// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ

ՉԱՐԱՐՒԵՍՏ ՏԱԿԱՆՔՆԵՐԸ

Ազգերն ամէնից շատ տառապել են եւ կը տառապեն իրենց տականքների երեսից

Պատմութեան մէջ նախընթացը չունեցող մի ողբերգութիւն է խաղացւում Հայոց աշխարհում, մի արնոտ խաղ, որի գործող անձինք, որի դերակատարներն են բռնութիւնը, բռնութեան կենդանի գործիքները՝ հայ ժողովրդի տականքը, եւ բռնութեան զոհերը՝ ի՛նքը, հայ ժողովուրդը: Առաջին դերակատարին պէտք է յարատեւել իր ոճրառատ գոյութիւնը, եւ ահա՛ նա դիմել է աշխարհի պէս հին, ծանօթ միջոցին. նա պաշտօնի ու ծառայութեան է հրաւիրել հայօրէն ու մարդկօրէն ընկածներին, վարձելով սրանց չարարւեստ միտքը, կամքը, ցանկութիւնը:
Նոր գիւտ չէ այն բարոյազուրկ գործելակերպը, որին դիմել է հայութիւնը գիշատող կարմիր բռնութիւնը: Նա համարձակ կրկնութիւնն է դասական այն տմարդ միջոցների, որոնց յենւած՝ արւեստապէս յարատեւել են անցեալի բոլոր տեսակի բռնակալութիւնները:
Երկրորդին՝ բռնութեան ծառաներին պէտք է ապահովել իրենց հանապազօրեայ անսուրբ հացը:
Երրորդին՝ ապրելու համար պէտք է անբռնադատօրէն զարգանալու եւ ստեղծագործելու հնարաւորութիւն:
Երեք կողմերն էլ ապրել են ուզում - ե՛ւ բռնակալը, ե՛ւ իր գործիքները, ե՛ւ իր զոհերը:
Անխուսափելի պարտութեան սարսափով խելագար բռնակալութիւնը, իր մոլեգնութեան հետ կրկնապատկում է ժողովուրդի չարչարանքները:
Չարչրկւող ժողովուրդն իր հերթին՝ վերջնական յաղթանակի անմեռ յոյսերով սպառազէն, կրկնապատկում է իր յամառութիւնը - հրաժարւում զինաթափւել հոգեբանօրէն:
Ահա՛, այսպէս, կեանքը Հայոց աշխարհում դառել է միահեծան իշխանութիւն Կարմիրների, երեսուն արծաթ՝ սրանց գործիքների, ամենօրեայ Գողգոթայ՝ մեր ժողովուրդի համար: 
* * *
Այլ պիտ լինէր ժողովուրդների պատմութիւնը, եթէ գոյութիւն չունենային ընկածներն ու ընկածութիւնը մարդկային: Առանց սրանց, գոյութիւն պիտի չունենար բռնութիւնը, որ անզիղջ վատերի սեւ գործերովն է շնչել բոլոր դարերում:
Աներեւակայելի է բռնութիւնը՝ առանց իրեն ոյժ տւող եւ իր գազանութիւններն արդարացնող չարագործների: Աներեւակայելի է բռնաւորը հոգեբանական մի այնպիսի մթնոլորտում, ուր չի ծախւում մարդը բարոյապէս, ուր մարդը գայլ չէ իր նմանների համար:
Մարդկային ազգը տառապել է եւ կը տառապի իր տականքների երեսից:
Իրենց տականքները - ահա՛ ազգերի իրական թշնամին:
Իրենց տականքները - ահա՛ ազգերի գոյութիւնը յաճախ եւ յաճախ դժոխքի վերածող ամենազօրեղ ազդակը:
Ազգօրէն ու մարդկօրէն ընկածներն են կարելի դարձրել ապերասան բռնակալութիւնը Ներոնների, Ցեզար Բորջիաների, Համիդների եւ նմանների:
«Պիտ ուզենայի անգրագէտ լինել»,- կը բացագանչէր մէկը Հռոմի թագաւորներից՝ մի դժբախտի մահւան դատավճիռն ստորագրելիս: Դա Ներոնն էր, երբ դեռ կ՚աշակերտէր Սենեկային:
Մի օր, սակայն, իմաստասէր խորհրդականի փոխարէն Ներոնին կը շրջապատեն ընկածները, չարերը եւ... նա իր հրէշութիւններով կը գերազանցի պատմութեան ծանօթ բոլոր բռնակալներին:
Այսպէս է աշխարհը: ժողովուրդները կը շարունակեն տառապել իրենց տականքների երեսից: Դեռ ժողովուրդների կեանքը կը շարունակի մնալ մի արնոտ ողբերգութիւն, որի գործող անձինքը երեքն են - բռնութիւնը, սրա ծառաները եւ սրա զոհերը:
* * *
Միշտ էլ, երբ քաղաքական իրերի դժբախտ բերումով օտարն է իշխել Հայաստանում, համարձակ գլուխ է բարձրացրել մեր ժողովրդի տականքը՝ ազգօրէն հերձւածողը, հոգով ստրուկը, տկարը, սեղմ ասած՝ ազգային ինքնագիտակցութեան եւ ինքնայարգանքի զգացումից զուրկ ցանցառաթիւ տարրերը:
Այսօր կարմիր սատրապութիւն է Հայաստան երկիրը եւ բռնութիւնը վերստին կեանքի եւ պաշտօնի է կոչել ծանօթ տարրերը: Այս անգամ, սակայն, ոչ թէ երկրի սահմաններում, ուր այդ տարրերի թիւը - պատի՜ւ երկրի հայութեան - աննշան է, գոյութիւն չունենալու աստիճան, այլ մեր գաղութներում: Տարաշխարհիկ հայութեան որոշ տարրերը, անցեալի իրենց պատմական փոքրոգութիւնը, իրենց դասալքութիւնը մեր վարած ազատագրական պայքարում՝ «խորքով ու մոխրով» ապաշխարհելու եւ երկրի հայութեան հոգեպէս չարչարակից լինելու փոխարէն, իրենց դաւաճան ընթացքով չարչարել են տալիս նրան:
* * *
Հոգեբանական անդամահատութիւն - ահա՛ երկրում տեղի ունեցողը: Կարմիր հիւսիսից տրւած հրամանի հիման վրայ, բարոյական անդամահատութեան է ենթարկւում երկրի հայութիւնը, նրա հոգեւոր էութիւնը: Բռնի փորձեր են կատարւում մեր ժողովրդի հաւաքական սրտից կտրել, նետել իր բոլոր սրբութիւնները, ինչպէս եւ մարդկային այն բոլոր առաքելութիւնները, որոնց շնորհիւ միայն ազգերը կ՛ապրեն իրենց, կը ստեղծագործեն մարդկութեան համար:
Զոհը կը գալարւի ցաւերի մէջ, մերթ աղերսելով, մերթ սեղմելով բռունցքը:
- Կտրէ՛, պարո՛ն, կտրէ՛, - կ՚ասէր բոնապարտեան զինւորը իր վէրքը մաքրող բժշկին, - մի քիչ էլ. եւ ահա՛ դուք կը տեսնէք թագաւորը:
- Կտրատէ՛ք, քրքրէ՛ք հոգիս, մի քիչ էլ - եւ դուք իմ էութեան խորքում կը տեսնէք Մայիս Քսանութի հպարտ հեղինակին,- ասում է Երկրի հայութիւնը, իրեն հոգեբանօրէն անդամահատութեան ենթարկողներին:
* * *
Շարունակւում է անդամահատութիւնը:
Մէկիկ մէկիկ հայութեան սրտից եւ ուղեղից հեռացնել են փորձում այն ամէնը, որի շնորհիւ միայն, որպէս ազգ նա կարողացել է դարերով դիմագրաւ լինել իսլամ Արեւելքի հայասպան փորձերին:
Ո՞ր մէկը, սակայն, Հայոց սրբութիւններից ո՞ր մէկը արմատախլել հայ հոգուց: Բոլորը: Բայց դա կը նշանակէր դիակի վերածել, սպանել հայութիւնը:
- Մոռացի՛ր Մայիս Քսանութը,- գոչում են, սպառնում Երկրի հայութեան, գաղութի ապազգայնացած տականքները:
Աղմկում, հայհոյում, բռունցք են սեղմում հայօրէն ընկածները, առանց հասկանալու, որ դա միեւնոյն է՝ թէ ասէին Մասիս լեռան - գնա՛, կորի՛ր տեղիցդ:
- Բոլշեւիզմը սպանում է Հին Աստւածները, առանց նորերը տալու, իսկ ազգերը չեն ապրել եւ չեն կարող ապրել առանց Աստւածների,- պատասխանում է Երկրի դառնացած հայութիւնը: 
- Մոռացի՛ր սրբութիւններդ, մեռելներդ, հերոսներդ, քանզի այդպէս են կամենում հրեայ Զինովիեւը եւ թուրք Քեմալը,- մոլեգնած կանչում են Կարմիրների գաղութային կապարճակիրները, առանց հասկանալու, որ իրենց «մոռացի՛ր»ը նշանակում է «մեռի՛ր»:
- «Տարաշխարհներում օտարացածի եւ այլասերւածի ձեր այլանդակ ապրումներով մի՛ չափէք իմ ազատապաշտ հոգին, լռէ՛ք, եթէ չէք կարող վահան ու պաշտպանութիւն ընձեռել ինձ, լռէ՛ք եւ մի՛ խրախուսէք իմ դահիճների հոգեսպանութեան փորձը: Մի՛ գրգռէք Կարմիր գազանը»:
Հայութեան, մասնաւորապէս Երկրի հայութեան այդ հերոսական կեցւածքից կատաղած, ծանօթ «փողոցը» աղմկում է անլսելի. «Խա՛չ հան այդ ապստամբ ժողովուրդը, խա՛չ»:
* * *
Ամէն անգամ, երբ կը մտածեմ այդ չարաբաստ հայանունների մասին, կը պատկերացնեմ այն տեսարանը, որ տեղի է ունեցած հրէական ամբոխի եւ Հրէաստանի փոխարքայի միջեւ:
Ամբոխը. - Եթէ,- մատնանշելով Նազովրեցուն,- եթէ ազատ արձակես սրան, կը նշանակի Կեսարի բարեկամը չես:
Պիղատոսը. - Ձեր թագաւորի՞ն խաչ հանել տամ:
Ամբոխը. - Մենք ուրիշ թագաւոր չունենք Կեսարից զատ:
Պատմութիւնը. Ինչպիսի՜ խոստովանութիւն. հրէական շրթունքներից: Դա յանձնումն էր մի ժողովրդի ազատութեան ու պատմութեան: Պիղատոսը հաճոյքով ընդունում է այդ հաստատումը եւ Նազովրեցուն յանձնում խաչելու:
* * *
Նոյն տխուր տեսարանը եւ այսօր, մեզանում:
Նոյն ամբոխը, դատաւորը՝ նոյն: Տարբեր է միայն զոհը գերագոյն: Այսօրւանը Յիսուսը չէ, այլ՝ մեր Անկախութեան Գաղափարը: Նոյն աստւածասպան ամբոխն է, մեր ցեղի վատասերւած տականքը, որ օտարի միջոցով խաչել է տալիս այն ամէնը, ինչ որ ազգային է: Նա կատարում է յանձնումը մեր Ազատութեան ու Պատմութեան եւ շնականօրէն յայտարարում.
- Մենք այլ թագաւոր չունենք Կեսարից զատ:
* * *
Մի սրտառուչ համերաշխութիւն՝ ստելու, դաւելու, քծնելու մի չտեսնւած մոլեռանդութիւն, յամառանք եւ վճռականութիւն է տիրում մարդկօրէն ընկած այդ ազգադաւ արարածների շարքերում, որոնք ազգ ճանաչելու եւ սիրելու ո՛չ արժանիքն ունեն, ո՛չ էլ երջանկութիւնը, որոնք մի կտոր անսուրբ հացի եւ իրենց անասնական հանգստի համար միշտ էլ արտաքին թշնամու հետն են եղել: Իրար բերան թքած կարծէք լինեն բոլորը, բոլոր հակամայիսքսանութականները:
Մշակած ու սրբագործած մի գործելակերպ ունեն սրանք, որքան հանճարեղ, այնքան բարոյազուրկ:
- Իրենց դէմ ուղղւած ամէն մի հարւածը, չարամիտ վարպետութեամբ, ընդունել ուղղւած խորհրդային իշխանութեան հասցէին, այդ վերջինը աւելի եւս գրգռելու Երկրի հայութեան դէմ:
Քննադատեցէ՛ք, թքէ՛ք, խարազանէ՛ք այդ հոգեպէս բորոտներին, եւ վաղը իրենց թերթերում կը կարդաք, թէ ձեր զայրոյթի քննադատական խօսքը ուղղւած է եղել Հայաստանի օրւայ վարիչների հասցէին:
Ծաղրէ՛ք, ծանակէ՛ք, ձաղկէ՛ք այդ հոգեպէս խեղճ արարածներին եւ վաղը իրենց փողոցային թերթուկներում պիտ տեսնէք, որ ձեր զզւանքի խօսքը հայադաւ նպատակով ընդունել են իրենց տէրերի եւ ոչ իրենց հասցէին:
Փորձէք որեւէ տեղ, այս կամ այն առթիւ բանախօսել ամենաակադեմիական նիւթի մասին, այդ հայանուն վատերը, անսպասելիօրէն կը նետւեն առաջ, հիստերիկ ճիչեր կ՛արձակեն, ռեկլամային աղմուկ կը հանեն, խուճապ կը ստեղծեն, որ ժամեր անց սկսեն իրենց թղթէ յարձակողականը - թզուկների արշաւանքը հսկաների դէմ - որ հայհոյեն, հայհոյեն մէ՛կ էլ, մինչեւ եօթներորդ քրտինքը, մինչեւ որ ուժասպառ կը լինեն, մինչեւ որ Երեւանը կը լսի այդ շնորհունակների դոնքիշոտութեան մասին:
Այս է, այսպիսին է մեր ցեղի տականքը, ներքին թշնամին - դրուժան, դաւադիր, հակահայ գործնականում:
Իր անսուրբ հացը կամ քաղաքական սիրախաղը ծանօթ հոսանքի հետ ապահովելու համար, մի աննախընթաց մոլեռանդութեամբ, նա գրգռում է խորհրդային իշխանութիւնը Երկրի ժողովրդի դէմ, իր չարագործութիւնը հակադաշնակցականութիւն համարելով, երբ կատարածը իրապէս հակահայկականութիւն է:
Այսպէս, հա՛յ երիտասարդ, երկրի սահմաններից դուրս որոշ տականքներ Հայաստանի ժողովրդի նկատմամբ կատարում են գրգռիչի դեր: Քո անողոք դատաստանին յանձնելով սեւ արարքներն այդ տականքների, որոնք տմարդօրէն թոյն ու քացախ կ՚աւելացնեն մեր՝ քաղաքականապէս դժբախտ ժողովրդին խմելու վիճակւած դառնադառն բաժակին, զայրոյթի եւ զզւանքի իմ խօսքը կ՛ուղղեմ ո՛չ թէ բռնութեան, այլ իր հայակերպ գործիքներին: 

Կարգ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ (10-Մյս-2011) | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ Դիտումներ: 1267 | Պիտակներ: ГАРЕГИН НЖДЕ, Garegin Njdeh, Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]