// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

ՑԵՂԱԿՐՕՆ ՈՒԽՏԵՐ

- «Ես հազար անգամ յանձն պիտի առնէի բռնութեան վտանգը, քան՝ ցեղիս այլասերումը»:
ԳԱՆԴԻ

«Հայ կեանքը, սակայն, ունի ե՛ւ մի ուրիշ կողմ, ուր տեղի է ունենում ցեղի ոգու նոր շարժը, ուր հոգիների մէջ սկսել է հոսել թրքատեցութիւնը որպէս հրեղէն հեղեղ, նոյնքա՛ն զօրաւոր, որքան ցեղապաշտութիւնը մեր: Մեր կեանքի այդ բաժնում հայ տառապանքն ու ամօթանքը միացած, նախապատրաստում են ծնունդը նոր հայու: Մեր տիտանական ցաւից ծնունդ է առնում մի նոր կրօն - հպարտութեան կրօնը: Իր սեփական տառապանքի մէջ մկրտուած հայն է աշխարհ գալիս: Նա իջնում է ցեղի ոգու բարձունքներից՝ ցեղի խօսքը շրթունքներին: Նա սէր է աւետարանում, սէ՛ր դէպի ինքնակառուցում՝ ինքնայաղթահարումի ճամբով: Եւ մահ է քարոզում, մահ հայ տկարութիւնը սնուցանող բոլոր չաստուածներին՝ հին ու նոր: Նա գալիս է վերականգնելու մեծութիւնը հայ անունի, որ այնքան հայհոյուած է այսօր:
Չէ այլեւս չի կարելի այսպէս ապրել, քանզի աննախընթացօրէն սպանիչ է մեր նուաստութիւնը - այս ցնցող գիտակցութիւնից ծնունդ առած աշխարհ է գալիս ցեղային բարոյականով միւռոնուած հայը: Նա՛, որ ներոյժ կերպով ապրած է մեր ժողովրդին վիճակուած ողբերգութիւնն ու ամօթանքը - նո՛ր հայը, որի դրօշակից վաղը պիտի կախուի մեր ցեղի յաղթանակը: Այդ օրուայ համար է ապրում եւ գործում դաշնակցականը: Դեռ իր լինելիութեան մէջ է Դաշնակցութիւնը - նա դեռ չի ասել իր վերջին խօսքը:
Ահա՛ թէ ինչո՞ւ եմ ասում՝ օրհնի՛ր ճակատագիրը, որ հայ ես ծնած, բայց որպէսզի օտար ափերի վրայ հայ մնաս, եղի՛ր դաշնակցական» («Ցեղի ոգու շարժը»):
Այսպէս էի գրում ընդամէնը երեք տարի առաջ: Նախատեսում էի ծնունդը նոր հայու: Սպասում էի ցեղայայտնութեան: Եւ յայտնուեց ցեղակրօնը:
Ընթերցո՛ղ, ճանաչո՞ւմ ես ամերիկահայ ցեղակրօններին, որոնք անճառելի քաղցրութեամբ ասում են իրենց մասին՝ «մենք լեգէոն ենք»
որոնց ցեղականչ «Լսի'ր»ը զրնգում է, որպէս բարձր զանգակատնից իջնող ղօղանջ եւ Մեծ Ուխտի առջեւ ծռում հազարաւոր ծունկեր, խոնարհեցնում հազարաւոր ճակատներ, սարսռեցնում հազարաւոր սրտեր: ճանաչո՞ւմ ես ամերիկահայ ցեղապսակ սերունդը, որն աշխատում է դառնալ արդարութեան գործիք՝ այն խուժ ազգի դէմ, որ փորձեց գոյութեան գրքից մեր ցեղի անունը սրբել:
«Հայերը հպարտ զգալու որչա՜փ իրաւունք ունին, եթէ անգամ մը գիտնան, թէ իրենք փառապանծ անցեալ մըն են ունեցած: Բայց չեն գիտեր, դժբախտաբար»:
Անգլիական արդի մեծագոյն մարդաբաններից պրոֆ. Հետտընի այս խօսքին, որպէս պատասխան, ամերիկահայ նորահաս սերունդը յայտարարում է՝ «ես ճանաչում եմ իմ ցեղը, ես հաւատում եմ իմ ցեղին, ես պաշտում եմ իմ ցեղը, ես ցեղակրօն եմ»:
Նա յայտարարում է, որ այլեւս ըմբռնել է էմըրսնի խօսքի իմաստը, թէ՝ "Every man is un bundle of his ansestors". նա սկսել է հասկանալ, որ ամէն անհատ իր նախահայրերի կծիկն է, նա ըմբռնել է ժառանգականութեան օրէնքի այն ոյժը, որով նախահայրերի զօրութենականութիւնը փոխանցւում է անհատին, որպէս կենսաբանական կարողականութիւններ. նա ըմբռնել է, որ մարդկային բոլոր կենսակարողութիւնները միայն ցեղի արեւի տակ են ծլում, ծաղկում եւ բացւում:
Նա հասկացել է թէ՝ ցեղը եւ ժամանակը յաւիտենակից են. թէ՝ անանց է ցեղի ազդեցութիւնը. թէ՝ ցեղն է ժողովրդի ուժերի աղբիւրը. թէ՝ մարդկօրէն եւ ազգայնօրէն զօրաւոր է նա', ով ազատ է ասելու - ցեղի՛ս զաւակն եմ եւ ահա, օտարութեան մէջ իսկ, իր կաթը կը ծծեմ:Նա հասկացել է թէ՝ անհատը կտրուելով իր ցեղից, իր գոյութեան նախաղբիւրից - ապրելով մեկուսի, առնուազն դժւարացնում է իր հոգեւոր աճումը: Եւ ընդհակառակն՝ մնալով մշտահաղորդ ցեղի գերագոյն ոյժերին - նա՝ անհատը ապրում ու ապրեցնում է ցեղի յաւիտենական արժէքները եւ հէնց դրանով էլ նպաստում է իր հոգեկան ինքնահսկայացումին:
Նա սկսել է հասկանալ, թէ անհատների եւ ժողովուրդների վերելքն ու անկումը պայմանաւորւում են իրենց հարազատ ցեղի մասին կազմած ըմբռնումով: Որքան բարձր է անհատների եւ ժողովուրդների հասկացողութիւնը իրենց գերագոյն ծնողի - ցեղի մասին - նոյնքան հոգեպէս կայտառ, զօրաւոր, ստեղծագործ են նրանք: ժողովուրդների բարոյականը, որոնց հոգեւոր կեցուածքը, պայմանաւորւում են նոյնպէս իրենց ցեղի մասին կազմած պատկերումով: Եւ հէնց այս պատկերումը, ցեղաճանաչումի այդ հոգեւոր հայելիացումն է կռում ու կոփում ժողովուրդների նկարագիրը, որով եւ ճակատագիրը:
«Ես ցեղակրօն եմ», - այսպէս են խօսում Նոր Աշխարհի հայ մանուկը, պատանին, երիտասարդը - մեր ցեղի բարեկամներին՝ ուրախութիւն եւ թշնամիներին՝ ցաւ պատճառելով:
Այսօր, երբ հայ ճակատագրի վերեւ կախուած է եռագլխանի վտանգը - թուրքը, բոլշեւիզմը եւ հակազատագրական տարրերի պարտուողականութիւնը - ամերիկահայ նորահաս սերունդը ճիգեր է թափում հանդիսանալու կենտրոնը՝ ցեղային ոյժի, քաջառողջութեան եւ գեղեցկութեան:
Այսօր, երբ բոլշեւիկները՝ հայութեան տականքն իրենց տապարին կոթ դարձրած, փորձում են մեր ցեղի հոգեւոր անտառը կտրել՝ ամերիկահայ ցեղակրօնութիւնը ճիգ է թափում իր ուխտերի միջոցով կեանքի կոչել կրօնաքաղաքական թէ յարանուանական կաշկանդումներից զերծ ամբողջական հայը, նոր հայը, որ զօրէ դիմանալ մերօրեայ աշխարհի քայքայիչ պայմաններին: Նա ցեղաճանաչ է, նա գիտակցում է, որ իր ցեղը ամենադաժան պայմաններում իսկ եղել է եւ մնում է ինքնատիպ ստեղծագործող, որ ինքը զաւակն է այն մեծ նախահայրերի, որոնք հոգեվարելիս լալիս էին, որ չեն մեռնում ձիու վրայ՝ գոռ ճակատամարտում: Նա գիտակցում է, որ ինքը ցեղային բողբոջն է սրտի, մտքի եւ կամքի ա՛յն հսկաների, որոնք մի հատիկ փառք ճանաչեցին.- «Պատուոյ վէրքերով զարդարել իրենց մարմինները եւ կռիւներում իրենց ճակտի քրտինքը սրբել նիզակներով»:
Քիչ է խօսում ցեղակրօնը, որովհետեւ գործնապաշտ է, ջանապաշտ, որովհետեւ «ջանքն է, որ իրապէս մեր մէջ ստեղծում է նոր էակը, մարդկային անասունի մէջ պատրաստում մարդու յայտնութիւնը եւ մարդու մէջ՝ դիւցազնի արշալոյսը»:
Նա խօսում է՝ ուսանելու եւ ուսուցանելու համար, իսկ ուսանում եւ ուսուցանում է գործելու համար: Նա այնպէս է խօսում, որ իր ձայնի մէջ իր ունկնդիրները իր ցեղի ձայնը լսեն: Նա խօսում է այնպէս՝ որ իր լսարանը զգայ, թէ կայ գերագոյն հեղինակութիւնը - ցեղը, որ խօսում է ցեղակրօնի շրթունքներով: Ցեղային ինքնայարգանք, ինքնավստահութիւն եւ նկարագիր - ահա՛ թէ ի՞նչ է մշակում ցեղակրօնը իր մէջ:
Ասուած է՝ «Ամերիկան կ՚աշխատի, աշխատութիւնը կը պատուէ եւ գիտէ զայն կազմակերպել»: Նոյնը կարելի է ասել ե՛ւ ցեղակրօնի մասին: Նա իր գործն անթերի կերպով կատարելու կամք ունի: Նա ատում է անաշխատութիւնը եւ արհամարհում անջանութիւնը: Լեցուն քսակի սնոտի հպարտութեան փոխարէն՝ նրա մեծագոյն հպարտանքն է՝ դժուարութիւններ յաղթահարել:
Ամերիկեան միջավայրում, նրան գրաւողը երկնամերձ շէնքերն ու տիտանական կամուրջները չեն, այլ ամերիկացու ընկերամարդկային ճիգը, որի ծնունդն է իր նիւթական վիթխարի քաղաքակրթութիւնը:
Ցեղակրօնը սկզբունքի բարձրութեան է հասցրել իր ժամանակը օգտակարապէս գործածելու ձեւը: Նա ունի իր սրբավայրը - իր ո՛ւխտը - որում նա կռւում ու կոփում է յարանուանական, դասակարգային եւ ընկերային եսականութիւններից զերծ նոր հայը:
Ցեղակրօնը չի սիրում նրանց, որոնք ցեղը սիրում են իրենց զգացումի ոյժով, բայց մտքի տկարութեամբ, ինչպէս եւ նրա՛նց, որոնք սիրում են մտքի ոյժով, բայց կամքի տկարութեամբ: Ցեղակրօնը նրա՛նց հետ է, որոնք ցեղը սիրում են իրենց անհատականութեան բովանդակ ոյժով - մտքի, զգացումի եւ կամքի բովանդակ թափով:
Ցեղակրօնի համար հայ կոչուելու արժանի չէ նա, ո վ մեր երկրագնդի վրայ հայ անունից աւելի մի այլ բան է սիրում: Ցեղակրօնը՝ իր կեանքից աւելի իր ցեղն է սիրում:
Օտար միջավայրի գունատ արտացոլումը չէ ցեղակրօնը, այլ հայ ցեղայնութեան ճառագայթումն՝ օտար հորիզոնների տակ: Նա համակուած է պարտականութեան խոր գիտակցութեամբ՝ նրա՛նց հանդէպ, որոնք էի՛ն եւ չկան եւ նրանց՝ որոնք չկան, բայց պիտի գան: Ա՛յդ իսկ պատճառով՝ նա ապրում է աւելի բարձր կեանքով, նա իր կեանքին միացնում է անցեալի խորհուրդը եւ ապագայի հրայրքը:
Նրա կեանքում աւելի գեղեցկութիւն, ուրախութիւն եւ քաղցրութիւն կայ: Եթէ ամէն ոք, ինչպէս ասում է Շիլլերը՝ իր մէջ կրում է մի իդէալական մարդ - ապա՝ ամերիկահայ ցեղակրօն սերունդը իր մէջ կրում է վաղուայ անխառն ցեղամարդը:
Իմ արիւնի մէջ, ասում է ցեղակրօնը, կան ու կը մնան հետքեր Անիէ՛ն, Մամիկոնեաններէ՛ն, Մայիս 28ի սերունդէն - իմ ցեղի մեծութիւնէն:
Այդ իսկ պատճառով՝ բոլոր հայրենիքներէն եւ քաղաքական սահմաններէն ներս՝ նա մնում է հպատա՛կն իր ցեղի: Նա ձգտում է՝
ա) Ցեղակրօնութեան միջոցաւ զարգացնել իր մէջ այն բարոյա-կենսաբանական յատկութիւնները, որոնք կերտած են մեր ցեղի դիմագծութիւնը:
բ) Հայկական առհաւութեան դրական ոյժերը վերածել կենդանի ոյժի: գ) Կեանքի կոչել հոգեւորապէս եւ կենսաբանօրէն զօրաւոր հայը, որպիսին պահանջում է իրերի նոր վիճակը գաղթաշխարհում՝ առաջ եկած մեր տեղահանութեան, կոտորածների եւ տարտղնումի բերումով:
դ) Աճեցնել օտար այլասերիչ ազդեցութեանց հակազդող հայ ոգու դիմադրողական ոյժը:
Ասենք անցողապէս, որ ցեղակրօնը չի սիրում լսել միջավայրի այլասերիչ ազդեցութեան մասին: Այո՛, դա ազդում է, բայց դա անզօր կը լինի սպանել ինձ, քեզ, նրան, եթէ մենք ապրում ենք ցեղօրէն: 
Ցեղերի պատմութիւնը մեզ սովորեցնում է, թէ առանձին մարդը, ինչպէս եւ ժողովուրդը այնքան հզօր է եւ արդիւնազօր, որքան իր էութիւնը բաց է իր ցեղի հոգեւոր մակընթացութեան առջեւ:
Ցեղակրօնը չի սիրում ցեղօրէն անկերպարանը, նւաստը եւ վախկոտը - մասնաւորապէս այդ վերջինը: Այդ իսկ պատճառով՝ ցեղակրօն ուխտերի մէջ խստիւ արգիլուած է «մի՛ վախնար» խօսքը: Վախենալ մէկի համար՝ ցեղակրօնի հասկացողութեամբ՝ ասել է թշնամանել նրան:
Վախը ենթակային դարձնում է անակտիւ, ինքնապաշտպանուելու անկարող. դա սպանում է նրա պայքարելու կամքը եւ խղճմտանքի անկախութիւնը, կարճ՝ ամէ՛ն վսեմ զգացում: Նա յաճախ անհատների միջոցավ հոգեպէս հարուածում է, կազմալուծում ազգը: Ըստ ցեղաբանների - վախի թագաւորութիւնը տարածւում է մինչեւ ցեղերը: Դա արտայայտւում է կա՛մ տարերայնօրէն, կամ պարբերաբար: Վերջին ախտանշական ձեւը - նախերգանքն է ցեղի հոգեվարքի: Դա նշան է, որ ազգն այլեւս ազգ չէ, այլ մարդկային նախիր:
Իսկ նախրանում են ազգերը, երբ մնում են անցեղահաղորդ: Երբ ցեղահաղորդ չէ ազգը՝ նրա մէջ ցեղի ոյժերը - Տիգրան, Վարդան, Վահան կամ Մեսրոպ, Նարեկացի, Շնորհալի - մնում են քնած:
Ցեղակրօնութիւնը գալիս է հրահրելու այդ ոյժերի զարթօնքը եւ նրանց արտայայտութիւն տալու:
Ցեղային կարողութիւնների եւ առաքինութիւնների զգացումն ու արտայայտութիւնը պահանջում են որոշ հոգեբանական մթնոլորտ: Ցեղակրօնութիւնը ձգտում է հէնց այդ մթնոլորտը ստեղծել:
Նա ճգնում է աշխարհ բերել ցեղամարդը - ամբողջական հայ մարդը - որի մէջ եւ միջոցով պիտի արտայայտւեն ցեղի բովանդակ դրական ոյժերն ու յատկութիւնները:
Անցեղահաղորդը քարշ է տալիս իր մանր եւ պարզ գոյութիւնը: Նա չի ճանաչում աւելի բարձր եւ ընդարձակահորիզոն կեանք: Նմանը տկար է եւ դժբախտ, քանզի դեռ չի զգացել իր միութիւնը ցեղի հետ: Նաեւ երկչոտ է անցեղապաշտը, որովհետեւ չգիտէ օգտուել իր էութեան մէջ մթերուած կենսաբանական եւ հոգեւոր ոյժի ակնաղբիւրից, նրա շտեմարանից - իր ցեղի ոյժից:
* * *
Երկար այն ճամբան, որ մեր ցեղն է կտրել, անցել, իրաւունք է տալիս ցեղակրօնին հաւատալու, որ դա հիւթասպառ եղած չէ, որ, ընդհակառակը, նրա հողը անախտ է, մաքուր, իսկ հունտը՝ ազնիւ, զօրաւոր: Ցեղակրօնը լաւատես է խորապէս եւ հաւատում է իր գործին: Նա սովորելու կամք - աւելի՛ն գիտնալու եւ կարենալու ծարաւ ունի: Նրա պրոպագանդը առաւելապէս անձնական օրինակի պրոպագանդ է: Նոր ուխտակից գտնել - ահա՛ մի գործ, որի մէջ ցեղակրօնը յոգնել չգիտէ: Նա համոզուած է իր դաւանանքի փրկարար ճշմարտութեան: Նա տառապում է՝ տեսնելով ցեղի ստինքից կտրուած հայ մանուկը, պատանին, երիտասարդը: Ոգեկոչական է ցեղակրօնի խօսքը՝ խռովիչ, հոգեփոխող եւ՝ նոր ապրումի ու հոգեւոր լիութեան սնուցիչ: Չէ՞ որ ցեղն է նրա հոգեւոր կեանքի աղբիւրը: Ցեղաշունչ է իր խօսքը. դա խորհել է ստիպում: Նա չի սիրում պայքարի մտնել հին սերունդի - իր նախորդների թողած զէնքերով միայն, նա գիտակցում է թէ՝ անարդիական զէնք, ասել է անզինութիւն, անզէն բազուկ: Նա աշխատում է գիտութեան զինարանէն առնել իր կռուի զէնքերը:
Այսպէս վարուելով հանդերձ, նա չի մոռանում, որ «մարդս ի՛նքն է իր առաջին զէնքը»:
Յաղթել՝ ասել է գերազանցել: Գերազանցելու ճիգ է ցեղակրօնութիւնը: Պէտք է գերազանցել իր ցեղի արտաքին թշնամիներին, իսկ այդ բանում յաջողելու համար՝ պէտք է գերազանցել իր նախորդ սերունդին: Այդպիսով միայն ճշմարտօրէն յարգած կը լինենք մեր նախորդներին: Բաւական չէ հիացիկ վերաբերմունք, անգա՛մ պաշտամունք ունենալ դէպի անցեալ սերունդը - պէ՛տք է գերազանցել նրան: Հէնց սա է կեանքի առաջադիմութեան օրէնքը, եւ յարգանքի այն պսակը, որ իւրաքանչիւր յետնորդ պարտաւոր է դնել նախնեաց յիշատակների կոթողին:
Ցեղակրօնի համար չկայ աւելի մեծ վատութիւն, քան հոգեւոր խզումը սերունդների միջեւ: Նորահաս սերունդը կտրուե՞ց անցնող կամ անցած գնացած սերունդներէն - նա էապէս կտրւում է մինչ այդ գոյութիւն ունեցող ցեղի արժէքներէն ու սրբութիւններէն, կրօնէն ու բարոյականէն: Հին սերունդէն կտրուողը դառնում է հոգեպէս անհող եւ անուղի: էականը հոգեհաղորդակցութիւնն է սերունդների միջեւ, որի շնորհիւ վերջինները փոխանցում են ցեղի յաւիտենական բոցը, ինչպէս մոմը բոց է առնում մոմէն: Անդարմանելի չարիք է հոգեխզումը ժողովուրդների կեանքում՝ հին եւ նոր սերունդի միջեւ, որովհետեւ մի՛ է, միեւնոյն է, օրգանապէս իրար կապուած աւանդութեանց, բարոյականի եւ արժէքների խախտման հոգեբանական հիմքը:
* * *
Գերազանցօրէն հայկական է ցեղակրօնութեան գաղափարը: Այդ շարժումը կաղապարուած է մեր ցեղի էութեան վրայ: Դեռ խօսք չկար ֆաշիզմի եւ հիթլէրականութեան մասին, երբ ցեղակրօնութեան գաղափարը 1919ին ոտքի էր հանել մեր Դաւիթ Բէգեան ուխտերը Սիւնեաց աշխարհում, այն ուխտերը, որոնց զարկերի տակ փրկուեց բազմահազար հայ մտաւորականութիւնը բոլշեւիկեան տապարէն, ինչպէս եւ Ադրբէյջանին թողնուած հայոց լեռնաշխարհը ճանաչուեց որպէս Հայաստանի անբաժան մասը: Փոխառիկ գաղափարները - սոցիալիզմ, կոմունիզմ - չե՛ն փրկի մեզ, նրանք օտարներէն փոխ առնուած տեսաբանական զգեստներ են, որոնք այնքան են խօսում մեր հոգուն, մեր արիւնին, որքան սովորական զգեստը՝ մեր մարմնին:
Ցեղակրօնութիւն ասելով՝ Լեռնահայաստանում ժամանակին հասկանում էին ցեղային առիւծութիւն: Ամերիկայի մեր ուխտերի խորհրդանշանն էլ առիւծն է, որ վեդական կրօնի մէջ կը խորհրդանշէր երեք բան՝ կռիւ թշնամու դէմ, պաշտամունքի հասնող սէր եւ գերագոյն հրաժարում անձնական «ես»ից:
Իսկ բագրատունեան զինուորի համար, Անիի շրջանին, առիւծը կը խորհրդանշէր՝ հայ մարդու հաւատը դէպի իր ցեղի ոյժը:
* * *
Ցեղակրօնութիւնը - յաջողապէս ուղղուած այս շարժումը դարձել է մի դպրոց ամերիկահայ նորահաս սերունդի համար: Դա՝ ամերիկահայու- թեան ցեղահոգ «եղիցի՛ն» է:
Ցեղի հետքերով - ահա թէ ի՞նչ ասել է ցեղակրօնութիւն: Ցեղը, ցեղային արիւնը, ցեղի կամքը՝ աստուածացուած - ահա՛ դա՛ մի այլ բացատրութեամբ: Դա ասել է՝ խանդավառ ծառայութիւն եւ հնազանդութիւն ցեղին. դա պաշտամունքն է ցեղի - իր ոյժի, հանճարի եւ բազուկի: Դա մեր հաւատն է՝ դէպի մեր ցեղի կարողութիւնները:
Պաշտել ցեղը, ասել է՝ բոլորանուէր յանձնուել ցեղի կամքին եւ աշխատել, որ այդ կամքը դառնայ ինքնազօր եւ յաղթական: Ցեղակրօնը - ներկայացուցիչը իր ցեղի ոգու - դաւանում է թէ՝ Հայաստանը է՛ր, է՛ եւ պիտի մնա՛յ մինչեւ վախճանը ժամանակների:
Ցեղակրօնը, որի պաշտամունքի տարրերն են - ցեղային հանճար, ոյժ եւ արիութիւն - իր մէջ մշակում է զօրութեան մարդը:Նրա մօտ կենդանի է ոյժի զգացումը:
Նա զգում է, որ մօտենում է օրը՝ վերջին վճռական ճակատամարտի, որի համար չի ուզում անպատրաստ գտնուել:
Ցեղակրօնը, դա հայն է՝ նոր կենսազգացողութեամբ, հա՛յը, որ իր մէջ սկսել է զգալ հայ երկրի ընդերքում քնած երկաթը: Հա՛յը, որի էութեան մէջ ցեղի առիւծ-կամքն է արթնացել - ճակատելու, նորաստեղծելու եւ յաւերժանալու կամքը:
Հոգով արծիւ հայն է դա, որ նոր է իջել ցեղի պատմութեան բարձունքներից եւ ահա՛ թեւահարում է վերստին դէպի վե՛ր, դէպի հայոց պատմութեան կատարները: Դա գորշ առօրեայից, կեանքի թմբիրից, հոգեւոր մեռելութիւնից արթնցած հա՛յն է, որ շնչում է խոր, որի աչքերը վառւում են նոր յոյսի խանդից, որն իր կրծքի տակ զգացել է իր ցեղային ոյժերի ալեկոծուող ծովը, որը՝ նոր կենսազգացութեամբ՝ ապրում է մի նոր կեանք - ոյժի, արիութեան եւ հպարտանքի: Դա վահագնապա՛շտ հայն է - ուժապա՛շտը, զոհապա՛շտը: Ցեղահոգ Հա՛յն է դա, որ յայտարարեց - «Լոզա՞նը - ո՛չ, երբե՛ք»: Նա՛, որ զայրոյթով մերժում է աշխարհի անիրաւութեան դատակնիքը իր ցեղի ճակատագրի մասին: Ցեղապրումի ընդունակ հայն է դա, որ մի օր իր աչքը օտար հորիզոններից դարձրեց դէպի մեր երկիրը - մտասուզուեց մեր պատմութեան ալեծուփ ովկիանում, եւ մեր ցեղի կեանքի մագաղաթին նայելով, իր էութեան խորէն աղաղակեց,-
«ես կարդացի ցեղիս թողած աստուածային հետքերը երկրագնդի վրայ, տեսայ, համբուրեցի, պաշտեցի - ես դարձայ ցեղակրօն»:

Կարգ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ (12-Մյս-2011) | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ Դիտումներ: 1449 | Պիտակներ: Ceghakron, ГАРЕГИН НЖДЕ, ցեղակրոնություն, Цехакрон, Ցեղակրոն, Garegin Njdeh, Գարեգին Նժդեհ, ՑԵՂԱԿՐՕՆ ՈՒԽՏԵՐ, Ցեղակրօն, Tseghakron
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]