// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ  ԲԱՐՁՐԱՒԱՆԴԱԿԻ  ԿԵՐՊԱՏՈՒ   ԳՈՐԾՕՆՆԵՐԸ   ԵՒ   ԿԵՐՊԱՐԱՆԸ

Իրանական եւ Փոքր-ասիական սարահարթների նկատմամբ բարձրադիր եւ հիւսիսանիստ, Ռիոն-Կուրի հովիտների եւ Միջագետ-Սիրիական հարթաստանների հանդեպ վիթխարակարկառ տանիք, Խորենացու բնորոշումով` իրօ՛ք «հանուրց հիւսիսականաց վեհագոյն» մեր բարձրաւանդակը, կազմւած է խտօրէն խմբւած լեռնածալքերից: 
    Հայաստանն այնտեղ է, ուր երկրաբանական ահարկու դինամիկան Մեծ Սարահարթի ամենասեղմւած պատերը պարոյկաձեւ մի գալարումով շուռ է տւել դէպի հիւսիս եւ ընծայել- համասարահարթային իմաստով` մի «լեռնապարանոց», առաջաւոր ասիական տեսակէտով` կիսալուսնակերպ մի «լեռնակղզի»: 
    Լեռնագօտիներու իրար հեծնելու, իրարու վրայ թափւելու մոլուցքը եւ շրջակայ իրականութիւնների - Սեւ ու Կասպից ծովերը, Ռիոնն ու Կուրը իրենց հովիտներով` հիւսիսից, Հնդկաց Ովկիանոսի եւ Միջերկրականի ցռուկները եւ սրանց միջեւ ընկած Սիրիական բնութիւնը եւ Միջագետեան հարթաշխարհը` հարաւից - ճնշման օղակը, անկասկածօրէն մեր բարձրաւանդակը լեռնային վայրի մի բաւիղի կը վերածէին, եթէ ասպարէզ չգար ընդդիմադիր մի ոյժ: 
    Այդ ոյժը Հայաստանի բնութեան ահարկու հրաբխականութիւնն է: Դա այնպէս է ցնցել իր մարզը, որ այնտեղ երկրաբանական խաւերի կանոնաւոր դասաւորում ի զուր է փնտռել: Իրար են խառնւած իրենց ծագումով երկրաբանական տարբեր ժամանակների պատկանող, իրենց հանքային բաղկացութեամբ անհամասեռ խաւերը: 
    Յաճախ է պատահում, որ ո՛չ միայն ամբողջական եւ միազանգ մի գօտու հատւածներից, այլեւ սրանց մասերից ոմանք կրում են եռախաւեան շրջանի ծալագծերի կնիքը, ոմանք` աւելի հին, ոմանք` աւելի նոր: Նոյնանման անկանոն յարաբերութիւններն են ներկայացնում նաեւ հանքային շերտաւորումները: 
    Ահարկուօրէն տարերախառն է եղել Հայոց Աշխարհի բնայեղափոխութիւնը: 
    Բարձրաւանդակի հուժկու գօտիները, որոնք սկզբնական շրջանում, գրեթէ, համաձոյլ էին, մասնատումի ենթարկւեցին միջախաւեան (միոթենական) մինչեւ նոր ժամանակների հրաբխականութեամբ, նոոգահողեան (պլիոթենական) մինչեւ վերջնագոյն շրջանների կեղեւների շարժմամբ ու կծկումներով: 
    Երկրաբանական երրորդական խաւի (եռախաւ, տերցիէր) շրջանում յատկապէս, լեռնածալքերը կրկին եւ կրկին խորտակւեցին եւ նրանց կեղեւները` ուժգնօրէն նետւեցին այս ու այն կողմ: 
    Այն ժամանակներում Հայաստանը նման էր վիթխարի մի հնոցի, որում գալարւում էին կրակէ սիւներ` ո՛չ միայն շարժելով լեռները, այլեւ պայթած ռումբի կտորների նման ցրելով նրանց մասերը: 
    Հայաստանն ա՛յն աշխարհն է, ուր երկրաբանական դինամիկան լեռներ է շարժել: 
    Ա՛յն տեղերում, ուր փխրւում էին երկրի կեղեւի ներքուստ ճնշւող մասերը` բղխում էին հրահոսի (լաւա) ահռելիօրէն տիեզերայորդ շատրւաններ, որոնք նախ հրացայտում էին որոտացող գագաթներից վեր, ապա վիշապահոս կրակէ գետերի պէս` թափւում ցնցումներից դողացող լեռների լանջերից: 
    Ահարկու բնայեղափոխութեան վերջի շրջաններում, երբ նւազել էր կրակի մոլեգնութիւնը, որոշ պատռւածքներ լեցւելով ջրով` ձեւացրեցին բազմաթիւ լճեր, որոնք տակաւին որոտացող հրաբերանների հետ` երկրին տւին ճշմարտօրէն «հրոյ եւ ջրոյ» մի աշխարհի նկարագիր: 
    Նորանոր ցնցումների հետեւանքով - հաւանաբար, ա՛յն ժամանակներում, երբ երկրի ընդերքից սկսեցին արտավիժել հսկայաքանակ հրաբխանիւթեր եւ կարկառել մեր աշխարհի մեծափառ կոները` Մասիս, Արագած, Սիփան, Սուկաւ, Նեբրովթ, եւն.- այս լճերից շատերի պատերը ճեղքւեցին եւ անդնդախոր պատռւածքների միջով, յատկապէս այժմեան մեծ ջրերակներից Արածանի, Եփրատի եւ Արաքսի գծերով, նրանց, այդ լճերի բովանդակութիւնն արտահոսեց երկրից դուրս` հեղեղելով Միջագետքն ու մերձ-կասպեան հարթաշխարհը, սրանց պարգեւելով կենսատու ջուր եւ արգասաբեր տիղմ: 
    Երկրաբանական վերջնախաւի շրջանում միայն, մեր աշխարհը կարողացաւ ստանալ իր այսօրւան կերպարանը` պահելով լռած կամ դեռեւս որոտացող վկաները փոթորկալից այն ժամանակների - հրաբխային հսկայ կոներն ու հանգոյցները: Անգամ պատմական մերձաւոր ժամանակներում, մի շարք հրաբերաններ մերթ ընդ մերթ բորբոքւում էին: Նշանաւոր մի հնոց - Թոնդրակը - որոտում է դեռ այսօր: 
    Հայկական Բարձրաւանդակի երկրաբանական լինելիութիւնը դեռ շարունակւում է: Դեռ հիմա էլ մեր երկրի կուրծքը հսկայական մի ամբար է բնաուժական զօրոյթի: Բայց եւ այնպէս, նա այլեւս հրահոսների մարզ չէ, այլ` խաւերի ճնշումներով ու կծկումներով պայմանաւորւողերկրաշարժերի: Նոյնինքն զարզանդորոտ Թոնդրակը բաւարարւում է ծծմբախառն գոլորշի կամ եռման աստիճանի ցայտաղբիւրներ արտավիժելով: 
    Հայաստանը - դա հրահոսների եւ երկրաշարժերի, երկրաբանական անհուն դինամիկայի ա՛յն աշխարհն է, որի բնութեան բնորոշիչը, իսկական կերպատուն հրաբխային ներբնակ ոյժն է: 
    Այս գործօնի դերն աւելի մեծ է մեր երկրում, քան Նեղոսինը` Եգիպտոսում: 
    Հայաստանը պարգեւն է իր բնութեան հրաբխականութեան: 
    Դրա պարգեւն է նաեւ Միջագետքը` բնական ստեղծարժէք իր գծերով, հին բոլոր իր քաղաքակրթութիւններով: 
    Հրաբխային զօրոյթը - դա զարդանկարեց մեր երկիրը զմայլելի իր խորա - եւ բարձրաքանդակներով, գեղանի հովիտներով եւ վեհափառ գագաթներով: 
    Ի՞նչ կը լինէր Հայաստանն առանց Արարատեան, Բագրեւանդի, Տարօնի եւ կենսարժէք մշակումների ու բարձր մշակոյթի կարելիութիւն ընծայող միւս դաշտերի ու հովիտների: Իսկ դրանք` ցնցումների հետեւանքով երկրից արտահոսած լճերի յատակներ են: 
    Որքա՜ն աղօտ պիտի լինէր նրա կերպարանը առանց Արարատի, Արագածի, Սուկաւի, Սիփանի, Բիւրակնի, Նեմրութի եւ միւս վսեմական կոների ու հանգոյցների: Դրանք սակայն, հրաբխային հսկայական կարկառումներ են, հրաբխանիւթերի ահռելի շեղջաւորումներ: 
    Հովիտների եւ գագաթների հետ` երկրի բնանկարը լրացնում են լճային եւ գետային հարուստ ցանցերը: Բայց լճերը, ջրային մեծ արտահոսումի ժամանակ, փրկւեցին շնորհիւ իրենց խոռոչների խորութեան, որոնք հրաբխային խառնարաններ են, հրաբերանային սկաւառակներ: Լեռնային անթիւ աղբիւրներն էլ, որոնք մեծ բնայեղափոխութիւնից յետոյ, փոխարինեցին հրահոսի երակներին` վտակներ եւ մանաւանդ գետային ցանցեր կազմելու հնարաւորութիւն գտան, մեծ մասամբ ցնցումների պատճառած պատռւածքների շնորհիւ: 
    Պատկերօրէն` մեր բարձրաւանդակը կարելի է նմանեցնել Միջագետքի ալեւոր գլխին ծնկաչոք բազմած եւ բազկատարած մի հսկայի: Հսկան հագել է լայնաթեզանի մի պատմուճան, որի գորշ հիմնագոյնի վրայ փողփողում են մերթ յաւիտենօրէն սպիտակափառ, մերթ կանաչ, մերթ խայտերանգ գոհարներ - մեր աշխարհի հրաբխային վեհաշուք հանգոյցները եւ փառատեսիլ կոները: Մէջքին կապել է քառածալ եւ բազմածոպ մի գօտի - չորս մեծ լեռնապարերը եւ դրանց կայտառօրէն ճիւղաւորւող բազուկները: Պատմուճանի անհունօրէն երիզւող ծալքերից անցնում են արծաթագոյն անթիւ ժապաւէններ - հայաշխարհի լեռներից խուճապահար օձերի պէս իջնող, հովիտներում` վիշապօրէն ուռչող եւ կիրճերում` կայծակնօրէն ժայթքող փարթամ ջրերակները: Ուսերի վրայ եւ լանջքերին խայտում են բազմաթիւ կապոյտ պիտակներ - մեր երկրի անհանգիստ լճակները, որոնցից ոմանց ցամաքակեաց ժողովուրդը արժանացրել է «ծով» տիտղոսին: 
    Պատմուճանը խնամքով ասեղնագործւած է մերթ խայտաբղէտ, մերթ միայն կանաչ նկարներով - մեր երկրի զմայլանքից խենթացնող ծաղկաստանները եւ շքեղ մարգերը: 
    Հսկան գլխին դրել է կանաչ մի պսակ - Գուգարաց անտառը, գողտրիկ Լոռին - որի հիւսկէնները կախւում են մինչեւ ուսերը եւ մինչեւ կուրծքը - Մեծրանց հոյափառ անտառը, Սիւնեաց ծմակները, Տաւրոսի պուրակները: 
    Պատկերն իր ամբողջութեան մէջ ներկայացնում է բնական արարչութեան մի հրաշակերտը: Նրա առանձին դրւագներից շատերը, սակայն, աւելի՛ են տպաւորիչ: Արարատ լեռը, Սեւանի լիճը, Արածանի գետը, օրինակ, վեհութեան եւ խորհրդաւորութեան յաւիտենական ներշնչարաններ են: 
    Ամփոփենք.
    ա) Հայկական Բարձրաւանդակն իբր բնա-աշխարհագրական իրականութիւն արդիւնք է երկրաբանական դինամիկայի հսկայաոյժ գործունէութեան, բովանդակ աշխարհում բացառիկ թափ ունեցող հրաբխականութեան: 
    բ) Ներբնակ այս հրաբխականութիւնն է մեր երկրի բնութեան իսկական դիմանկարիչը, նրան իր առանձնատիպ կերպարան տւող գործօնը: 
    գ) Հայաստանը կերպարանաւորւել է երկրաբանական վերջնախաւի շրջանում - նորածին աշխարհ է, թարմ բնութիւն, օժտւած լինելիական անհուն կարելիութիւններով: 
    դ) Իր այս գծի շնորհիւ, մեր երկրի բնութիւնը համակւած է տիեզերական ապագայատենչութեամբ - նա խորհրդազդու պատկեր է, բնաշունչ իրականութիւն: 
    Ի՞նչպէս են ազդել այս երեւոյթները մեր ցեղի հոգե-մարմնական կառոյցին վրայ.
    ա) Հայը, նախեւառաջ, ոգու մարդ է, օժտւած կենսաբանական գերաստիճան դինամիկայով - յղութիւններով հարուստ ցեղ, որի մէջ յայտնութեան ոյժը գործում է զգացումների տարերային պոռթկումով - նա իմացական էակի ցայտուն տիպար չէ, այլ` զգացա-իմացական: 
    բ) Ցեղատիպ հայի մարմնակերպութիւնը կրում է իր երկրի բարձրաւանդակային բնութեան կնիքը - նա տիպար լեռնա-հովտական  մարդ է: Իր մարմնական կազմով նա գրեթէ նոյնն է, ինչ ալպեան տիպի մարդը, մի քիչ աւելի լայնակուրծ եւ հաստաբուն, մի քիչ աւելի դանդաղկոտ, բայց աւելի տոկուն: 
    գ) Նա հին ցեղ չէ. յամենայն դէպս նա իր արեան շաղախը եւ ոգու բնագծումը ստացել է Հայկական Բարձրաւանդակում. ունի լինելիական նկարագիր եւ իր բոլոր մեծ յղացումները կրում են դրա դրոշմը (յիշել Վահագնածնութեան երգը, Սասմայ ծռերը, Նարեկացու «առուղեկան յաւիտենականը», æիւանու «Ձախորդ օրեր»-ը եւն., որոնց բոլորի մէջ լինելիական յաւիտենականի ստեղծագործ կարօտը կայ): 
    դ) Հովտական ապրումը հային պարգեւել է իդէալիստական ոգե-աշխարհ կիրճերի եւ լեռների զգացումը` դրան միացրել է խորհրդապաշտական երանգը: Հայ ոգում իդէալիստական եւ խորհրդապաշտական գծերն այնպէս են խառնւել իրար, ինչպէս մեր աշխարհում միմեանցով պայմանաւորւող հովիտը, կիրճը եւ լեռը: Այս հոգեգծերը դեռ խառն են. դեռ չկայ ներդաշնակօրէն համաձուլւած, ներքուստ ամբողջացած հայը: Այստեղից` հայ էութեան մէջ ա՛յնքան շեշտւած «երկու ոգիների պայքար»-ի պատճառը: Ինչպէս մեր բարձրաւանդակի բնութիւնը, այդպէս էլ մեր ոգին դեռ լինելիութեան մէջ է: Եւ հասկանալի է, թէ ինչո՛ւ հայն ա՛յնքան մեծ զգացում ունի անմահութեան համար: Անմահական «ջրեր-ի եւ «խնձորներ»-ի դասական առասպելների աշխարհ է Հայաստանը, եւ զարմանալի չէ, որ նրա մարդը - հայը - ամենից շուտ պիտի կառչէր Յիսուսի «հանդերձեալ»-ին: Հայը ներշնչական տիպ է, իսկ անմահութեան զգացումը` տիեզերական յաւիտենականի մեծագոյն ներշնչումը: 
    Գոյութեան ի՜նչ ահաւոր վտանգ, երբ հայը դեռ հոգեգծային ներդաշնակումի չյանգած, դեռ «երկու ոգիների պայքար»-ի ներքին տագնապի մէջ` դուրս նետւեց իր բնական միջավայրից, իր լինելիատիպ հայրենիքից, ուր անմահութեան առասպելը կենդանի ապրում էր, ուր բարձրաւանդակային երազկոտ բնութիւնը մարդուն անվերջ խօսեցնել էր տալիս ճակատագրի, երկրի թովչանքի, երկնքի, յաւիտենականութեան զգացումի հետ: 
    Օտարութեան մէջ ի՞նչը կարող է մեզ փրկել ոգու եւ արիւնի վատասերումից, եթէ չգործէ մեր լինելիական էութիւնը - ցեղը: Եւ ի՞նչը կարող է մեզ կրկին առաջնորդել դէպի երկիր, եթէ չվերայայտնւեն այն ոյժերը, որոնք մեր անցեալը դրոշմեցին հերոսականի կնիքով - ցեղը եւ իր հոգեւոր մեխանիզմ տարօնականութիւնը: 

«Տարօնի Արծիւ», 1938թ., թիվ 2
Կարգ: Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Ավելացրել է: ANI (01-Մյս-2011) Դիտումներ: 1288 | Պիտակներ: լեռներ, Տարոնականություն, Հայրենիք, ազգային գաղափարախոսություն, Հայկական Բարձրավանդակ, Հայկ Ասատրյան
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]