// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՀԵՐ

Ի՞նչ կարող է, եւ ի՞նչ չի կարող մարդը: Այդ հարցին պատասխանելուց առաջ պէտք է ճշտել՝ ո՞ր մարդուն է վերաբերում դա:
Չկայ վերացական մարդը. մարդն ընդհանրապէս կայ կոնկրետ, կայ որոշ մարդը:
Խորապէս տարբերւում է ո՛չ միայն այսինչ մարդն այնինչից, այլեւ՝ նոյն անձն իրենից՝ ըստ իր տարբեր հոգեվիճակների: Ահա՛ մարդը, որը յաջողել է յաղթահարել իր ներքին արգելքները՝ հոգեկան ծուլութիւնը, կոյր կենսասիրութիւնը, մահուան երկիւղը եւ այլն:
Ահա՛ մի ուրիշը, որի հոգու վրայ դեռ ճնշում է ներքին արգելքների լուծը: Տարբերութեան մի ամբողջ ծով է բաժանում այդ երկուսին:
Երբ մեր ոգին գերի է ներքին կոյր ուժերի-արգելքների՝ յաճախ մարդկօրէն կարելին մեզ թւում է անկարելի:
Փորձեցէ՛ք, սակայն, յաղթահարել ձեր ներքին արգելքները՝ արտաքին արգելքներն ու դժուարութիւնները պիտի թուան նուազ դժուարայաղթ:

* Առնուած իմ նոյնանուն ձեռագրից:
Ոգին է գծում մարդու կարողութեան սահմանները - նրա բարոյական կարողութեան:
* * *
ճշմարտութիւնը հասկանալուց մինչեւ այն ընդունելը, եւ այդ
վերջինից մինչեւ այն գործադրելը առնուազը եօթն օրուայ ճանապարհ է:
* * *
Սոկրատին սպանող հասարակութիւնը այլեւս սոկրատներ չծնաւ. նա
ամլացաւ հոգեպէս: Արդար պատիժ:
* * *
ճշմարտօրէն ազատ է նա՝ միայն, ով չի զգում բռնութեան առկայութիւնը:
Ազատ կարող է լինել հզօրազօր ոգու տէրը միայն:
Հոգով տկարների համար մարսելի սնունդ չէ ազատութիւնը:
* * *
Զգալ, որ հոգի ունես - ահա' թէ երբ են բացում, խօսում, ժպտում ճշմարիտը, բարին, գեղեցիկը:
Անհոգի,- ասում է պարզ ժողովուրդը եւ դրանով անսխալօրէն բնութագրում այնպիսիներին, որոնք կարող են իրենց չարագործութիւններն ու դաժանութիւնները ներոնականութեան հասցնել:
Հոգու համար՝ երկնքի կապտութեան հետ մրցող շուշանը բոյս չէ' միայն. արեւի հետ ամէն օր առաջինը համբուրուող լեռը՝ հողեղէն կար-կառ, բարձունք չէ' միայն: Հոգին - որին մատչելի է ամէն խորք, բարձունք, հորիզոն - հոգին է բանալին տիեզերքի, թարգմանը բնութեան:
Զգալ, որ հոգի ունես - այս է մարդկայնացնում մեզ, միայն այս:
* * *
Պատմական գործիչը պատկանում է ոչ միայն իր դարաշրջանին, անցեալին, այլ՝ իբրեւ էութիւն՝ նաեւ ապագային:
Իբրեւ զարգացող ոգի նա երեւան է գալիս բոլոր եկող-անցնող սերունդների մէջ, որով՝ նա միշտ էլ ժամանակակից է:
Պատմական անձը քարեղէն արձան, քարացած էութիւն չէ, այլ՝ յաւերժաշունչ ոգի:
Այլ կերպ մօտենալ պատմական անձերին՝ կը նշանակէ մեղանչել 
նրանց ոգու դէմ: Հինգերորդ դարի կրօնաշունչ Մամիկոնեանները մեր
օրերում պիտի առաքինանային իբրեւ քաղաքական հերոսներ:
* * *
Ուզո՞ւմ ես գործել ճշմարիտը, ապա ուրե՛մն կանգնեցո՛ւր ճամբիդ հանդիպած ամէն մեկին եւ ասա՛.
«Բարեկա՛մ, լաւ է Դիոգինէսի տակառով բաւականանալ, քան Արիստիպոսի նման քարշ գալ թագաւորների ետեւից ու հացկատակել նրանց սեղանների շուրջը»:
Դու գործած կը լինես գեղեցիկը, եթէ յաջողես մտքիդ ուժով յաճախ դէպի վեր, դէպի կեցութեան կատարները բարձրացնել խոնարհ ճակատները մարդկանց:
Իսկ եթէ գործել ուզես բարին՝ մի՛ զլանար ամրացնել թեւը հանդիպածդ ամէն վիրաւոր արծուի:
Այսպէ՛ս վարուիր թէկուզ մտովի, եւ դու ծառայած կը լինես թէ՛
մարդկային ազգին, թէ՛ մարդկայնութեան:
* * *
Երկու բան չեմ ներում մարդուն՝ իր ստորութիւնները, որոնցով սնւում է իր բարոյական տկարութիւնը, ապա՝ իր տկարութիւնը, որից ծնունդ են առնում իր ստորութիւնները:
* * *
Գա՞հ թէ՞ ոգու մեծութիւն. դրուած այս երկընտրանքի առջեւ՝ ես պիտի ընտրէի վերջինը: Ի՞նչ արժեն գահերը, երբ նրանց վրայ բազմում են յաճախ մարդկային ցեղի ամենաեղկելի ներկայացուցիչները:
* * *
Ասում են՝ կշտացած առիւծը կորցնում է իր կատաղութիւնը: Իսկ մարդն անկշտում է. որքան խժռում, որքան հարստանում՝ այնքան կատաղում է նա:
Չէ՛, մարդուն բարի չես դարձնի՝ նրա կերն աւելացնելով:
* * *
Կորցնելով սրբութեան զգացումը՝ մարդն անխուսափելիօրէն դառնում է շնական եւ մարդատեաց:
* * *
Մարդկային անհատը չէ դադարում միջոց լինելուց նաեւ այն դէպքում, երբ երեւան է գալիս իբրեւ հանճար:
«Աստուածներ»ը Աստուած չեն:
* * *
Փախի՛ր նրանից, որին զզուանք չի պատճառում եւ ոչ մի ապականութիւն՝ շօշափելի թէ բարոյական:
Նմանը անընտրող է լինում կեանքում, նաեւ՝ ապականարար:
* * *
Իր խորքի մէջ մոլար է ամէն վարդապետութիւն, կրօնական թէ ընկերային, որը մտաւոր կուրութիւն է պահանջում իր դաւանողներից:
Այո՛, կեղծ է, հակամարդկային նմանը, որով եւ՝ մերժելի:
* * *
Կայ բռնութեան ամենազարհուրելին, անասնացուցիչը ու անարգիչը մարդկային ազգի՝ մտաւոր բռնութիւնը, որը բանաւոր էակներին մտածողութեան մի որոշ ձեւ եւ ուղղութիւն պարտադրելով՝ խեղում է
նրանց ոչ միայն մտապէս, այլեւ՝ հոգեպէս:
* * *
Ատորութիւն, երկչոտութիւն, դաժանութիւն - ահա' երրեակ կրքեր՝ կոյր հրէշներ, որոնք ծնում են իրարից: Երբ մէկը երկչոտ է, նա չի ուշանայ հռչակուելու ստորութեան իր գործերով: Իսկ ստորը անխուսափելիօրէն պիտի դաժանանայ: Ներոնը՝ երկչոտութեան, ստորութեան ու դաժանութեան այդ հրէշը քաջութիւն չունեցաւ՝ իր ամենաանարգ վիճակի մէջ իսկ՝ անձնասպան լինել:
Դաշոյնը՝ ստրուկների ձեռքով՝ վերջ դրեց նրա կեանքին:
* * *
Անէ՛ծք, եօթնիցս անէ՛ծք այն ճոխ սեղանին, որի շուրջը տեղ չունեն այն պատրաստողները միայն:
Ի՞նչ, միթէ նման սեղան չէ օրուայ ընկերային կեանքը: 
* * *
Մարդն օգտուել գիտէ եւ թոյներից՝ հիւանդութեանց դէմ: Վաղուց է ինչ նա մահուան դէմ հանել է հէնց մահուան զէնքը - թոյնը՝ այն չափաւորելով, բարեխառնելով:
Տարբեր են հոգեւոր աշխարհում գործող թոյն-չարիքները, որոնք մնում են բարոյապէս սպանիչ բոլոր դէպքերում:
Չէ', չի' կարելի չափաւորել, բարեխառնել չարիքը: Ըստ էութեան՝ չափ չունի չարիքը - իր բոլոր ձեւերի տակ մեծ է դա:
Միեւնոյն ճամբով է ընթանում կեանքը թէ' աշխարհակալի, թէ' այլոց ողորմութեամբ ապրող մուրացիկի - գերեզմանատան ճամբով: Ի զուր աշխարհ եկած չես լինի, եթէ այդ ճամբին մի հատիկ ծաղիկ աւելացնես կամ նրանից մի տատասկ հեռացնես:
Հաւատա' - մարդն ու աշխարհը աւելի են շահում շատերի համեստ, բայց մարդկօրէն բարի գործերից, քան սակաւաթիւ անհատների մեծագործութիւններից: Չի' լինում եւ բարութեան փոքրը. դա էլ միշտ մեծ է ըստ էութեան, մեծ իր ամէն մի արտայայտութեան մէջ: Բուդդան, մի կարապի կեանքը փրկելով՝ դրեց սկիզբը սրտի կրօնի, սիրոյ իմաստասիրութեան:
* * *
Ընկեր ու բարեկամ փնտրիր տառապանքի, ճշմարտութեան եւ կատարելութեան ճամբաների վրայ: Ընկերացիր ամէն տառապողի, ճշմարտութեան հետամտողի հետ, եւ միայն նմանների առջեւ բաց էութեանդ դռները:
Այս ճամբաներից դուրս, սակայն, եղիր ե'ւ փականք, ե'ւ բանալի շրջապատիդ համար:
* * *
ճշմարտօրէն ազատ է նա միայն, ով ազատ է մահուան երկիւղից:
* * *
Չեմ սիրում միայն ձեւական օրէնքի կողմից սահմանուած պարտականութիւները: Ի՞նչ կը կորցնէր աշխարհն իր հոգեւոր գանձերից, եթէ նման պարտականութիւնները մնային անկատար: Ձեւական օրէնքի հողի վրայ, լաւագոյն դէպքում, աճում են բացասական առաքինու- թիւններ միայն, որոնք հերոսական մի հատիկ տող չեն աւելացրել աշխարհի պատմութեան: Ձեւական ո՞ր օրէնքն է պահանջում, որ մարդկային անհատը մեռնի իդէալի, սրբութեան, հայրենիքի համար: Մի' գողանար - ահա' ձեւական օրէնքը, որը մարդը հեգնում է իր գոյութեան առաջին իսկ օրուանից: Գերագոյն արժէքների համար՝ ներքին մղումով, կամովին մեռնում է ո՛չ թէ ձեւական օրէնքի հպատակը, այլ մարդը՝
ներքնապէս ազատագրուած մարդը:
* * *
Թէեւ ամէն ժողովուրդ իր հայրենիքն ունի, մարդկութիւնը, սակայն, դեռ մնում է անհայրենիք:
Մարդկութի՛ւնն է մարդկութեան հայրենիքը, որ դեռ գոյութիւն չունի:
* * *
Բարիքը, որը բախուելով աւելի մեծ եւ անանձնական բարիքի հետ,
մեզ զրկում է նրանից՝ դառնում է չարիք:
* * *
Արդար լինելու համար՝ մարդկանց մէջ - թէկուզ թշնամիդ լինեն - փնտրի՛ր նախ նրանց լուսաւոր կողմերը:
Սկսեցի՞ր բացասականներից՝ պիտի չնկատես դրականները, վասնզի պիտի չուզենաս նկատել:
* * *
Ուժերիցդ վեր չէ որեւէ պարտականութիւն - որքան էլ ծանր լինի դա -
եթէ գտնում ես, որ պարտական ես կատարելու այն:
* * *
Նուազ զբաղուիր այլոց թերութիւններով, այլապէս պիտի դադարես սեփական թերիներիդ նկատել:
* * *
Միայն ստոր կրքերից զերծ մարդն է ընդունակ պայծառօրէն
խորհելու: Չարերը թանձրամիտ են լինում:
* * *
Ազգային հաւաքական երջանկութիւնը հնարաւոր է միայն յաղթահարուած - եւ ոչ՝ սանձուած միայն - ԵՍի հայրենիքում: 
* * *
Գինովութիւններից ամենազգլխիչը իշխանութեամբ գինովնալն է:
Նմանը հեշտութեամբ է կոխում-անցնում իր իշխանութեան սահմանները, եւ յաճախ ի չարը գործ դնում այն: Եւ մի օր էլ, անխուսափելիօրէն, դառնում է - լատինասութեամբ՝ տ81օատ օ18Ր8Տ բ8էՐ8է0Ր - վատութեանց դիկտատոր:
* * *
Արդա՛ր է, որ միշտ էլ գիտութեան տանք վերջին խօսքը: Այսպէս վարուելով, սակայն, չմոռանանք, որ միայն տգիտութեան սահմանակցող միամտութիւնն է այս կամ այն գիտնականի շրթներից գիտութեան վերջին խօսքն սպասում:
Ամենագէտ չէ ե՛ւ գիտութիւնը - նա էլ վերջին խօսք չունի:
* * *
Չա՛փ ճանաչիր, առաւել եւս՝ փառասիրութեան մէջ:
ճիշտ է, աշխարհը ծափ է տալիս փառքով պսակուածներին, բայց անփառունակ աչքը - իմա՛ նախանձողի աչքը - դժուարաւ է տանում փառքի փայլը: Աշխատի՛ր, որ փառքդ ստուերիդ պէս ընթանայ ետեւէդ, բայց երբե՛ք՝ առջեւէդ:
* * *
Սրբութեան բարձունքներից մինչեւ գոյութեան գռեհը - ահա՛ ուղիների այն աշխարհը, ուր դեգերում է մարդկային ոգին: Եւ, բեւեռանում յաճախ - վսեմանում կամ գռեհկանում: Հէնց այդ բեւեռացմամբ
պիտի բացատրել սուրբի եւ սինլքորի գոյութիւնն աշխարհում:
* * *
Ինձ տրուած չէ առանց բարոյական զարհուրանքի դիտել մարդուն իր նուաստութեան մէջ: Այդ վիճակում տեսնել պիտի չուզէի թշնամուս անգամ: Լաւ է դժբախտ, քան նուաստամիտ լինել: Նուաստանալով՝ ենթական խաթարում է իր մարդկային կերպարը, սպանում իր ներքին մարդուն: Չնուաստանալու համար՝ սպարտացի մանուկը քարի վրայ իր գանգը փշրեց:
Սի՛, մի՛ նուաստանար, անգա՛մ Աստծուդ առջեւ:
* * *
Անբարոյական է այն ամէնը, որ նուազեցնում է մեր հոգեկան արիութիւնը:
* * *
Ո՛չ խորութիւն, ո՛չ բարձունք՝ հոգեւոր տափարակ - ահա' նա, որ եւ ուսուցիչ է, ե՛ւ հասարակական գործիչ միաժամանակ:
Միտքս խռովուած էր այդ օրը, երբ հանդիպեցի նրան, եւ փորձեցի խօսել յաւիտենական առեղծուածների մասին:
Կը սպասէի իր խօսքին, երբ ձեռքը տանելով դէպի գլխարկը՝ դիակնօրէն յարեց. «Վերջերս անկանոն է քունս». Եւ, բաժանուեցինք:
Խե՛ղճ ժողովուրդ, վա՛յ քեզ, վա՛յ մանուկներիդ, եւ երի՛ցս վա՛յ ապագայիդ:
* * *
Կռիւներում հերոսանալուց աւելի դժուար է կեանքում հերոսավայել կեցուածք ունենալը:
Հերո՞ս ես՝ ապա ուրեմն՝ աշխատիր բոլոր պարագաներում արժանի լինել անուանդ:
* * *
Հերոս չէ նա, ով գիտակցում է, որ ինքը հերոս է: Ոգու հսկայ լինելով հանդերձ, ծերութիւն չճանաչող մանուկ է հերոսը, որը սխրագործելիս իսկ
կարծում է, թէ կատարում է մի շատ սովորական գործ, եւ ոչ աւելին:
* * *
Մեծ մարդը՝ մեծ նաւի կը նմանի: Վա՛յ նրանց, որոնք հանդիսանում են իբրեւ թիրախ՝ նրա հարուածներին:
Նա զօրաւոր է, երբ չափւում է զօրաւորների հետ: Աակայն, վա՛յ իրեն, երբ փորձում է պաշտպանուել՝ այն էլ աննշան հակառակորդների դէմ:
* * *
Երբ խօսքդ սրբազանօրէն կամ ողբերգօրէն բարձր առարկաների մասին է, աշխատի՛ր, որ նրա վրայ արեան հետքեր լինեն - ե՛ւ սրտիդ, ե՛ւ մտքիդ արեան: 
* * *
Նոր ամէն մի ցաւ ինձ կրկնել է տալիս.
«Չէ' որ դու ինձ չես ընկճի: Դու, որ թեւատում ես տկարներին, պիտի աւելի եւս ջրդեղես իմ ոգին: Արդ, թէ ինչու եմ ողջունում քեզ: Միայն քո
շնորհիւ հզօրը դառնում է հզօրազօր: Այժմ այդպիսին է իմ ոգին»:
* * *
Դերեր կան, որոնք միջակութիւն չեն վերցնում: Կա՞յսր ես՝ եղիր Մարկ Աւրելիոս. Իմաստասէ՞ր ես՝ եղիր Պղատոն. Զօրավա՞ր ես՝ Աւարայրի Վարդան եղիր:
Մեծ պաշտօններն առանց հոգեկան մեծութեան նման են կաւէ
անդրիի՝ դրուած ոսկէ պատուանդանի վրայ:
* * *
Ազգային ոգի - ահա' գերագոյն հերոսը, միակը, մեր պատմութեան անիւը դարձնող, մեր հաւաքական ճակատագիրը վարող հերոսը:
էապէս միայն դա է գործում պատմութեան մէջ եւ պատմութեան համար: Անհատ հերոսներն ոչ այլ ինչ են, եթէ ոչ միայն անձնաւորողներն այդ ոգու:
Մեռնում են հերոսները՝ Մանուէլները, Մուշեղները, Վարդանները. մնում է, սակայն, նրանց ոգին, որն իր մարմնաւորումը գտնելով այլ հայերի մէջ՝ շարունակում է ապրել ու ներգործել:
Եւ հէնց սրանում է հերոսների անմահութիւնը: Չէ', չի' մեռնում հերոսը. նա միայն իր անօթն ու անունն է փոխում:
* * *
Իր ժողովրդի հոգեկան հզօրութեան արտայայտիչն է հերոսը, բայց ոչ եւ չափը: ժողովրդի հոգեւոր պոտենցիալը, նրա կարողական ուժերը չի արտայայտել եւ ոչ մի հերոս:
ժողովուրդն աւելին է, քան իր ամենամեծ եւ փառաշատ հերոսը:
* * *
Հերոսի կեանքը միշտ էլ մեծութեան ու փառքի դժուարին վերելք չէ միայն, այլեւ՝ Գողգոթա:
Քիչերին, շա՛տ քիչերին է տրուած վայելելու իրենց փառքը - այն սակաւաթիւներին, որոնք յաջողում են իրենց վերելքի ժամանակ շրջանցել Գողգոթան:
* * *
Աշխատի՛ր, որ խօսքդ լինի համակ լոյս եւ ճշմարտութիւն - կայծա՛կ,
որը զարկելուց առաջ լուսաւորում է առարկաները:
* * *
Բաներ կան, որոնց էութիւնը տկար խօսքը արտայայտում է այն չափով միայն, ինչ չափով կաթիլն արտացոլում է անսահմանութիւնն ու վեհութիւնը աստղալից երկնքի:
Մենք ազդում ենք ոչ այնքան նրանով, որ յաջողում ենք արտայայտել, որքան՝ մեր խօսքի ցաւով, որ չենք կարողանում արտայայտել մեր զգացածը:
Կարողանալ ընթերցողին, լսարանին զգացնել տալ ա՛յն, որ մեզ չի յաջողում արտայայտել - ահա՛ հէնց այդ անարտայայտելի զգացողու- թեամբ են ազդում ճշմարիտ գրողն ու հռետորը:
Սրանում է նրանց բարձր կարողութիւնը, գերագոյն արուեստը: Նրանք տիրում են խօսքի հոգուն, նրա բովանդակ էներգիային, նրա առաւելագոյն արտայայտչականութեան - անարտայայտելին արտայայտելու իրենց ճիգի, ցաւի, հզօր խօսքի իրենց կարօտի զգացողութեամբ:
Ամենաարտայայտի՛չը խօսքի.
Ա՛հ, սրա ցաւը ես զգացել եմ ողջ կեանքում:
Արդեօ՛ք, դա միայն խօսքի աստուածների՞ն է տրուած: Երեւի՛:
* * *
Երբեմն ժամն աշխատում է ե՛ւ վատերի համար, իսկ ժամանակը՝ միշտ էլ եւ բացառաբար՝ արժանաւորի՛:
ժամը երբեմն ժպտում է, բարձրացնում նաեւ անարժանին, ժամանակը, սակայն, մի օր նմանին իր կեղծ բարձունքից զարկում է գետին, փառազրկում:
ժամի ծնունդ է ամէն բախտահաս:
Դո՛ւ, բարեկա՛մ, մեծ բան մի համարիր այն, որ քեզ տալիս է ժամը, վայրկեանը: Դու գործիր ժամանակների՛ համար: 
* * *
Ուզո՞ւմ ես յաղթահարել ցաւդ՝ արձանացուր այն, ապա՝ կանգ առ նրա առջեւ ու ասա. «Այո՛, բարեկա՛մ, անծանօթ չենք իրար. քեզնից առաջ ես ճանաչում էի ուրիշներին, քեզնից աւելի մեծերին»:
* * *
Մեր սեփական ցաւերը մեղմելու, մոռանալու մի հատիկ միջոց կայ - մտածել այլոց ցաւերի մասին:
* * *
Զինաթափուած ամէն մի կիրք մի նոր զինակից է, յաղթահարուած ամէն մի ցաւ՝ հոգեւոր հզօրանքի նո՛ր աղբիւր: Գիտե՛ս, ցաւից վայում էին աստուածները Ողիմպոսի, երբ նրանց կողքերին Արամազդի շանթերն էին թաղւում: Քեզ, բարեկա՛մ, քեզ վայել չէ ցաւի նման արտայայտութիւնը, վասնզի դու մարդ ես, մարտի՛կ:
Ուրեմն, սովորի՛ր ժպտալ անգամ տառապանքների եւ զրկանքների մէջ: Նման պահերի՛ն է աճում, հզօրանում, վեհանում մեր ոգին: Կանգնի՛ր բարձր ճակատագրից եւ դու կը մնաս անմատչելի տկարութեան համար: Յո՛ւշ առ՝ մարդս կարող է, նրան տրուած է լինել աւելի զօրաւոր, քան է՛ աշխարհը:
Ահա՛ գերագոյն երանութիւնը, որին ձգտում է հոգիս:
Քալէ՛ իմ ճամբով, բարեկա՛մ:
* * *
Ո՞րն է պատմութեան ամենաուսանելի դասը:
- Չկորցնել չափի զգացումը, երբ դիպուածը մեր ախոյեանին մեր ձեռքն է յանձնել: Վաղը պատմութիւնը կարող է մեր ախոյեանին կարգել դատաւոր՝ մեզ դատելու համար: Եղի՛ր արդար, արդա՛ր եղիր, քանզի դա է լաւագոյն քաղաքականութիւնը: Գիտցի՛ր, մեր արդարութիւնից մենք ենք առաջին շահողը: Մեր երկրագնդի վրայ դեռ ոչ ոք է զղջացել արդար լինելու համար:
ճշմարտօրէն զօրաւո՛րն է արդար:
Եւ, միայն արդա՛րն է ճշմարտօրէն զօրաւոր:
* * *
Երջանկութի՛ւն: Ո՞վ է երջանիկ:
- Հիւանդի համար՝ առողջը, աղքատի համար՝ հարուստը, այն վերջինի համար՝ է՛լ աւելի հարուստը:
Երջանիկ է ե՛ւ կալանաւորը, որի խուցի կոյր պատուհանով արեւը, երբեմնակի, իր մէկ-երկու աղօտ ճառագայթն է ներս ուղարկում: Չէ՛, չկան, նոյնիսկ աշխարհիկ առումով երջանիկներ չկան: Կան մարդիկ, որոնց դժբախտները երջանիկ են համարում: Կան, սակայն, գերերջանիկնե՛ր - նրանք, որոնց յաջողում է իրենց
կեանքի գործը հերոսական մահով պսակել:
* * *
Ես իմ կեանքով հաստատեցի Հերոդոտոսի խօսքը. «Վտանգաւոր է չափից աւելին ցանկանալ»:
Ես ուզեցի, որ մեր ցեղի գոյութեան թշնամին հէնց իմ օրով նստի իր հայրենիքի փլատակների վրայ, եւ վայէ՝ նախանձելով եօթնիցս
անիրաւուած իմ ժողովրդի ճակատագրին:
* * *
Տեսնո՞ւմ էք թիթեռնիկի հետեւից վազող երեխային: Նրան գուցէ եւ յաջողի բռնել իրեն հրապուրող թռչող ծաղիկը, բայց, աւա՛ղ, կարճատեւ է լինելու իր ուրախութիւնը - նա պիտի սպանի նրան, կամ էլ փախցնի առանց ուզելու:
Արդեօ՛ք նոյնն էլ տեղի չի՞ ունենում երջանկութիւն կոչուած թիթեռնիկին հետամտող չափահասների հետ:
Որքան եթերային է թիթեռնիկ-երջանկութիւնը, այնքան կոշտ է մարդկային էութիւնը: Միայն հոգու մշակոյթի դարի՛ն է տրուած լինելու, միաժամանակ, նաեւ երջանկութեան դար, որը կանխած պիտի համարել սակաւաթիւ նրբահոգիներին միայն, որոնց շարքում առաջին տեղը խորհրդագէտ (սիմվոլիստ - խմբ.) Մեթերլինգին է պատկանում, անվիճե- լիօրէ՛ն:
* * *
Արդարեւ, առանց գիտութեան հնարաւոր չէ վերակառուցել բնութիւնը. ճիշտ է, սակայն, ե՛ւ այն, որ գիտութեամբ չես հոգեփոխի, չես վերանորոգի մարդուն: 
Գիտութիւնը մարդկայնացուցիչ յատկութիւն չունի - նրանից օգտւում են եւ բարի, եւ չար նպատակների համար: Ահա' թէ ինչով պիտի բացատրել մարդկային անհատի բարոյական անմշակութիւնը գիտութեան մեր դարում: Մարդկայնանալու համար պէտք է հետեւել նախ Աոկրատին, ապա յետոյ՝ Դարուինին:
* * *
Մարդու բարոյական կողմը, ամէն բանից առաջ, արդիւնք է իր հետապնդած մեծ ու փոքր նպատակների:
Ամէն մի նպատակ, ըստ իր որակի, ենթակայի մէջ առաջացնում է որոշ հոգեվիճակ, իսկ այդ վերջինը կաղապարում է նրա նկարագիրը, նրա էութեան հոգեւոր կողմը, նրա ներքին մարտը: Նպատակը, նպատակա- սլացութի'ւնն է կեանքի շարժիչ ոյժը: Նոր նպատակադրութիւն, ասել է՝ ներքին ուժերի նոր շարժ, մտածողութեան նոր ուղղութիւն, պայքարի նո'ր հրայրք:
Ուժածին է ամէն նպատակ, եւ իբրեւ սկզբունք, նաեւ՝ արգասաւոր է, սակայն, ոչ հաւասար չափով:
Անձնական նպատակներն զբաղեցում են մեր ուժերի նուազագոյնը միայն:
Մարդը հոգեպէս աճում է առաւելապէս այն դէպքերում, երբ շարժման մէջ է դնում իր ուժերի առաւելագոյնը եւ լաւագոյնը: Դժբախտութիւն է աննպատակութիւնը - հոգեկան աղէտ, քարացում, մահ, որի ժամանակ ենթական տառապում է հոգեկան կարկամութեամբ, ճղճիմութեամբ, հոգեսպան մանրագործութեամբ:
Կործանարար են այլամերժօրէն եսական, ստոր նպատակները, որոնք անպատիժ կերպով հետապնդել չի կարելի:
Նման նպատակները լինում են հոգեսպան, մանաւանդ պատանեկութեան համար:
Պատանի', ասա' քո նպատակը, որ ասեմ քո երիտասարդութիւնը:
* * *
Երիտասարդութիւն, աշխարհի անգերազանցելի գեղեցկութիւնն ես դու, երբ բարձրանպատակ ես:
Արդարեւ, չկայ գեղեցկութիւն, որ զօրէր ստուերարկել հերոսական կեցուածքդ, երբ կանգնած ես պսակահաս կէտի վրայ, մրցութեան դափնին ձեռքիդ:
* * *
Հայուն յատուկ է սրբութեան զօրաւոր զգացումը՝ աղբիլրը հոգեւոր անսպառ ուժի, նուիրումի, պաշտամունքի: Նրա համար բարձր ստորոգութեան առարկաները - հայրենի հող, նախահայրեր, մայրութիւն - վերա- ցարկուելով մարդկայինից՝ դառնում են սրբազան: Վերաբերմունք դէպի այդ կարգի առարկաները - ահա' մի այլ փորձաքար, որի վրայ ճշտել կարելի է ժողովուրդների նկարագրի մետաղը:
«Ամենագեղեցիկն աշխարհում իմ մօր աչքերն են»,- ասել է հոգեվարող Նիցշէն:
«Ամենաբարին աշխարհում իմ մօր դէմքն է»,- ասում եմ ես:
Մայր, հայ մայր, դու եւ mater dolorosa - թախծութեան մայր, եւ մհերածին Խանդութ, երիցս օրհնութիւն քեզ:
«Մօր սիրտը միշտ էլ այնտեղ է, ուր իր ծնունդներն են. թէեւ մեռնում է մայրը, իր սիրտը, սակայն, շարունակում է բաբախել իր ծնունդների համար. մօր սիրտը մեռնում է իր վերջին ծնունդի մահուան օրը».
Այսպէս կը խօսէր մայրս իր խանդաղատանքի ժամերին:
* * *
Կալանաւոր էի ցարի օրով, եւ մայրս ամէն Կիրակի ինձ այցի կու գար հեռաւոր գիւղից. կու գար ոտքով:
Իր նիոբէական վշտից ազդուած՝ կը զայրանայի, որ ինձ համար կը նահատակէ իր անձը: «Ի՞նչ,- կը պատասխանէր,- կա՞ռք նստեմ, կա՞ռք վայելեմ, երբ շղթաների եւ զրկանքների մէջ ես դու».
«Դէպի քաղաք ճամբայ ընկնելուց առաջ,- կը պատմէին քոյրերս,- մայրիկը հսկումի է կանգնում Տիրամօր առջեւ, արիւն լալիս, կուրծքը եկեղեցու քարերին քսում մինչեւ որ արիւնեն ստինքները. խե'ղճ կին՝ կ՛ուզէ որ քարերն էլ զգան իր ցաւը»: Ահա' մայրը, որի նման են բոլոր հայ մայրերը:
* * *
Այն օրէն, երբ մարդու մէջ, առաջին անգամ լինելով, շանթեց մտածումը, թէ աշխարհը կարող է լինել - եւ պէտք է որ լինի աւելի բարեկարգ, աւելի արդար քան որ է', եւ որ այդ անկատարելութեան պատճառը ինքը մարդկային ազգն է - այդ օրուանից մարդը ճանաչեց տառապանքը: 
* * *
Մարդկութիւնը տառապանքին կը պարտի իր հոգեւոր ողջ մշակոյթը:
Ով տառապանքից է փախչում՝ կատարելութիւնից է փախչում:
Ով չէ տառապել՝ չի՛ աճել, չի՛ հզօրացել ոգով:
* * *
ճշմարիտ ամէն մի արուեստագէտի մէջ առկայ է տառապողը, խորապէս տառապողը:
Եւ հէնց տառապանքն է ստեղծագործում:
* * *
Կայ ե՛ւ բարոյական հերոսութիւն՝ ժպտա՛լ, ժպտալ գիտենալ անգամ ամենաանմարդկային տառապանքների մէջ՝ այն կրելով իբրեւ բարձրագոյն պատուանշան, իբրեւ առիւծի մորթի, որ հնում հերոսներին էր տրւում:
* * *
Քեզ մի՛ կարծիր այն, ինչ որ չես: Մի՛ չափազանցիր կարողութիւններդ, մի՛ խաբիր քեզ. կեանքը մի օր պիտի փորձի դնի՛ ուժերդ: Աշխատիր լինել ա՛յն, ինչ որ կ՚ուզէիր կարծել քեզ:
* * *
Ներքին թշնամիներիդ - յոռի կրքերիդ յաղթել կարող ես այսօր, հէնց
այսօ՛ր. թողեցի՞ր վաղուան՝ կասկածելի է դառնում յաղթանակդ:
* * *
Քաղաքական սուրբեր են նրանք, որոնք իրենց ուսերին՝ ի խնդիր իրենց ժողովրդի լաւագոյն ապագայի՝ առնում են ծանր բեռ, քան մարդկօրէն կրել կարելի է:
Նմաններին երի՛ցս փա՛ռք:
* * *
Անպարտելի է մնում նա, ով մահն է ընտրում իրեն առաջնորդ:
Այսպէս վարուել, ասել է՝ մահը դարձնել ներքին զօրութիւն, ներուժ կեանք եւ յաղթանակի պրինցիպ:
Այսպէ՛ս է վարւում նահատակը, հերոսը:
* * *
Յաճախ կաշառւում են պատմաբանները, պատմութիւնը - երբե՛ք:
* * *
Արեւն արտացոլւում է ե՛ւ ծովի, ե՛ւ նրա աննշան մի կաթիլի մէջ: Իսկ ճշմարտութիւնը - հոգեւոր աշխարհի արեւը՝ մարդու ե՛ւ մեծ, ե՛ւ չնչին գործերում:
* * *
Մեր գործերում կայ այնքան բարութիւն միայն, որքան ճշմարտութիւն կայ մեր խօսքի մէջ: Եւ, բարութիւնը ոչ այլ ինչ է, բայց եթէ՝ մարմնացեալ
ճշմարտութիւն. իսկ ճշմարտութիւնը - վերացականացած բարութիւն:
* * *
Բաներ կան տիեզերքում, որոնց մասին մարդը գիտէ այնքան միայն, որքան միօրեայ կեանքով ապրող միջատը՝ Պղատոնի նախայաւիտենական գաղափարների մասին:
Եթէ բռնութեան ծոցում մնայ նոյնիսկ մի հատիկ գաղտնիք՝ ճշմարտութիւնը մարդու համար - աբսոլիւտ ճշմարտութիւնը պիտի շարունակէ մնալ իբրեւ մի աներեւոյթ աստուածութիւն: Տիեզերաշէնքի եւ բնութեան այդ վերջին գաղտնիքին տիրելով միայն մարդս կը դառնայ ճշմարտա- ճանաչ: Մինչեւ այդ մարդու ճակատագիրը պիտի կազմեն գիտական հիփոթէզը եւ հաւատը:
* * *
Երիցս նահատակ է նա, ով մենակ է կրում ճշմարտութեան բեռը:
* * *
Խորապէս մեղանչում է մարդը՝ մահուան գաղափարը յաւիտենական կորուստի հետ կապելով:
* * *
Կորուստ չկայ տիեզերքում - կայ անդադարում մի շարժ, որի ընթացքում կերպարանափոխուելով հոսում է ամէն ինչ: Nauta Dei - պիտի ասէր դիալեկտիկ փիլիսոփան: Մեռաւ՝ չէ նշանակում ոչնչացաւ, 
կորաւ, այլ կերպարանափոխուեց, թողնելով իր նիւթեղէն անօթը երկրին, ոգին՝ մարդկութեան: Չլինէր ոգու անմահութիւնը՝ չէր լինի նրա կատարելութեան ձգտումը, նրա առաջընթացը, որի ճամբու վրայ ամէն մի խորհող էակի կեանքը միառաջաքայլ է: Եթէ էապէս գոյութիւն ունենար մահը՝ յաւիտենական կորուստի իմաստով, չէր ապրի մարդկութեան անցեալը, որին կրթնելու կարիք է զգում եկող ու անցնող ամէն մի սերունդ:
Լինէր մահը՝ անցեալը կը լինէր մեռեալ, իբրեւ մի խաւարչտին գիշեր, իբրեւ մի անդունդ դատարկ եւ անխօս:
Անմեռ ու անկորուստ է մարդկային ամէն մի գործ, ամէն շարժուձեւ: Իբրեւ անօթ՝ վաղուց է խորտակուել Բեթհովէնը, չկայ նա, կան, սակայն, մնում են նրա ակկորդներն աստուածային:
Դարեր է, ինչ կեանքից մեկնել է Միքելանջելոն, սակայն, ապրում է իր «Մովսէս»ը:
Եկաւ, ասուպի պէս փայլատակեց ու անցաւ Բոնապարտը՝ սերունդների զարմանքը շարժելով, մնաց, սակայն, սահման չճանաչող փառասիրութիւնը, մնաց մեծութեան ծարաւն անյագ, նոր Բոնապարտների կարելիութիւնը, մնաց:
Այսպէս է գործում ոգու դիալեկտիկան: Մահ չկայ, կորուստ չկայ տիեզերքում, կայ աստիճանական ոգիացումը նիւթի, ոգու անվերջ
զարգացում, կատարելագործում կայ:
* * *
Բարեկա'մ, երբ յաւիտենական բաժանումդ դարձաւ անխուսափելի՝ աշխարհից քաշուիր այնպէս, ինչպէս արեւն է քաշւում: Չկայ մահ, կայ անցում մի այլ ոլորտ: Անմեռ է մեզ սկզբնաւորող, մեզ շնչաւորող զօրութիւնը, բանը, ոգին:
Մի՞թէ մեռնում է լոյսի ճառագայթը՝ արեւին, իր սկզբնաղբիւրին վերադառնալով:
* * *
Մահը տրուած է մարդուն՝ այն յաղթահարելու համար:
* * *
Միայն կամաւոր նահատակն է բացարձակ ազատութիւն վայելում: Նրան է տրուած՝ զգալ իրեն բարձր մարդկային օրէնքներից, եւ դուրս մարդկայինի սահմաններից: Նրան անծանօթ է երկիւղը մահուան: Նրան չէ կարելի վախեցնել. նրանից վախենում են, թէեւ անզէն ու անչար է նա:
* * *
Ամէն մարդ իր տեսանելի կամ աներեւոյթ դաստիարակիչն ունի, որի դերն ու ազդեցութիւնն իր նկատմամբ շարունակւում են մինչեւ գե- րեզման:
Մէկի փոխարէն՝ ես երկուսն ունեցայ՝ Մամիկոնեաններն ու Մասիսը: Առաջիններն ինձ հայրենիքի համա՛ր մեռնելու տենչ ներշնչեցին: Երկրորդը՝ սէ՛ր դէպի հոգեւոր բարձունքները:
* * *
Երաժշտական ամէն աղմուկ՝ երաժշտութիւն չէ՛, քարակոփութիւնը՝ քանդակագործութիւն չէ՛, ամէն չափածոյ գրուածք՝ պոէզիա չէ՛:
Ստեղծագործութի՛ւն - ահա՛ գեղարուեստը:
Իսկ ստեղծագործում է մարդը՝ մղուած իր ներքին ուժերի լիութիւնից, առաւել եւս՝ իր ներշնչումի ուրախութիւնից:
Այլ խօսքով՝ նա ստեղծագործում է՝ իր ներաշխարհը արտայայտելու
անհրաժեշտութիւնից մտրակուած:
* * *
Տեսանող է ամէն ճշմարիտ արուեստագէտ: Նրա ներքին տեսադաշտում, նրա հոգու հորիզոնում՝ որոշ վայրկեաններում՝ յայտնւում են իդէալական պատկերներ: Ահա՛ հէնց այդ հմայիչ պատկերները, տեսիլքները յաւերժացնելու փորձի արդիւնք են արուեստները:
* * *
Խորհրդածում էի մարդկութեան ապագայի մասին, եւ միտքս կանգ առաւ ատոմի վրայ:
- Սա՛, սա՛ է ապագայի խորհրդանշանը եւ անօթը:
Սրա սրտում է թաքնուած ժողովուրդների վաղուան ճակատագիրը: Սրանով է պայմանաւորուելու - իբրեւ կարելիութիւն - վաղուայ կեանքի չարն ու բարին.
Ատո՛մ, դու անսիրտ աստուածութի՛ւն, ո՞վ, ո՞վ է գործի դնելու քո տարերային ոյժը - չարութեան ձեռք՝ պատերա՞զմը, թէ խաղաղութիւնը:
Ո՛հ, ես արդէն լսում եմ նախամահուան հռնդիւնները, եւ, միաժամանակ, ցնծութեան աղաղակները հազար հազարների.
Ես տեսնում եմ երկրի երեսը պղծող արիւնն ու աւերը, եւ շուշաննե՛ր, 
շուշաննե՛ր, աւելի փարթամ մշակոյթի շուշաններ. Եւ, ասում եմ վաղուայ խռովքով՝
- Օրհնութի՛ւն քեզ, սակայն, եւ անէ՛ծք քե՛զ, ատո՛մ, եթէ պատերազմին ու չարին պիտի ծառայես:
* * *
Չէ՛, բարեկամ, մայր չէ բնութիւնը:
Դա,- պիտի ասէր իմաստասիրական դպրոցներից մէկը,- «պատճառ ու հետեւանք» կոչուող մի կոյր խաղ է, որի ընթացքում արարածներից մէկի գոյութիւնը պայմանաւորւում է միւսի մահուամբ: Անդադար կառուցելու եւ կործանելու խելագարութի՛ւն, հեշտա՛նք, վամպիրիզմ՝ ասում եմ ես:
Իր զաւակները լափող առասպելական Կռոնոսը - ահա՛ բնութիւնը: Դա՝ ե՛ւ կերպարար է, ե՛ւ խաթարիչ, ե՛ւ կենարար, ե՛ւ սպանիչ, ե՛ւ մաքրութիւն, ե՛ւ ապականարար:
Տե՛ս, ամենանուրբ ծաղիկներով է նա զարդարել աղբակոյտերն անգամ, սակայն, կ՛անցնեն օրեր, գուցէ եւ՝ ժամեր, եւ նա կապուտաչուի շուշանները կը վերածի աղբի:
Ահա՛ մի դէմք՝ համակ կենդանի մարմարիոն, արի՛ւն եւ արեւ, որը վաղը նա կարող է պղծել ամենագարշ ախտի նշաններով - խոցերով: Միայն վայրկեաններ առաջ, անապատում, վագրի քաղցը յագեցնելու համար՝ նրա ժանիքներին յանձնեց տկար եղնիկին: Նոյն բնականութեամբ՝ այդ գազանին, իբրեւ կեր ու լէշ, նա պիտի յանձնի աւելի զօրաւորին:
Նրա համար հաւասարարժէք եւ հաւասարիրաւ են շունը, մանրէն, հանճարը: Պէտք էր ճիճուներ աճեցնել - չգիտես՝ ինչո՞ւ - եւ նա կտրեց կեանքի թելը Մեծն Մակեդոնացու:
Կուրութի՛ւն, դաժանութիւն, անհեթեթութիւն - ահա՛ իր յատկութիւնները: Հազարամեակներ առաջ՝ մէկը մարդկութեան ամենազգայուն զաւակ- ներից՝ Բուդդան, կարդալով բնութեան օրէնսգիրքը, ընդվզեց նրա դէմ: Չէ՛, բարեկա՛մ, մայրական չէ բնութեան գիրկը: Դու բնութիւնից դուրս փնտրիր այն, որ նա զլանում է մարդուն:
Յաւերժութեա՛ն, ինձ նման, յաճախ, յաւերժութեան կրծքին հանգչեցուր յոգնած գլուխդ.
* * *
Եւ խօսեցի ես ունայնութեան մասին.
- «Մարդն աշխարհ է ստեղծում եւ աշխարհից հեռանում անբաժին»:
- «Մարդու արժէքն ու արժանապատուութիւնը ստեղծագործելու մէջ է եւ ոչ՝ ունենալու: Եւ, քանի որ ոչ ոք ոչինչ չի տանում աշխարհից՝ լաւ է, որ մարդս մի բան թողնի աշխարհում, թէկուզ՝ առիւծի պէս՝ արեան հետքեր մարդկային անապատում»՝ Մասիսն ինձ ասաց:

Կարգ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ (08-Հնս-2011) | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ Դիտումներ: 1982 | Պիտակներ: ГАРЕГИН НЖДЕ, Garegin Njdeh, Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]