// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ

ՆՈՐ ՀԱՅԸ
ՎԱՂՈՒԱՅ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Տուէ՛ք ինձ ներցեղային բարոյականով առաջնորդուող մի հատիկ սերունդ, եւ ես ապահովեմ հայ ժողովրդի տեղն արեւի տակ

Առաջնորդը, որն իր ինչ եւ ինչպիսին լինելը մատնում է մասնաւորապէս մեծ վտանգների ժամանակ, ամէն ինչ է ժողովուրդների կեանքում՝ այբն ու ֆէն:
Նրա աջն է գծում ճակատագիրն ազգերի:
Նրա՛ն կը պարտեն ցեղերն իրենց հրթիռային վերելքը, ինչպէս եւ անկումը շռնդալի: Նա՛ է փառաց ի փառս եւ պարտութիւնէ պարտութիւն առաջնորդում մարդկային այս կամ այն հաւաքականութիւնը:
Նա՛ է անկեալ վիճակից բարձրացնում իր Հայրենիքը, ինչպէս եւ վերջինի բանալիները վատօրէն օտար դռնապաններին յանձնում:
Այո՛, ամէն ինչ է նա՝ ճակատագրողը, կենդանի ճակատագիրն իր ժողովրդի: Նրա հետ է սկսւում ժողովրդի փառքի կամ տկարութեան շրջանը: Եւ եթէ յաճախ ժողովուրդների մեծութիւնը վերջ է գտնում կատարեալ առաջնորդի մահուամբ, աւա՛ղ, նրանց դժբախտութիւնը չէ վերջանում ձախաւեր առաջնորդի հետ: Դժբախտ է սխալ եւ անզօրապէս առաջնորդուող ժողովուրդը, որպիսին է մերը: Վա՜յ այն ժողովրդին, որի առաջնորդը կատարեալ չէ՝ ապագան բազում խաչեր ունի պահած նրա համար: Խե՛ղճ է ժողովուրդը, երբ նրա առաջնորդն աւելի փառասէր է, քան հանճարեղ, երբ նրա առաջնորդին պակասում է մշակոյթը՝ սրտի եւ մտքի, երբ բռնուած նախանձի չար դեւով՝ նա տառապում է բարոյական դեղնութեամբ, երբ նա դաւանում է անձնական երջանկութիւն խոստացող այս կամ այն գահավիժող վարդապետութիւնը, երբ տկարութիւն ունի մեծ թուալու փանաքի գործերի մէջ, եւ փոքրիկ հանդիսանալու մեծ գործերում: Երիցս խղճալի է ժողովուրդը, եթէ նրա ռազմիկները խոր համոզմամբ չեն կրկնում, թէ «ամենաանառիկ համարուած բերդերն իսկ կառուցուած են գրաւուելու համար»:
Անէծք է առաջնորդի տգիտութիւնը, եսականութիւնը, նախանձը: Չի՛ եղել աւելի զարհուրելի թոյն, քան վատ օրինակը առաջնորդի, որ միշտ էլ վարակիչ է: Ազդում է նրա ամէն մի խօսքը, շարժուձեւը, ակնարկը: Երբ վատ է, վատթարագոյն են դառնում այն բոլորը, որոնք դժբախտութիւն են ունեցել նրա առաջնորդութեան յանձնուելու:
Եսակա՞ն է՝ անասնանում են նրա հետ առնչուողները: Ծո՞յլ է մտաւորապէս՝ հոգեւոր հնավաճառներ են դառնում նրան շրջապատողները:
Անհայրենապա՞շտ է՝ հակահայրենիք հրէշներ են վխտում նրա շուրջը:
Իսկ երբ անարի է՝ զզուելիօրէն երկչոտ են դառնում նրա իշխանութիւնը վայելողները:
Այսքան, ահա՛, ճակատագրական է առաջնորդի դերը ժողովուրդների կեանքում:
* * *
Կայ, սակայն, եւ կատարեալ առաջնորդը, այլապէս անհասկանալի պիտի մնար ազգերի պատմութեան մէջ այն ամէնը, ինչ որ վսեմ է, գեղեցիկ, հերոսական: Այո՛, եղել է եւ կայ դա, այլապէս անբացատրելի պիտի մնար որոշ ժողովուրդների նախանձելի վիճակը:
Նախ, ահա՛ նրա հոգեւոր դիմաստուերը մի քանի խոշոր գծերով - նա՛խ կրողը եւ ուսուցիչն է նա ցեղային բարոյականի: Գործել՝ նրա համար նշանակում է փարատել իր շրջապատի մտաւոր խաւարը, թմրութիւնը, տկարութիւնները. դա նշանակում է՝ ոչինչ չթողել իր շուրջը անթուրծ եւ խոտան, ծոյլ եւ մեռեալ վիճակի մէջ:
Ուժեղ իմացականութիւն, մեծ սիրտ եւ բոլորանուէր ծառայութիւն - ահա՛ նա: Նրա մէջ եթէ դեռ չի մեռել, ապա հոգեվարում է Ես-ը: Պարզատես է, վշտակիր, հերոս: Յայտնուելով այս կամ այն միջավայրում՝ նա հոգեբանօրէն փոխում է այդ վերջինը: Նրա ներկայութիւնը ազնուացնում է հոգիները, թեւաւորում, գօտեպնդում:
Նրա շնորհիւ անկարելի համարուածը դառնում է դժուարին, դժուարինը՝ կարելի: Շքեղ երազները դառնում են նպատակ եւ երջանիկ իրականութիւն: Նրան յաջողւում է փոխել իր ժողովրդի հոգեբանութիւնը, ճակատագիրը, պատմութիւնը: Սահման չէ դրուած նրա սիրելու եւ զոհաբերելու կարողութեան: Նա ծիծաղել գիտէ մարդկային մեռեալ օրէնքների վրայ: Սիրում է ամբոխը, բայց գիտէ յետ մղել նրա օրէնսդրութիւնը: Իմաստուն է, եւ գիտէ, որ «կան պատմական մոմենտներ, երբ ժողովրդին ծառայելու լաւագոյն ձեւը հանդիսանում է նրա հայեացքներին վճռապէս հակադրելու մէջ»:
Կատարելութեան ճամբին գտնուելով հանդերձ, նա իր անկատարելութեան գիտակցութիւնն ունի, եւ այդ իսկ պատճառով կը տառապէ խորապէս:
Լիկուրգոսն է դա, որի օրէնքների համաձայն անհատը կը դաստիարակուէր հասարակական նուիրումի եւ հաւաքական երջանկութեան համար: Դա Սնելմանն է, որի բարձր գաղափարների շնչով սրբուած եւ ուժաւորուած երբեմնի աղքատ եւ արբեցող ժողովուրդը Սուօմիի ճահճուտները պիտի վերածէր ճերմակ շուշանների հայրենիքի - Ֆինլանդիայի՛:
Դա Գանդին է, աշխարհիկ սուրբը վերածնուող Հնդկաստանի, որը գրանիտէ համոզում ունի, թէ առաջնորդի գերագոյն կամքը կարող է բարոյապէս կերպարանափոխել անգամ կաստայական փակուածու- թեամբ հիւանդ ժողովուրդը:
Դա նա՛ է, որ պիտի ծնի հայութիւնը, եթէ չի ուզում մեռնել. նա հրամայողաբար պիտի յայտնուի մեր կեանքում, կատարելով փրկարար դերը Լիկուրգոսի, Սնելմանի, Գանդիի եւ նմանների:
* * *
Առաքեալի սիրտ, իմաստասէրի գլուխ, ադամա՛նդ ճակատ - ահա՛ կատարեալ առաջնորդը: Նա չկայ, եւ ամբոխացած ու պարտուողական է մեր ժողովուրդը: Նա չկայ այսօ՛ր, ու վաղը թշնամին Արարատեան դաշտում կարող է անարգել կերպով կատարել անշուք թաղումը հայութեան մնացորդի: Չկայ կատարեալ առաջնորդը՝ եւ արտաքին վտանգը դառնում է աւելի ահաւոր, եւ դրա համար էլ թշնամու հարուածը պիտի լինի աննախընթացօրէն մահառիթ: Չկայ նա, այլապէս անհասկանալի պիտի մնար այսօրուայ մեր անկերպարան ու անմխիթար վիճակը: Չկայ նա, եւ դրա համար էլ գաղութահայութիւնը՝ գետեր կազմած՝ կ՚երթայ թափուելու օտար ծովեր: Չկայ, յուրախութիւն մեր ցեղի գոյութեան թշնամիների, չկայ դեռ ցեղակրօն առաջնորդը: Չկայ նա, կա՛յ, սակայն, սուր կարիքը նրա գոյութեան: Չկայ, բայց պիտի գայ նա, քանզի կայ նրա գոյութեան աղաղակող պահանջը: Նա չկայ, բայց պիտի գայ, քանզի հայը չի ուզում մեռնել. պիտի գայ, պիտի յայտնուի ՆՈՐ ՀԱՅԸ, որպէս ազգային ղեկավար՝ զինուորականի, պետական մարդու եւ մշակութային գործիչի դերերում. նա կը գայ, կը յայտնուի նոր էութեամբ՝ զերծ հին թթխմորէն:
Անձնական երջանկութեան վարդապետութիւնը - ահա՛ թշնամին մեր ցեղի հաւաքական երջանկութեան:
Ցեղօրէ՛ն, ցեղի յաւիտենականի, եւ նրա երջանկութեան համար - այդ նշանաբանով նա ձեռնոց կը նետէ մեր ցեղը մաշող հին բարոյազուրկ հասկացողութիւններին:
էվդեմոնիզմը - բարիկենդանապաշտութի՛ւն - ահա՛ անհատական երջանկութեան հրէշային դաւանանքը՝ հոգեւոր մայրը բոլոր տեսակի հակազգային եւ քանդիչ ուժերի:
Կանգնեցրէ՛ք զինուորին - ո՞վ է դա, որ լքած վահանը, վատօրէն փախչում է կռուադաշտէն. զօրավարին՝ որ նահանջի հրամանն է արձակել. հասարակական գործիչին՝ որ միայն հաց կը հոտի. կենսապաշտին՝ որի համար երջանկութիւնը լրումն է անհատական ցանկութիւնների եւ ո՛չ թէ կատարումը ներցեղային պարտականութիւնների:
Կանգնեցրէ՛ք այն բոլորին, որոնք ապրել գիտեն առանց մտածումի ազնուութեան, որոնք իրենց անզօրութիւնը ատելու քաջութիւն իսկ չունին, որոնք քաղցր խաբկանքի մէջ կը պահեն իրենց ժողովուրդը, եւ հակադարձ ալիքի հարուածէն սարսափած՝ ոչինչ չեն ձեռնարկեր իրենց ցեղի ապագայի համար. նրա՛նց՝ որոնք գիտեն, թէ իրենց ժողովրդի մէջ խորապէս անարգուած է մարդն ու հայը, բայց եւ այնպէս գիշերները քնանալ գիտեն: Կանգնեցրէ՛ք այդ բոլորին, բացէ՛ք սրանց գանկն ու կուրծքը, եւ դուք սարսափով պիտի տեսնէք աւերածութիւնը էվդեմոնիզմ կոչուած մոլար վարդապետութեան թոյնի: Բարոյապէս անբանացնելով անհատը՝ այդ թունաւոր ուսմունքը նրան թեքում է դէպի կեղծ աշխարհաքաղաքացիութիւն եւ ապա՝ դէպի ազգային դիմազրկութիւն: Դա եսապաշտ թշուառականներ է ստեղծում եւ ոչ առաքինի եւ անձնադիր քաղաքացիներ, ո՛չ հրաշունչ մարտիկներ:
Ա՜հ, այդ անարգ հասկացողութիւնը երջանկութեան մասին - դա՛ եղաւ մեր երբեմնի արիասիրտ եւ հզօր ցեղը, սրտաթափողը: Խոզաբարոյ երջանկութիւն - հոգեւոր խաթարիչը մեր սերունդների: Սրան կը պարտի հայութիւնը անցեալի իր պարտութիւնները եւ օրուայ իր պարտուողական ոգին:
Կա՛մ այդ անկումի վարդապետութիւնը, կա՛մ հայութիւնը: Պիտի մեռնի՛ մէկն ու մէկը սրանցից: Շարունակե՞ց ապրել դա մեր հաւաքական հոգու մէջ՝ պիտի կորչի հայութիւնը: Մեռա՞ւ դա՝ պիտի վերապրի մեր ցեղը:
* * *
Վաղուայ առաջնորդն իր հոգեւոր սնունդը կ՚առնէ նա՛խ իր ցեղի, ապա Արեւելքի հոգու աղբիւրներէն:
Արեւմուտքում էլ են սիրում Հայրենիքը, բայց այնպէս, ինչպէս շունը իր թաղն է սիրում: 
Ցեղաշունչ Հայու, ինչպէս եւ ճապոնացու համար, ընդհակառակը, Հայրենիքը միայն սեփական երկրամաս չէ, ուր «ոսկի են արդիւնաբերում եւ հունձք հաւաքում», այլ՝ սրբազան երկիր, «ուր գտնւում է աճիւնը նախահայրերի»:
Շատ է մեծ հակահայրենիքների թիւը Արեւմուտքում, նո՛յնը եւ նոր աշխարհում:
ճապոնացին, ընդհակառակը, ուր էլ որ լինի, ինչով էլ որ զբաղուի, միշտ էլ ենթարկւում է իր Հայրենիքի օրէնքներին:
Այնտեղ, Արեւմուտքում, ուժեղ է մեքենան, այստեղ՝ մարդը: Եւրոպացին սարսափում է մահէն եւ յաճախ դառնում հեղինակը անարգ գործերի:
ճապոնացին ապրում է, «երբ որ դա պէտք է, մեռնում, երբ որ դա արդար է»: Ազգերի մէջ միայն ճապոնացին է ասել՝ «եթէ խորապէս գիտակցենք, որ սէրը դէպի հայրենի երկիրն ու ժողովուրդը աւելի մօտ է կանգնած մեծ ու գեղեցիկ արեւին, քան մեր հայրենիքի ամենաբարձր լեռները, այն ժամանակ մահը մեզ համար թռչունի փետուրից էլ թեթեւ կը թուայ»:
Արեւմուտքում ակնբախ իրողութիւն է հասարակական դարվինականութիւնը՝ քօղարկուած իրերակերութիւնը: Այստեղ գոյութեան կռիւը ի սպառ չի անասնացրել մարդը:
ճապոնիան ունի իր Բուշիդօն, մենք՝ մեր Վահագնը: Նա արիապաշտ է, մենք՝ էինք: Նա ցեղապաշտ է, մենք պիտի դառնանք՝ չկորչելու համար:
Ահա՛ թէ ինչու հայ առաջնորդը մի ձեռքն Արեւմուտքում՝ այնտեղի ճարտարարուեստի նորոյթները իւրացնելու, իր միւս ձեռքում պիտի ունենայ ցեղի բարոյական օրինագիրքը:
Այսպիսին պիտի լինի վաղուայ առաջնորդը, որպէսզի նրա օրով արմատօրէն հոգեփոխուի հայ մտաւորականութիւնը, որպէսզի հայ գործիչը մերկանայ իր Ես-էն՝ անանձնականանալու աստիճան, որպէսզի հասարակական ծայրայեղութիւնը ընդգրկի գործչի բովանդակ կեանքը:
Ո՛չ մարդկային նախիրը բազմացնող կոտորակային անհատը, որ սեփական այո՛ եւ ո՛չ չունի, հոգի չունի, այլ՝ հայն ու մարդը՝ ամբողջական, ինքնուրոյն ու զօրեղ:
Ո՛չ կրաւորաբար խորհրդածողն ու սոփեստը, այլ՝ մեծագործութեանց ծարաւի մշակը մշտաջան:
Ո՛չ աշխարհի իրերի եւ անցքերի վրայ նիւթապաշտ փիլիսոփայութեան աչքով նայող բիւրիցս զզուելի էպիկուրեանը, որն իր բաւականութեանց զոհ է բերել կեանքի ողջ սրբութիւնը, ո՛չ, ո՛չ նմանը, այլ կեանքի լի՛ բաժակը արհամարհել գիտցող իդէալիստը՝ վսեմախոհ: Ո՛չ հոգով գռեհիկը, որ եսականօրէն ըմբոստանում է սրբացուցիչ տառապանքի դէմ - ոսկեղէնիկ շղթան, որ մեր հայեացքը կապուած կը պահէ՝ երկնքին, այլ՝ հոգու պայազատութեամբ շեշտուածը, որ մտովի կը համբուրէ այն խորհրդաւոր ձեռքը, որն իր հաճոյքների յորդող բաժակը կը փշրէ:
Ո՛չ ելեւմտական խելքի տէր քաղաքական գործիչը, որ զգուշողաբար պարագաները կը կշռէ ու կը վերակշռէ, ամէն բան թողնելով անորոշ ժամանակին, այլ՝ արի՛ն յառաջահայեաց, որ խիզախել գիտէ:
Ո՛չ հոգեւոր թզուկը, որ յաջողում է բարձրանալ հսկաների վրայ՝ մի քիչ հեռուն տեսնելու համար, այլ՝ նա՛, որ գիտէ նախատեսել անցքերը եւ ցանկալի ուղղութիւն տալ նրանց, նա՛, որ փարոսօրէն լուսաւորել գիտէ իր ժամանակաշրջանը՝ նոր ուղիներ բանալով իր ժողովրդի մտքի բանուկ ճամբաներէն դուրս:
Ո՛չ այս կամ այն դասակարգի ջատագովը - հիմնախո՛րը Հայրենիքի, ոչ էլ ներկայով կլանուած կարճայուշ ժողովրդասէրը, այլ՝ ցեղամերձը, որն իր բոլոր խորհուրդները ցեղէ՛ն կ՚առնէ:
Ո՛չ անկապաշտը՝ նուաստախոհ, վայնասողը՝ հոգեհաշմ, խուժանավարը՝ շոգմոգ, հերձուածողը՝ որմնացան, ո՛չ էլ նեղահաւատ ու բաժանասէր կուսակցական ցանցարկուն, որը վատօրէն աստ եւ անդ կագ ու կռիւ կը սերմանէ՝ իր հացն ու հանգիստն ապահովելու համար: Ո՛չ նմանները, ոչ էլ խորթաբարոյ վարդապետութեամբ զանգուածները թունաւորող լենինադաւան հայրենասպանը, այլ՝ հայը ցեղազդեցիկ ու խորարթուն, նա՛, որ ունայն է հռչակել այն ամէնը - արուեստ, գրականութիւն, իմաստասիրութիւն - որոնք աճեցնելով մեր աշխարհածանօթութիւնը, մեզ չեն դարձներ աւելի՛ հայ, եւ աւելի՛ զօրեղ:
Ո՛չ պարտուողականը - համակ վախ եւ եսականութիւն, որը իր ժողովրդի փրկութիւնը փոքրոգի մոռացումի մէջ կը փնտռէ, այլ՝ նա՛, որ չի տենչար աւելի գերագոյն ճակատագիր, քան ստեղծագործօրէն հասու¬նանալ յաղթական մահուան համար, նա՛, որի ուղեղի մէջ ամէն արեւծագի հետ զրնգում է մի սրբազան մտածում՝ պիտի՛ պատժուի՛ թուրքը: Նա՛, որը ծանօթ մեր ցեղի հոգիի լեզուին, կարող լինէր օրուայ հայ էութեան վերադարձնել մեր հրաշունչ ցեղայնութիւնը, որ ժողովրդին հակադրէր ցեղը, որ կարողանար ժողովրդի տկարութեան դէմ հանել հոգեւոր զօրոյթը մեր ցեղի, որ մեծ էր, եւ է՛ հանապազ:
Այսպիսի՛ն պիտի լինի առաջնորդը տառապող եւ իր վերջնական ազատագրութեան սպասող հայութեան:
Նմանը պիտի լինի դա, որ գալիս է՝ ցեղահաղորդ, ինքնաճանաչ եւ ինքնազօր:
Եւ նրա օրով կը բորբոքուի պայքարը ՀԻՆԻ, որ չէ ուզում մեռնել եւ ՆՈՐԻ միջեւ, որ ուզում է աշխարհ գալ: Սրբազան պայքարը Ես-ի եւ Մենք-ի միջեւ:
Եւ այդ պայքարէն կը ծնի ՆՈՐ ՀԱՅԸ: Հոգիներում էլ չի՛ մնայ հին թթխմորի հետքն իսկ:
Կը չքանայ ապաշնորհ հասարակական վարձկանը՝ իր տեղը տալով վաստականուէր, յորդեռանդ եւ ցեղապահ մշակին:
Հայ մականը, սուրը եւ գրիչը կը գտնուին կարող եւ սրբամաքուր ձեռքերի մէջ:
Կը զարթնի Ցեղը հայու մէջ եւ կը սկսուի Հայ հոգու արդիւնազօրութեան եւ վերելքի փառաշատ շրջանը:
Եւ, որպէս արդար հետեւանք, առաջին անգամ լինելով՝ մարդկութիւնը խորապէս կ՛ամաչի մեր հանդէպ ունեցած իր անիրաւութիւններէն:

Ա՜հ, Ցեղայայտնութեան երանելի օր, պիտի ուշանա՞ս, արդեօ՛ք, հեռո՞ւ ես:
Կարգ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ (12-Մյս-2011) | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ Դիտումներ: 1291 | Պիտակներ: ГАРЕГИН НЖДЕ, Garegin Njdeh, Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]