// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

Գարեգին ՆԺԴԵՀՀանդիպում Գ. Նժդեհի հետ
(հուշեր)
(Պատմում է Վայոց Ձորի Գետափ գյուղի բնակիչ Սմբատ (Վահրիճ) Մկրտչի Մկրտչյանը) 
 
1952 թվականին վարածս բեռնատարը վթարի ենթարկվեց Նախիջեւանի տարածքում: Զոհվեցին երկու ադրբեջանցիներ: Պատիժը սկզբում կրում էի Բաքվի բանտում:
Մարտի սկիզբն էր: Տուժողների հարազատները բողոքարկել էին: Պատիժը` ըստ նրանց մեղմ էր, դատավորը` կաշառված: Ինձ Բաքվի բանտից պիտի տանեին Նորաշենի շրջան` գործը վերանայելու: Մութ, խոնավ խցից հետո դրսում ուղղակի դրախտ էր: Բանտապետի տեղակալը հայ էր, զինվորական համազգեստով համակրելի մի տղամարդ: Բանտի ընդարձակ բակում նա մայրենի լեզվով սիրալիր զրուցում էր դատապարտվածներից մեկի հետ: Անծանոթ կալանավորի ով լինելը շատ հետաքրքրեց ինձ: Ամեն ինչից երեւում էր, որ նա սովորական կալանավոր չէր: Հետաքրքրությունից ոտքս կախ գցեցի: 
- Գնացեք, հաջողություն եմ մաղթում Ձեզ: Հուսանք, որ այս անգամ ձեր գործը հաջող ավարտ կունենա: Հայաստանում ճիշտ կհասկանան,- անծանոթին բարեմաղթեց հայ տեղակալը: Եւ որքան զարմանալ էր, համարձակ գրկեց եւ սրտառուչ ողջագուրվեց դատապարտյալի հետ: Իմ զարմանքը կրկնապատկվեց: Բանտի պաշտոնյա կալանավորի հետ բացահայտ ողջագուրվե՞ր, ոչ միայն անսպասելի ու տարօրինակ էր, այլեւ անթույլատրելի, խստագույնս արգելված:
Մեկ ժամ անց մեզ տանող մեքենաները կանգ առան Բաքվից հեռու անհայտ երթուղային մի կայարանում, ու կանգնած էր Բաքու- Երեւան գնացքը:
Կալանավորներին հատկացված վագոնները սովորական չէին: Ինձ եւ երեւանցի Ռազմիկին հրեցին այդ վագոնի խցերից մեկը: Քիչ հետո մեզ մոտ բերեցին նաեւ անծանոթ կալանավորին, որին բարեմաղթանքներով հրաժեշտ էր տվել Բաքվի բանտապետի տեղակալը:
Նորեկն իմանալով մեր հայ լինելը, առանց երկմտելու անմիջապես սկսեց մեզ հարց ու փորձ անել:
- Ովքե՞ր եք, ինչի՞ համար եք բանտարկված, Հայաստանի ո՞ր գավառից եք:
Անծանոթի անմիջականությունը խիստ զարմանք հարուցեց, այնուամենայնիվ, վախն ու զգուշավորությունը մեզ հուշում էր զգույշ լինել: Ինչեր ասես չէր պատահում անցանկալի այդ աշխարհում:
Լայնաթիկունք էր, միջահասակ, կարճ բեղերով: Հագին մաշված, բարակ, ժամանակին հավանաբար թանկարժեք համարվող վերարկու կար նույնքան մաշված մորթե օձիքով: Գլխին կրում էր ականջակալներով գլխարկ: Կլորիկ, տանջահար դեմքին նայողը կարող էր ասել, որ գեղեցիկ տղամարդ է եղել: Փայլուն ճակատը եւ շագանակագույն հրացայտ աչքերը խորաթափանց արտահայտություն ունեին: Ձայնը հնչում էր հաճույք պատճառող երանգներով: Մտքի բացառիկ պայծառություն էր կարդացվում դեմքին:
- Ես Գարեգին Նժդեհն եմ, լսած կա՞ք: Սխալմունք է, որ ինձ ձեզ մոտ են բերել, ուր որ է, կգան տանելու,- մեր սառը եւ զգուշավոր ընդունելությունը կռահելով, համարձակ ներկայացավ նա:
- Պատմե՜ք, պատմե՜ք, հայրենիքի, Հայաստանի, Զանգեզուրի մասին, լուրերի կարոտ եմ, ծարավ:
Մենք ավելի շփոթվեցինք: Համոզվելու համար, որ կալանավորը իսկապես Գարեգին Նժդեհն է, հարեւանս ասաց, որ իր հայրը Զանգեզուրում կռվել է Նժդեհի հետ եւ տվեց անունը, որին աքսորել են ու գնդակահարել:
Անասելի հրճվանք ապրեց զորավարը, ոչ միայն ճանաչեց իր նախկին զինվորին, այլեւ մի քանի մանրամասներ պատմեց, որոնք ծանոթ էր նաեւ իմ ընկերոջը:
- Ես էլ Դարալագյազից եմ,- ոգեւորված հայտնեցի ես:
-Ուրեմն մեծ Սյունիքի ծնունդ ես, տղա՜ս: Կեցցե՜ս,- գրկեց ու համբուրեց ճակատս:
- Հայրենիքի ամենեն թանկ հուշն ինձ համար` Սյունիքը, շատ եմ կռված անոր փրկության համար:
Մեր ոգեւորությանը սահման չկար:
Վագոնի միջանցքից լսվող ամեն ձայն հետաքրքրում էր Գարեգին Նժդեհին: Նա հաճախ էր ականջը մոտեցնում դռանն ու մեզ հորդորում, որ ինչքան հնարավոր է շատ նորություններ պատմենք:
Զանգեզուրի հին երանելի հուշերը մի պահ մշուշեցին նրա լայն ու խոհուն ճակատը: Փոքր լռությունից հետո ոտքերի մոտ դրված ուսապարկից հանեց մի փոքրիկ շորե փաթեթ:
- Տեսնո՞ւմ եք, Հայաստանի հողն եմ պահում, գիշերը դնում եմ գլխիս տակ, որ հանգիստ քնեմ: Սուբ հող է...
Առանձին քնքշանքով համբուրեց փաթեթն ու տեղը դրեց:
- 1944 թվականին Բուլղարիայում էի: Գիշերվա ուշ ժամին տուն ներխուժեցին խորհրդային երկու սպա եւ չորս զինվոր: «Ստալինի պահանջով քեզ վերցնում ենք, որ ուղարկենք Մոսկվա»,- բացատրեց սպան:  Դաժան վարվեցին ինձ հետ: Արգելեցին կնոջս հետ ողջագուրվել, միայն հասցրի համբուրել մանչիս ու սովորական հագուստով դուրս եկա:
Երեք տարուց ավել ինձ պահեցին ռուսական բանտում: Ամեն անգամ ինձ պատասխանում էին. «Ստալինն առայժմ չի ընդունում, սպասիր...»: Սկզբում ինձ հետ վատ էին վարվում, սակայն երբ իմացան, որ զինվորական եմ,  սկսեցին փոքր ինչ հարգանքով վարվել: Բանտում հարուստ գրադարան կար, զբաղվում էի, շատ գրություններ ունեի (երեւի՝ հուշագրություններ), Կովկաս ուղարկելիս խլեցին, որի համար շատ եմ ցավում: «Քեզ ուղարկում ենք Կովկաս: Քո դատն ու դատաստանը թող ձերոնք անեն»,- ասացին հայրենիք ուղարկելիս: Իսկ մերոնք ... Անորոշությունը խեղդում է ինձ: Երեւանի բանտում շատ են պահել: Հիմա էլ Վլադիմիր-Բաքու-Երեւան: Մինչեւ ե՜րբ,- ցավագին հառաչեց ու մի պահ լռեց:
- Հստակ չեն ասում իմ հանցանքը: Խորհրդային իշխանությունները ոչ միայն չպաշտպանեցին ազգիս դատը, այլեւ` ավելի խճճեցին...
Մենք նրան տաք գուլպաներ նվիրեցինք, վերնաշապիկ ու սպիտակեղեն: Նժդեհը չմերժեց:
Մեծ հայրենասերի հետ անսպասելի հանդիպումը հրճվանքով ու նույնքան էլ զարմանքով էր լցրել մեր տխուր հոգիները: Հափշտակված լսում էինք նրան ու չէինք հագենում:
- Զանգեզուրի փրկությունն է եղել կյանքիս նպատակը: Նրա անկախության ու հավաքական բերկրանքն եմ մշտապես երազել: Կմաղթեմ ձեր մեջ վա՛ռ մնա ցեղապաշտ հզոր ոգին, հավատը` հայոց դատի հաղթանակի նկատմամբ:
- Արեւմուտք-արեւելքը մեկ դարձնենք,- պատգամեց սպարապետը:
Շուտով վագոնում ամեն ինչ խառնվեց իրար: Ազգանունը բարձրաձայն արտասանելով, զինվորականները փնտրում էին նրան:
- Ես այստեղ եմ,- ռուսերեն ձայնեց Նժդեհը:
Երկու զինվորական հսկիչներ գրոհեցին մեր խուցը ու կոպտորեն հրմշտելով տարան նրան:
Երկար ժամանակ մենք կարծես երազի մեջ էինք: Զարմանքախառն նայում էինք իրար ու չէինք հավատում կատարվածին:
- Անցել են երկար ու ձիգ տարիներ այդ անակնկալ, հրաշք հանդիպումից:
Միչեւ օրս էլ աչքիս առաջ է նրա ճառագող, լուսավոր պատկերը: Ծերացած հոգումս արձագանքում է նրա մտքի պայծառությունը, այդ հրաշք հանդիպման մանրամասները:
Երկու տարի հետո վերադարձա տուն: Անակնկալ, երջանիկ այդ հանդիպման մասին պատմեցի պատերազմի բոցերով անցած մեծ եղբորս: 
  - Լեզուն ատամներիդ տակ պահիր: Ոչ մեկին ոչ մի խոսք,- գողունի շուրջը նայելով սաստեց եղբայրս` Պարգեւը:
Վատ ժամանակներ էին: Ոչ մի երաշխիք չկար: 
 Անսահման երջանիկ եմ, որ կյանքիս մայրամուտին երկրորդ անգամ հանդիպեցի փառապանծ զորավարի հետ: Սա արդեն ամենքիս է հայտնի: Մի խումբ հայրենապաշտ մտավորականների ջանքերով Լեռնահայաստանի սպարապետի աճյունը 1988 թ. ամփոփեցին գյուղիս դիմաց` գլուխը երկնքի կապույտում մխրճած բարձունքում Պռոշաբերդի Ս. Սպիտակավոր եկեղեցու բակում:
Վեհանիստ գագաթից, ինչպես ափիդ մեջ, պարզ ու ջինջ երեւում է Վայոց ձորը, Զանգեզուրը, ողջ անկախ Հայաստանը, փառահեղ Մասիսը ... անդին կիսակործան հրաշալիքներով մեր հողերը:  Նրանք անմար կարոտով, հույս ու հավատով դեռ սպասում են Նժդեհի բազկի նման հուժկու մի զարկի:  Այստեղ, երկինք թառած, ամպի ծվենների մեջ մխրճված` անառիկ այս բարձունքում, տեղի ունեցավ նվաստիս երկրորդ հանդիպումն ազգիս հերոսի հետ:
Ծնկաչոք, խոնարհված երկար մնացի Զանգեզուրի արծվի շիրիմի առաջ: 


Աղբյուր: http://www.facebook.com/G.NJDEH Կարգ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ (04-Մյս-2012) Դիտումներ: 1270 | Պիտակներ: Նախիջեւան, Գետափ, Գարեգին Նժդեհ, ՆԺԴԵՀ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]