// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՀԵՐ

Աշակերտի՛ր ճշմարտօրէն մեծերին - ռազմի հանճարներին, սակայն, մի' մոռանար, որ վտանգն է զօրականի լաւագոյն ուսուցիչն ու դաստիարակը:

Պատմութեան բոլոր դարաշրջաններում - դիւցազնական Հելլադայից մինչեւ Հռոմը, եւ Հաննիբալից մինչեւ Նապոլէոնը - մարդը յամառօրէն խորհրդածել է այն մասին, թէ ինչո՞վ եւ ինչպէ՞ս է շահւում յաղթանակը: Եւ, ձգտելով պատասխանել այդ հարցին, նա ծնունդ է տուել մի շարք տեսութիւնների, որոնցից ամէն մէկը բովանդակում է ճշմարտութեան հատիկներ միայն, բայց ոչ՝ ամբողջ ճշմարտութիւնը:

Իմ նոյնանուն ձեռագրից; 
Մի հատիկ եւս աւելացրած կը լինենք ճշմարտութեան ֆոնդին, եթէ ասենք, որ էականը պատերազմում, կռւում, ամենաէականը մահն է՝ աներեւոյթ, սակայն, իրական երրորդ գործօնը, ոյժը - երրորդ դերակատարը: Մարտերում, հաւասար այլ պայմաններում, սովորապէս, յաղթանակում է այն կողմը, որը այդ «երրորդ»ից աւելի է օգտւում, քան իր հակառակորդը: Իսկ օգտուել մահից, նշանակում է՝ նրանից օգտուելու կարելիութիւնից զրկել իր ախոյեանին: Նման վիճակի մատնելով վերջինին՝ մենք էապէս զինաթափում ենք նրան, որով եւ՝ ապահովում մեր յաղթանակը:
* * *
Յաղթանակել կռւում, նշանակում է՝ մահուան սպառնալիքով իր կամքը պարտադրել հակառակորդին:
Մահ սպառնալ - ահա' կռուի ողջ էութիւնը, եւ դաժանութիւնը, միաժամանակ:
Հետախուզական պարզ աշխատանքից սկսած մինչեւ բարդ եւ բախտորոշ ճակատամարտը՝ կռուող կողմերը իրապէս մրցում են ահավարութեան մէջ:
Կռուի նման մեթոդի առաւելութիւնը նրանումն է, որ ահավարողն իբրեւ աւելի ակտիւ կողմ՝ մնում է զերծ մահուան երկիւղից, կամ նրա ազդեցութիւնն իր համար հասցնում է նուազագոյնի:
Մարդկային արարածը ընդունակ է հոգեֆիզիկական որոշ աստիճանի լարուածութեան միայն, լարուածութիւն, որի սահմանն անկարելի է անցնել առանց պատժի, առանց սուր կորովաթափութեան, որը նախորդում է անձնատուութեան, պարտութեան:
Չափուող կողմերը՝ ահավարութեամբ հէնց իրենց ախոյեանի այդ կորովաթափութիւնն են հետապնդում:
* * *
Նոր զէնքեր ճարտարող արդիական գիւտարարը թէ վայրենին - որը կռուի մտնելուց առաջ ահուսարսափի ազդող դրսերեւոյթ է տալիս իր դէմքին, ասես՝ մահակերպարանաւորւում է - սրանք երկուսն էլ ղեկավարւում են միեւնոյն հոգեբանական հաշուով - ահավարութեամբ կաթուածել հակառակորդի հոգեֆիզիկական ուժերը, եւ այսպիսով, նրան մղել անձնատուութեան: Մահակերպարանաւորման գործում կատարեալ կլասիկներ, կատարեալ արտիստներ են եղել՝ Հաննիբալը, Բոնապարտի փոթորկաշունչ այրուձին, եւ Մուվորովը՝ սուինի ջատագով:
Գիտէ՞ք, իրար հանդիպելիս՝ ահավարութեան են դիմում նաեւ գազանները, բնազդի ոյժով:
* * *
Խոտան պիտի հռչակել այն բոլոր տեսութիւնները, որոնք յաղթանակը միշտ էլ նուիրում են այն կողմին, որը մի հատիկ զինուոր, մի թնդանօթ, ամրաշինական մի կառուցուածք աւելի ունի: Ո՛չ, ո՛չ, հարիւր զինուորի ոյժը միշտ էլ հաւասար չէ հարիւրի ոյժին: Այդ ոյժն ունի իր յաւելումն ու նուազումն ունի, նայած թէ ո՞վ եւ հոգեբանական ինչպիսի՞ մթնոլորտում ու ինչպէ՞ս է ղեկավարում այդ հարիւրակը: Կռւում գործ ունենք կենդանի, յարափոփոխ, դինամիկ եւ ոչ-մեքենական մեռեալ ուժերի հետ, որոնք չեն մնում քարացած միեւնոյն կէտի վրայ: Թիւն ու տեխնիկան վճռական դեր են կատարում միայն այն դէպքում, երբ նրանցից օգտւում ենք իբրեւ ահավարութեան միջոցներից: Յաղթանակը օրինաչափօրէն թեքւում է այն կողմը, որը յաջողում է աւելի երկար ժամանակ մահուան սարսափի տակ պահել իր հակառակորդին՝ ճգնելով խորատակել նրա դիմադրական ոգին: Այո՛, ըստ էութեան՝ ռազմավարութիւնն այլ բան չէ, եթէ ոչ՝ ահավարութիւն: Եւ, որովհետեւ մահն է ահացուցիչը՝ մենք բնաւ մեղանչած չենք լինի լեզուի ոգու դէմ, եթէ այսպէս բանաձեւենք ռազմավարութիւնը - հոգեբանօրէն առնուած՝ դա մահավարութիւն է:
* * *
Սուվորով չէ ամէն զօրավար, որը սուինը գերադասում է հրազէնից: Սուվորով լինելու համար պէտք է լինել Սուվորով, այսինքն՝ պատերազմական հանճար, հերոս, եւ զինուոր միաժամանակ:
Հանճար ու զինուոր էին՝ Կեսարը, Հաննիբալը, Նապոլէոնը: Կատարելատիպ հերոսներ էին Մամիկոնեան Մուշեղ, Վասակ, Վարդան զօրավարները: Սակայն, կարելի է ռազմական տաղանդ, հանճար լինել, բայց եւ այնպէս հերոս չլինել:
Հերոսը բարոյական հանճար է, սրտի հանճար, եւ միշտ քաջաքաջ ու մահապատրաստ:
Հանճարի համար պատերազմն ամէն բանից առաջ մտքի գործ է: Իր բանակի յաղթանակն ապահովելու համար՝ նա համադրում է ռազմի գործում դեր կատարող բոլոր գործօնները, միաժամանակ վարպետօրէն օգտուելով իր հակառակորդի գործած սխալներից:
Ընդհակառակը, հերոսի յաղթանակը պսակողը՝ իր հոգեկան ոյժն է, որով սնւում են իր արիութիւնն ու մահապատրաստութիւնը: Հանճարը դա բանակի ուղեղն է, հերոսը՝ սիրտը: Օրհնութիւն է հանճարը, բայց, աւա՛ղ, նա հեշտ ու յաճախ չէ ծնւում: 
Յաղթանակ կարելի է շահել նաեւ առանց հանճարի, առանց հերոսների՝ երբե՛ք:
* * *
Ոգու մարդը - ահա՛ սխրագործելու, մեծագործելու կարող ղեկավարը: Այսպիսի՞ն էր նա, ով աշխարհակալ Հռոմի դէմ ստրուկների ատելութիւնը շղթայազերծեց - Սպարտա՛կը՝ ներշնչելով մարդկութեան այն վսեմ ճշմարտութիւնը, թէ աշխարհը պիտի վայելի մարդն, ընդհանրապէս, եւ ոչ թէ իր նմաններին ճնշելու եւ շահագործելու իշխանութեամբ զօրաւորը միայն:
Այսպիսին էր նա, ով ողջ բանակով դարանակալեց կանանց մօտ՝ թոյլ տալով հռոմէական լեգէոններին երեւալու իր թիկունքում - Կարթագէնի ամեհի զաւակը, որի հարուածները հարկադրեցին Կեսարների գոռոզ ազգին խոստովանելու, թէ Հռոմից եւ հռոմէացու հոգուց դուրս էլ մեծութիւն կայ:
Վերջապէս, նա, ով Տղմուտի ափերում դարերին եւ սերունդներին իմացեալ մահով անմահանալու ճամբան մատնանշեց՝ հրաշունչ Մամիկոնեա՛նը, որն իր արիւնով հաստատեց, թէ չէ կարելի մարել այն, որն էութեամբ անմարելի է - հայկակա՛ն ոգին:
* * *
Զօրավար չե՛ս, եթէ նախ զինուոր չես: Այդ ճշմարտութիւնը, առաւել եւս, պատշաճում է հայ մարդու հոգեբանութեան: Հայը սիրում է կռուի ժամանակ իր ղեկավարներին տեսնել կրակի առաջին գծի վրայ, դէմ առ դէմ մահուան հետ: Նա սիրում է հաւասարութիւնը մահուան մէջ: Եւ արդա՛ր է նրա պահանջը: Հրէշային անհեթեթութիւն է անարի, շահախնդիր, մորթապաշտ զօրականը: Յաճախ խաբում են ուսադիրները - այդ լաւ գիտէ հայը: Նրանք միշտ էլ չեն համապատասխանում ենթակայի ներքին հնարաւորութիւններին, նրա հոգեկան ուժերին: Աստիճանը միշտ էլ ոգու կամ տաղանդի չափ չէ:
Բազէն էլ թռչուն է, բայց ամէն թռչուն բազէ չէ:
Այո՛, ամէն սպայ ղեկավար չէ:
* * *
Ո՛ւժ, աւելի ուժ - ահա՛ անհրաժեշտն ու էականը կռուադաշտում:
Տալու, ծախսելու համար՝ պէտք է ունենալ: Ամենակուլ է կռիւը: Այնտեղ ուժերի առատութիւն է պէտք: Ուժերի լիութիւնն է մարդուն մղում առատաձեռն զոհաբերութեան: Վայրկեանէ վայրկեան նոր ուժերի առկայութիւն զգալ՝ նոր, մինչ այդ անծանօթ ուժերի: Եւ, հէնց այդ նոր ուժերի յորդումն է արիութիւնը:
Արիացուցիչ է հոգեկան ոյժը - ոյժը, որ ծնունդ է առնում այս բարձր գաղափարներից, որոնք հոգեբանութեան լեզուով կոչւում է force idee: Զոհաբերելով սահմանաւոր մեր կեանքը՝ մենք նուաճում ենք յաւերժութիւնը,- ասում էին խաչակիրները: Դա ուժածին գաղափար է: Այդպիսին են նաեւ պատուի, փառքի, մեծութեան գաղափարները: Սրանցից աւելի զօրաւոր է հայրենիքի գաղափարը: Փառքով, փառասիրութեամբ էին ոգեշնչուած Նապոլէոնի մարաջախտները: Նրանց կուռքերն էին՝ կայսրը եւ Պատուոյ լեգէոնի շքանշանը: Թէեւ զօրաւոր, բայց ժամանակի ընթացքում թափը կորցնող խթան է փառասիրութիւնը: Փառքով յագենալ կայ: Անյագ է յաւերժութեան ծարաւը միայն: Արդ, թէ ինչու աշխարհը զարմացնող, բայց ոչ հիացնող Սիւրատները, Դաւուները, Նէյերը՝ պատերազմների փոթորիկներում պարտասած՝ ծերացած արծիւների պէս, խաղաղ կեանքի կարօտով մի օր կախեցին իրենց թեւերը:
Եւ հէնց այդ օրն էլ թեքուեց մեծ Կորսիկացու աստղը, որովհետեւ նրա
զօրքերի վարիչներն այլեւս շանթող զօրավարներ չէին:
* * *
Պատերազմում հարուածում է, սպանում, վէրքեր հասցնում ցաւեր ու աւերներ պատճառում եւ ինքնապաշտպանուող կողմը, բայց նա չի յանցագործում:
Որքան անիծեալ է սուրը յարձակուողի՝ այնքան նուիրական է նա ինքնապաշտպանուողի ձեռքում:
Հակահարուածել, սպանել ակամայից՝ առանց սպանիչ դառնալու - ահա' թէ որպիսի գիտակցութիւն է ծովացնում մեր հոգեկան ուժերը:
* * *
Երբ առկայ է կարող առաջնորդը՝ հայը կռւում հեգնում է մահը, զոհաբերում քաղցրօրէն: Եւ ընդհակառակը, նմանի պակասի դէպքում, նա կորցնում է իր թափը, կորովաթափւում: Արդ, ինչու առաջնորդութեան խնդիրը, հայու համար, գերազանցօրէն բարոյա-հայրենասիրական է: Անհայրենասիրութիւն եւ անբարոյականութիւն է, երբ անարժանը, տկարը, անանձնուէրը թեկնածում է առաջնորդութեան: Զօրավար լինելու համար նախապայման է՝ զօրաւոր լինել: Իսկ այդպիսին լինելու համար պիտի կարողանաս արհամարհել եւ հարստութիւն, եւ վայելք, եւ մահ: Չէ', բաւական չէ աստիճանով զօրավար լինել, պէտք է եւ զօրաւոր լինել - ահա' հայու պահանջը իր առաջնորդներից: 
* * *
Առաջի՞ն կռիւն ես վարում, զօրակա՛ն. այո՞, ապա ուրեմն, գինովցի՛ր հայրենապաշտութեամբ, փառքով, խելայեղութեամբ, դիւցազնացի՛ր, մարդեղէն աստուա՛ծ կտրիր, ի մի բան՝ բիւրապատկի՛ր հոգեկան ուժերդ - կռիւը շահելու համար:
Վա՛յ քեզ - անփառունակութիւնն է պսակելու ապագադ, եթէ պարտուեցիր: Ռազմական փառքի կատարները՝ Ալեքսանդր, Հաննիբալ, Կեսար - այդ հրեղէն անունները գուցէ եւ միայն անծանօթ աշխարհին, եթէ պարտուած լինէին իրենց վիճակուած առաջին ճակատամարտում:
Այո՛, շատ անգամ հէնց առաջին կռուի ելքն է առաւելապէս ճշտում մեր ճակատագիրը հետագայ:
* * *
Ես մերժում եմ այն բարոյազուրկ հասկացողութիւնը, թէ հայրենիքի շահը սրբագործում է ամէն միջոց:
Ստորութիւնը չի դադարում ստորութիւն լինելուց ե՛ւ այն դէպքում, երբ այն կատարում է անգամ հայրենիքի համար:
Արտօնեալ մարդասպան, բռնացող, աւարառու - ա՛յդ է ստորութեան ընդունակ զօրականը: Բարոյական տկարութեան ծնունդ է ամէն կարգի ստորութիւն: Նա, ով մահապատրաստ է հայրենիքի համար՝ ստորութեան չի դիմում: Ստորութեան դիմում է անհայրենասէր կաշուապաշտը: Ստորութեամբ չեն պաշտպանում հայրենիքը:
Նրան՝ հայրենիքին, վայել է բարձրօրէն մարդկայինը, ասպետականը, կորովին:
Մարդը հոգեպէս բեւեռանում է առաւելապէս խոր բերկրանքի եւ սարսափի ժամանակ:
Սուր բեւեռացումի են ենթարկւում զինուորը՝ գրոհի, ճամբորդը՝ նաւաբեկութեան ժամանակ:
Հոգեկան այդ երեւոյթը, նուազ սրութեամբ, տեղի է ունենում եւ բանտերում:
Մարդկանց ամենաբարիներին եւ ամենաչարերին ես հանդիպել եմ կռուադաշտերում, մէկ էլ՝ բանտերում:
Հոգեկան բերկրանք, սարսափ, տաժանք - սրանք մարդկային էութեան նկատմամբ կատարում են հոգեբանական ռէակտիւի դեր: Դրական թէ բացասական բեւեռացմամբ ենթական դրսեւորում է իր էութիւնը՝ շեշտելով իր նկարագրի հիմնական գծերը: ժողովուրդներն իրենց էութիւնը առաւելագոյն չափով մատնում են պատերազմի ժամանակ, որը ե՛ւ բերկրանք, ե՛ւ սարսափներ ապրելու այնքան առիթներ է ընձեռում: Պայթե՞ց առաջին հրանօթը՝ բանակի ընկերայնօրէն առաքինի տարրերը - այլասէրը, մարտունակը, հայրենասէրը հոգեկան բեւեռացմամբ դառնում են համակ սէր, ընկերասիրութիւն, խիզախութիւն: Եւ հէնց սրանք են կազմում բանակի իրական ոյժը, նրա բարոյական ողնաշարը, նրա «մատեան գունդը»: Սրա՛նք են վտանգի դնում իրենց կեանքը, սխրագործում, հերոսանում, եւ յաճախ իրենց արիւնով ներկում դէպի յաղթանակը տանող ճամբան:
Իսկ ընկերայնօրէն պաղ տարրերը - եսապաշտը, անարին, անհայրենասէրը, բեւեռացման նոյն օրէնքով, դառնում են բանակի տկար ու խոցելի կողմը, երեւան գալով իբրեւ դասալիք, ահընկէց, կռիւ կեղծող, գլուխ պահող:
Վա՛յ այն բանակին, որին հոգեբան եւ կարող ղեկավարներ են պակասում: Նման դէպքում տկար տարրերը յաճախ յաջողում են ապա-մագնիսացնել, բարոյալքել անգամ մարտունակ տարրերը: Զանգուածների հոգեբանութեան օրէնքներին ծանօթ ղեկավարը անձնական կենդանի օրինակի վարակչութեամբ նպաստում է իր զինուորների դրական հոգեբեւեռացմանը, որով եւ՝ անկարելի դարձնում բացասականը: Եւ, հէնց սրանում էլ, ըստ էութեան, կայանում է ղեկավարութեան գործի կէսը - նրա կարեւորագոյն մի մասը:
* * *
Նախընտրիր իբրեւ թշնամի ունենալ նեմէեան առիւծը, քան աղուէսը: Զօրաւորի հետ չափուելն աւելի հեշտ, նաեւ՝ աւելի պատուաբեր է, քան նենգողի:
* * *
Իմ զինակիցը կռւում - դա ե՛ս եմ, ե՛ս ամէնից առաջ:
* * *
Հայը կռւում է աննահանջ եւ սխրագործում աւելի իբրեւ կամաւոր, քան պարտադիր ծառայութեան զինուոր:
Նրա սրտովը չէ՝ գործել հրամանով, իսկ մեռնել հրամանով՝ բնա՛ւ:
Պարտադիր ծառայութեան մէջ իսկ նա իրեն զգում է կամաւոր:
Հոգեբանական այդ իրողութիւնը հետեւանք է այն բանի, որ երկար, շատ երկար ժամանակ՝ իր պատմական ճակատագրի բերումով հայն իր հայրենիքի պաշտպանութեան գործին մասնակցել է ոչ թէ իբրեւ իր նախարարի ստրուկը, ճորտը, այլ՝ իբրեւ հայ մարդ, որ պարտական է կռուելու Հայաստանի համար:
Հայու այդ հոգեգիծը՝ դրական եւ օրհնաբեր, պիտի պահպանուի գուրգուրանքով, քանզի կամաւորութեան գաղափարն աւելի վեհ է, քան պարտադիր ծառայութիւնը:
Կամաւորութիւնը ուխտուածութիւն է - ահա՛ թէ ինչումն է իր խորհուրդը, իր ոյժը: Եւ ոչ մի իշխանութիւն կարող է մեռնելու բռնադատել նրան, ով ուխտուած չէ, մահապատրաստ չէ հայրենիքի համար: Կարելի է առաջ վարել անգամ մորթապաշտներին. նմաններին իսկ կարելի է զոհաբերել, բայց նրանց կրաւորական, ակամայ մահերով յաղթանակ չի շահւում:
Կամաւորագրուողն է քաջագործում, մեռնում կամովին - յաղթանակում:
* * *
Արդեօ՛ք, զինուորը - ամէն զինուոր ընդունե՞լ է կռիւը - ահա՛ հարցը, որին պիտի պատասխանի ղեկավարը:
Ընդունել կռիւը. առանց հոգեբանական այդ ակտի՝ զինուորը մնում է սովորական հրացանաւոր, մեռեալ թիւ:
Կարելի է լինել բանակի շարքերում, ծածան դրօշի տակ, բայց եւ այնպէս իրեն չզգալ իբրեւ ռազմապատրաստ մարտիկ: Ռազմիկն արթնանում է հրացանաւորի մէջ դեռ կռուից առաջ: Այդ զարթօնքը տեղի է ունենում այն վայրկեանին, երբ զինուորն ընդունում է կռիւը, այսինքն, երբ նա հաշտւում է յանուն մի սրբազան արժէքի իր կեանքը վտանգի դնելու մտքի հետ: Հաւասար այլ պայմաններում յաղթանակում է այն կողմը, որի շարքերում նուազ է կռիւը հոգեբանօրէն չընդունողների թիւը: Ընդունել կռիւը - նախ ա՛յդ:
Հոգեկան այդ ակտից են ծնունդ առնում ե՛ւ զինուորը, ե՛ւ բանակը, ե՛ւ յաղթանակը:
* * *
Մեր ղեկավարութիւնը միայն այն չափով է ակտիւ եւ իմաստուն, ինչ չափով մեզ յաջողւում է խանգարել մեր հակառակորդի ղեկավարութեան գործը:
* Վարդան Զօրավարը՝ վերջապահ զօրամասի հրամանատար նշանակելով իր եղբայր Համազասպեանին, պատուիրում է նրան բռնութիւն չգործադրել նրանց վերաբերմամբ, որոնք չեն ուզում պատերազմել - Լէօ:
Եւ, յաղթանակն սկսում է ժպտալ մեզ հէնց այն վայրկեանից, երբ անկարելի ենք դարձնում թշնամու ուժերի ղեկավարութիւնը: Նման դէպքերում խզւում է ո'չ միայն արտաքին կապը նրա ուժերի միջեւ, այլեւ՝ մարտիկների արիութիւնը եւ արթնութիւնը սնուցանող այն աներեւոյթ, ասենք՝ էլեկտրական հոսանքը, որ միացնում է էութիւնները եւ ստեղծում այն, որ ես անուանում եմ հաւաքական սիրտ:
Հոգեբանական նման մթնոլորտում ապամագնիսացւում է զինուորը, նա իրեն զգում է անզէն, անգլուխ կորած: Մի գրոհ, մի հարուած եւս - եւ թշնամուն կը մնայ ողբալ իր պարտութիւնը:
* * *
Ո՞վ է ղեկավարում ինձ. խորհելով այդ մասին՝ զինուորը շատ անգամ հոգեբանօրէն յաղթանակում է կամ պարտւում դեռ կռուի չբռնուած:
Ո՞վ է վարելու ճակատամարտը. ժամանակակից մի Մամիկոնեա՞ն, թէ՞ մի սովորական սպայ, որի, ինչպէս գիտենք, աստիճանը միշտ էլ ներքին ոյժ, արժանաւորութիւն չի ենթադրում: Ահա' հարցը, որն այնքան յաճախ խռովում է զինուորի միտքը:
Իր անունը չի արդարացնում այն զօրականը, որը կարծում է, թէ բաւական է միայն հրամանը, որպէսզի իր զինուորը կռուի: Միայն հրամանով չեն նետւում դէպի մահ, չեն մեռնում, մասնաւորապէս մեր ժամանակներում: Զինուորը կռւում է, խիզախում, վտանգի դնում իր կեանքը, երբ իր զօրամասը գտնւում է հոգեպէս շիկացած վիճակում, երբ իր թիկունքում, իր կողքին ամէն ինչ խթանում է նրա արիութիւնը, երբ վարարած կրքերի մի հրահեղեղ նրան քշում է առաջ: Նման հոգեբանական մթնոլորտում է մարդու մէջ արթնանում ռազմիկը: Իսկ այդ մթնոլորտն ստեղծում է կարող ղեկավարը:
Կռւում՝ ղեկավարն էապէս իր ներքին մարդը, իր ներքին աշխարհը վարելով է ղեկավարում իր զօրամասը:
(Այո՛, ղեկավարութիւնը միշտ էլ ենթադրում է ինքնաղեկավարութիւն, միաժամանակ): ճակատագրական նշանակութիւն է ստանում նրա ամէն մի խօսքը, շարժուձեւը, երեւումը:
Զինուորը տրամադիր է իր ղեկավարի մէջ տեսնելու աւելի՛ն, քան սովորական ուսադրաւորը:
Բոնապարտի զինուորները լուսապսակ էին տեսնում իրենց կայսեր գլխի շուրջը, երբ սկսում էր խօսել նա:
* * *
Իբրեւ մարդկային կամարտայայտութիւն, գործունէութիւն՝ կռիւն էլ իր դիալեկտիկան ունի, որի օրէնքները մեզ հիմք են տալիս կանխատեսելու ռազմագործողութեանց ընթացքն ու վախճանը:
Ինչպէս պատմական անցեալ դէպքերի անսխալ վերլուծութիւնը մեզ օգնում է հասկանալու ժամանակակից իրադրութիւնները եւ նրանց զարգացման հեռանկարները, այնպէս էլ տուեալ մարտի յաջորդական փուլերի ճշգրիտ անալիզը մեզ առնուազը կռահել է տալիս նրա զարգացման ձեւերը: Այլ խօսքով, դիալեկտիկական մեթոդի կիրարկումը՝ ռազմագործողութիւնները գնահատելիս՝ մեզ հնարաւորութիւն է տալիս կանխատեսելու կռուի զանազան ընթացքը, - կանխատեսութիւն, առանց որի չէ կարելի կռիւը ղեկավարել: Ղեկավարել, ասել է՝ անհրաժեշտ վայրկեանին վճռաբար հասցնել մեր հերթական հարուածը: Ծովը մակընթացութեան եւ տեղատուութեան ժամանակ - ահա՛ կռիւը: Անասելիօրէն յարափոփոխ է նրա պատկերը: Իր ժամանակին պէտք է հասկանալ, թէ յօգուտ ո՞ր կողմի է տեղի ունեցել փոփոխութիւնը եւ ըստ այնմ ճշտել մեր վճռական միջոցառումը: Եթէ կռուի եւ յաղթանակի տենչը ինքնին յաղթանակի կէսն է - իբրեւ յաջողութեան նախադրեալ - ապա՝ նրա միւս կէսն էլ պայմանաւորւում է խմորուող ռազմանցքերի կանխատեսութեամբ:
* * *
Գոյութիւն ունեն երկու տեսակ զինուորներ՝ մէկը, որ կռւում է, միւսը՝ որին կռւեցնում են:
* * *
Թող կռուի չմեկնեն թուապաշտները - նրա՛նք, որոնք ընդունում են, թէ ոյժը, զօրութիւնը թուի մէջ է միայն: Ոգի՛ն է կռուի մղում զինուորին: Ով որ համրում է՝ չի՛ խիզախում:
* * *
Կռուադաշտում նմանիր առիւծին, որը քնում է բաց աչքերով:
* * *
Ասում են, որ առիւծը, իրեն հետապնդողներից ճողոպրելու համար, պոչով աւելում է իր հետքերը:
Ա՛յդ բանում, զօրակա՛ն, միայն այդ բանում դու մի՛ նմանիր առիւծին:
* * *
Կռւում ճանաչիր մի հատիկ սահման - անկարելի՛ն:
* * *
Ի՞նչ կ՚ուզէիր արծուից:
- Նրա թեւերը,- ասաց արուեստագէտը:
- Նրա բնազդը,- յարեց ռազմիկը:
Առաջինին պէտք էր թռիչք, երեւակայութիւն ստեղծագործ:
Երկրորդին՝ արտաքին եւ ներքին սրատեսութիւն:
Մէկը հետամուտ է գեղեցիկին, միւսը՝ յաղթանակին:
* * *
Մէկն ինձ խնդրեց՝ բանաձեւել իմ ռազմական փորձը:
Ահա՛ դա՝ ասացի.
- Առաջինը՝ թոյլ չտալ հակառակորդին մտածելու իսկ, թէ ինքը աւելի զօրաւոր է մեզնից, եւ այդ՝ հէնց կռուի սկզբից:
- Երկրորդ՝ հէնց կռուի սկզբից զգացնել տալ հակառակորդին, որ մենք զօրաւոր ենք նրանից:
* * *
- Ի՞նչ են ասում սարերն իրենց խրոխտ լռութեան մէջ,- հարցրի իմաստունի անուն հանած մի ծեր լեռնականի:
Հայեացքը դէպի հայրենի կատարները դարձնելով, նա լռեց մի պահ՝ կարծես նրանցից պատասխան սպասէր, ապա՝ իմաստաբանեց.
- Լեռներն ասում են՝ պահի՛ր մեզ, լեռնակա՛ն, որ մենք էլ քեզ պահենք:
* * *
Ով կռւում ժամանակ է կորցնում՝ յաղթանակն է կորցնում:
* * *
Ունեցիր միշտ աւելին, քան պէտք է քեզ - արիութիւն, բարութիւն, նուիրում:
Անհրաժեշտ չափով արի չես, եթէ արիութիւնդ չափաւորելու կարիք չես զգում:
Գիտե՞ս, ջրախառն է խմւում իսկական գինին: 
* * *
Արդար լինենք, զօրավա՛ր, դու՝ եթէ հանճարեղ իսկ լինես, դու միայն նախապատրաստում ես յաղթանակը. այն շահում է զինուորը:
* * *
Աւելի հեշտ է մշակել, քան պաշտպանել հայրենի երկիրը:
Լաւ մշակ, լաւագո՛յն մարտիկ - այդպիսի՛ն եղիր դու:
Միայն նմանի հայրենիքն է սանձուած պահում արտաքին ընչաքաղցութիւնը:
* * *
Զօրակա՛ն, կռուիր այնպէ՛ս, որ կարողանաս ասել զէնքի ընկերներիդ՝ ի՛նձ պէս կռուեցէ՛ք:
* * *
Բանակը, նայած ո՞վ է առաջնորդում իրեն, միաժամանակ ե՛ւ կայծքար է, ե՛ւ ամպրոպային ամպ: Առաջինից կարելի է կայծեր հանել, երկրորդից՝ շանթեր քամել:
Բանակն այն է, ինչ որ առաջնորդին յաջողւում է դարձնել նրան: Ոչի՛նչ է բանակը - ամէն ինչ են անհատ զինուորն ու առաջնորդը: Չափւում են բանակները, սակայն յաղթում կամ պարտւում է զինուորը, եւ առաջին հերթին՝ առաջնորդը:
* * *
Պատերազմիր այնպէ՛ս, որ չամաչես տարածդ յաղթանակից:
Արդար է յաղթանակդ, երբ այն արդար է համարում պարտուած թշնամիդ իսկ:
* * *
Պարտուե՛լ հայրենի հողի վրայ - գերագոյն վատութիւն:
* * *
Չէ՛, տղամարդավայել գուպար չէ դա, երբ չափուող կողմերից նուազ տկարը օգտւում է իր հակառակորդի տկարութիւններից եւ նրան իր կամքը թելադրում: Յաղթանակի մասին խօսք չի կարող լինել այստեղ: ճշմարիտ յաղթական ու յաղթանակ փնտրիր միայն այնտեղ, ուր հերոսաշունչ ոգին չափւում է ո՛չ թէ մարդկային տկարութիւնների, այլ՝ մահուան հետ:
Նա՛ է յաղթականը, ով առանց ներքին կեղծիքի կրկնել կարող է Ֆիրդուսու խօսքը՝ հոգեւորի իմաստով առնուած. «Առիւծի ուղեղն է լափում իմ սուրը սայրի եւ համարձակի մութ արիւնը խմում»:
Այո՛, ուր առիւծ չես զգետնում, այնտեղ չկան ճշմարիտ յաղթականներ ու հերոսներ:
* * *
Մահը չունի մեծ թշնամի, քան մարդը, մարտիկը՝ անմահութեան թեկնածող:
* * *
Մեր անձի վրայ տարած յաղթանակը - ահա' հիմքը մեր այլ կարգի յաղթանակների:
* * *
Բաժանի՛ր յաղթանակդ, զօրավա՛ր, եւ միշտ էլ առիւծի բաժինը թո՛ղ զինուորներիդ, աւելի ճիշտը՝ այն խորհրդաւոր ոյժին, որ վարեց քեզ եւ զօրքերիդ ճակատամարտում:
Ա՛հ, որքան արդար էին գաղղիական էպոսի հերոսները, երբ իրենց յաղթանակի փառքից բաժին էին հանում նաեւ իրենց գործածած սրին՝ իրենց անուան հետ հռչակելով նաեւ սրի անունը:
* * *
Միջոցների անխտրականութեամբ շահած ամէն յաջողութիւն պղծում է, ապականում մարդկային բարոյական աշխարհը:
Մարդկայնութեան առաջին թշնամին է անխտրողը:
* * *
Ստորութիւնն էլ է պարտւում, բայց երբեք չի զինաթափւում:
* * *
Մի՛, մի՛ սպանիր թշնամուդ անգամ, եթէ կարելիութիւն կայ սպանելու նրա մարտունակութիւնը - կռիւը շարունակելու նրա ցանկութիւնը:
Այլ կերպ վարուողը մարդասպան է հասարակ, եւ ոչ՝ մարտիկ: 
* * *
Փառքի կատարները բարձրանալու համար կայ մի հատիկ սանդուխք, որի առաջին աստիճանը կոչւում է քաջութիւն, իսկ վերջինը՝ դարձեա՛լ քաջութիւն - մահամերժ քաջութիւն:
* * *
Փա՞ռք ես փնտրում՝ վտա՛նգ փնտրիր: Հերոսական ոչինչ կայ այնտեղ, ուր շնագայլն ու աղուէսն են կռւում:
Վա՛գրը վագրի դէմ - ահա' կռիւը հերոսավայել:
* * *
- Ես ողջունում եմ քեզ եւ ճակատում քո դէմ, քանզի թագաւոր ես դու: Դարեր ու դարեր առաջ Քսերքսէսին ուղղուած յոյն ռազմիկի այդ խօսքը պատշաճ է ասել իր հայրենի հողի համար մահուան կուրծք տուող ամէն ռազմիկի, քանզի առանց թագակիր լինելու՝ իր մեծ նուիրումի մէջ թագաւո՛ր է նա:
Հարուածելուց առաջ ողջունել իր հակառակորդին - հնում այսպէս էին վարւում ասպետոգի կռուողները: Իսկ այսօ՞ր.
* * *
Մի' զլանար կարեկցանքդ տկարներին, սէրդ անգամ. զայրոյթիդ, սակայն, արժանացուր, Հերակլէսի պէս, զօրաւորներին միայն: Խնայի՛ր տկարներին, եթէ թշնամիդ իսկ լինի: Յարգի՛ր քաջութեան օրէնքը - մնա՛ մարդ, մարդ մնա՝ բոլոր դէպքերում: Եւ, զա՛րկ միայն նրանց, որոնք կարող են պատասխանել զարկիդ:
* * *
Անձնուիրութեան մէջ մնալով միշտ առաջինը, վերջինը մի՛ համարիր զոհաբերութիւններիցդ ամենամեծն անգամ:
Թո՛ղ, մահուա՛ն թող զոհաբերութեանցդ վերջ դնելու հոգը:
* * *
- Սպինե՛րս, հայրենիքիս համար ստացած վէրքերս համրէք:
 Այսպէս խօսելու ազատ մարդը ընդունակ չէ ստորութեան ու 
նուաստացումի:
* * *
Նա, ով կռւում երբեք չի եղել՝ յաճախ մնում է անինքնաճանաչ եւ անճանաչ իր շրջապատի համար:
Վտանգի մթնոլորտում է, առաւելապէս, մարդս դրսեւորում իր ներքին ուժերը, հակումները, նկարագրի գծերը:
Առանց մարտնչումների՝ որքա՛ն հերոսներ ու որքան դասալիքներ անյայտ պիտի մնային զանգուածների մէջ:
Մարտնչի՛ր, որ ճանաչե՛ս քեզ, եւ որ ճանաչե՛ն քեզ:
* * *
Վերջին հաշուով՝ կողմերի զոհապատրաստութեան չափն է որոշում այս կամ այն ճակատամարտի, ապա՝ ողջ պատերազմի ելքը:
Յաղթում եմ, նշանակում է՝ հակառակորդիս գերազանցում եմ զոհաբերութեան մէջ: Ահա՛ ռազմական դոկտրինայի այբն ու փիլիսոփայութիւնը:
* * *
Մարդուն աշխարհում երբեմն վիճակւում է ապրել աւելին, քան այն, որ անուանում ենք ողբերգութիւն:
Օրինակ՝ երբ վիրաւորը աղաչում է իր սպանիչին - ինչպէս Իլիականի Հեկտորը՝ Աքիլլէսին - չանարգել իր դիակը:
Այո՛, դա աւելին է, քան սովորական ողբերգութիւնը: Նման դէպքերում զարհուրելին մահը չէ, այլ այն տանջող գիտակցութիւնը, որ քեզ մահ պատճառողը մահիցդ իսկ յետոյ քո հանդէպ մարդ լինելու քաջութիւն չունի:
Մեռնելով՝ մարդը դադարում է որոշ երկրի, ազգութեան, գաղափարաբանութեան հետ կապուած լինելուց:
Նա վերացարկւում է, համամարդանում, ոգիանում: Մեռնելով՝ նա մերկանում է աշխարհային ամէն տեսակի պատկանելութիւնից, կապից, եւ դառնում բացարձակ մարդ, որի դիակի առջեւ պիտի լռէ ամէն կարգի տմարդութիւն:
Հոգեւոր շնագայլութի՛ւն է հակառակորդի դիակի անարգումը:
* * *
Դիրքեր կան - անառիկ կոչուող - որոնցից կախուած է ոչ միայն օրուայ, այլեւ հետագայ կռիւների ելքը. դիրքեր, որոնց նշանակութիւնը ոչ միայն ռազմավարական է, այլեւ՝ ռազմագիտական: Նման դիրքերի շուրջը եւ նրանց համար, յանձին մարտիկների, էապէս չափում են մահը եւ մահը. ուզում եմ ասել, թէ այդտեղ մարտիկների մահապատրաստու- թեան աստիճանն է կանխորոշում կռուի ելքը:
Եւ, մահուան գնով էլ յաղթահարւում է դիրքերի «անառիկութիւնը»:
* * *
Հրէական մի զօրավար, նահանջելով հռոմէական լեգէոնների առջեւ, խոր դժգոհութեան առիթ է տալիս իր բանակին:
Զինուորների հարցումին՝ «Ինչո՞ւ չէ դիմադրում», նա պատասխանում է, թէ իրեն ազատ չի համարում՝ աննշան վայրի համար թափելու այն արիւնը, որ պահել է Սողոմոնի տաճարի պաշտպանութեան համար:
Եւ, կրնկակոխ շարունակւում է նահանջը: Զօրավարը, սակայն, կանգ չառաւ նաեւ Սիոնի պատերի տակ,- ասում է պատմութիւնը: Եւ, Տիտոսի լեգէոնները կործանեցին Երուսաղէմը:
Ո՛չ, ո՛չ, զօրավա՛ր, դու սոփեստում էիր՝ սրբութիւն կեղծելով: Դու մեռնել չէիր ուզում. դու երկչոտ էիր, որով եւ անազնիւ:
Կարեւորագոյն վայրերի պաշտպանութիւնը ապահովում են նուազ կարեւորների յամառ պաշտպանութեամբ միայն: Այսպէ՛ս, եւ ոչ այլ կերպ: Ըստ իր կարեւորութեան՝ «տաճար» է ամէն դիրք, եւ իբրեւ այդպիսին պիտի պաշտպանել դա: Չկան ո՛չ աննշան դիրքեր, ո՛չ էլ աննշան գործեր կռուադաշտում: Այնտեղ կարեւոր է նշանակալից ամէն ինչ: Եւ, եթէ կայ աննշան մի բան, դա էլ հէնց մարդկային արիւնն է, անգամ զօրավարի արիւնը:
* * *
Գրողներ կան, որոնք ըստ էութեան հոգեւոր անասնականութիւն են քարոզում, անշուշտ՝ կիրթ, գեղեցիկ անասնականութիւն:
Ահա՛ ձեզ մի մեծ գրող՝ Անատոլ Ֆրանսը, որի կարծիքը մարդու եւ մարտիկի մասին աւելի բարձր չէ, քան վայրենու հասկացողութիւնն Աստծու մասին:
«Մարդկանց,- ասում է նա,- ղեկավարում է իրենց ամենազօրաւոր զգացումը: Զինուորի ինչպէս եւ զանգուածի ամենազօրաւոր զգացումը երկիւղն է: Նրանք յարձակւում են թշնամու վրայ իբրեւ նուազագոյն վտանգի».
Ահաւո՛ր զրպարտութիւն:
Ա՞յս է մարդը, մարտիկը, որը փախչելով առաւելագոյն վտանգից՝ մահից, ակամայ քայլում է դէպի «նուազագոյն վտանգը»:
Արդեօ՞ք երկիւղն էր վարում Մարաթոնի անմահներին, կամ Բաստիլիայի դէմ գրեթէ անզէն, բռունցքներով գրոհող յեղափոխական ամբոխներին: Ո՛չ, ո՛չ:
Մեծատաղանդ գրողին ծանօթ չէ սխրագործելու ուրախութիւնը, տենչը, գեղեցկութիւնը. ահա' իր մեծ դժբախտութիւնը:
Արիների, քաջերի, հերոսների գոյութեան փաստը - ահա' կենդանի բողոք՝ պատասխանը հոգեւոր անասնականութեան ամէն կարգի քարոզիչներին:
* * *
Ես հաւատում եմ հայ հոգու մեծութեան:
Եւ վիպական չէ իմ հաւատը: Դա արդիւնք է հարուստ կենսափորձի: Հայ մարդուն տեսնել ու ճանաչել եմ մարտերում, տեսել ու վայելել գեղեցկութիւնը նրա արիական խոյանքների:
Հայը միշտ էլ հերոսագործում է, երբ նրա առաջնորդներին յաջողւում է, կռուի ընթացքում, հաւաքական սիրտ ստեղծել;
Նման սրտի գործ էր Աւարայրի, իսկ մեր ժամանակներում՝ Ղարաքիլիսայի ճակատամարտը:
Երբ - ասենք մեր Պատմահօր ոճով - երբ «փոքր ածուն»՝ Հայաստանը իր մէջ ոյժ է զգում ծառանալու Աասանեան հզօր պետութեան դէմ, այլեւս իրենց իմաստից դատարկւում են սովորական ստորոգութիւնները, հասկացողութիւնները:
Ի՞նչ էր Աւարայրը: Բախտախնդրութի՞ւն: Մի՛, մի՛, հայհոյէք ոգու դէմ: Եւ, ի զուր բառեր մի' փնտրէք, քանզի պիտի չյաջողէք որակել այն: Հայ ոգու գործը - երկիւղած կրկնենք այս պարզ բառերը եւ բաւականանանք: Ոգու մեծագործութիւններ կան, որոնց իմաստն ու արժէքը ճշտելու համար բառեր դեռ չկան:
Ոգու, հայ ոգու այդ մեծագործութիւններից էր Աւարայրը:
* * *
Ի զէ'ն:
Որքա՛ն թափ ու թեւ կայ այդ սեղմ խօսքի մէջ: Քիչ լեզուների է տրուած հայոց այդ մի զոյգ բառերի արտայայտչական թափը:
Լսելով կամ մտովի կրկնելով այդ ռազմականչը՝ պատկերում ես յանկարծակի արթնացած վագրին, որ ձգւում է յարձակուելու համար. արծուին՝ որ թափահարում է թռիչք առնելուց առաջ. եւ, նպատակասլաց հեծեալի՛ն, որի երիվարի սմբակները կայծակներ են արձակում: 
Ի զէն - վագներեան մի ամբողջ սիմֆոնիա է դա, հերոսական խելայեղիչ մի մարշ, որ ոտքի է հանում բանակները, շարժում, փոթորկում եւ վարում դէպի ստոյգ յաղթանակ:
Դա մի յարուցիչ կանչ է, որի սրբազան իմաստին հնազանդուելով՝ քանի- քանի' անգամ հայոց բանակները, կատաղութեամբ հարբած, շարժուել են դէպի Հայաստանի սահմանները եւ մահուան դէմ լեռնացել: Հեռավոր մարտերի եւ յաղթանակների մի գոռ արձագանգ, որը դարերը ճեղքելով գալիս է վերստին ռազմի փողը հնչեցնելու.
- Ելէք, ելէք, կռուի ելէք նորէն...
Դա մեր դասական ռազմավարների ոգու մոլեգնած փոթորիկն է, որի թափից տարուած, հայ ռազմիկները կ՚երթային փնտրելու մահը՝ նրան իրենց դրօշի առաջ ծնկի բերելու:
Մի ահեղ ճիչ է դա - ճիչը հայ հողի, որից արթնանում է հայոց արդար ատելութիւնը եւ մահաբեր թշնամու դէմ զինւում:
Մի ամպրոպ, մի շանթ՝ հայոց սրտի երկնքից արձակուած: Մահասաստ մի հրաման, որը հայ մարտիկին մոռացնել է տալիս կեանքն ու աշխարհը ողջ, եւ նրան համակում Հայաստանով ու յաղթանակի ծարաւով:
- Ի զէն. ես կ՚ուզէի այդ ռազմականչը շրթունքներիս մեռնել.

Կարգ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ (12-Հնս-2011) | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ Դիտումներ: 3366 | Պիտակներ: ГАРЕГИН НЖДЕ, Garegin Njdeh, Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]