսից թափանցող բնագծերը ներձուլելով, շրջակայ երկիրների նկատմամբ` կարկառւում է իբր ինքնատիպ, հակադրական եւ անջատական մի բնամարզ: 
 բ) Շնորհիւ բնական այս իրողութեան ներազդեցութեան, հայը ժառանգել է անհատապաշտական հոգեբանութիւն, որով` շրջապատի նկատմամբ իբր ինքնատիպ, հակադրական եւ անջատական հոգեւոր էակ արձանանալու ընդունակութիւն: 
 գ) Արիա-արմենական ցեղագծերի փոխադարձ ազդեցութեամբ, հայու ապրումը դրոշմւում է չափաւոր խորհրդապաշտութեամբ, մտածումը` չափաւոր բանապաշտութեամբ, իսկ նրա էութիւնը` սոյն գծերի իրաւախոհութեամբ կամ նոյնիսկ` համաձուլմամբ:
  դ) Այս գծերի շնորհիւ հայկական ստեղծագործութիւնն արեւելեան եւ արեւմտեան ոգորումների նկատմամբ` ցուցահանում է տարբերական շեշտւած ոգի եւ ի վերջոյ, ստանում է ազգայնօրէն անձնաւորեալ դիմագիծ: 
   ե) Այս անձնաւորումը յստակօրէն արձանանում է նաեւ հայոց գրաւոր ստեղծագործութեան մէջ: 

«Խռովք», 1932թ
Կարգ: Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Ավելացրել է: ANI (09-Մյս-2011) Դիտումներ: 772 | Պիտակներ: ժողովուրդ, հայ գրականություն, Ցեղ, ազգային գաղափարախոսություն, ՆԱՐԵԿԱՑԻ, մաշտոց, Հայկ Ասատրյան, Ազգ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]