// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ

ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒԹԻՒՆ

Սահման չի տրւած ինքնաճանաչ անհատի հոգեկան ոյժերին

Կ՚ուզէի, որ դո՛ւ, հա՛յ երիտասարդ, որ դու իւրացնէիր ինքնաճանաչութիւնը՝ որպէս ոյժի, յաղթանակի եւ բարձր երջանկութեան ամենակարճ եւ ամենաստոյգ ճամբան:
Ծանի՛ր զքեզ:
Գիտցի՛ր - ասում է դելփեան այդ պատգամը, գիտցի՛ր, որ մարդս գաճաճ է իր ներքին հսկայի բաղդատմամբ: Ծանի՛ր զքեզ:
Կ՚ուզէի, որ իմաստասիրական այդ հրամայականը քանդակւած լինէր մեր դպրոցական շէնքերի ճակտին, ապա եւ մեր աշակերտութեան ուղեղի մեջ:
Այն ողորմելիօրէն տկար էակը չէ մարդը, որպիսին ճգնում է զայն ներկայացնել նիւթապաշտական կարճատես գիտութիւնը: Նա գրեթէ ամենակարող է, երբ գիտակցում է, թէ իր մէջ թաքուն ոյժերի մի ամբողջ ծով կայ, որից ազատօրէն օգտւում է ինքնաճանաչ անհատը: Դու աւելի ուժեղ ես, քան կարող ես երեւակայել եւ զգալ քեզ: Դու օժտւած ես անսպառ հոգեկան ոյժով, որոնց մեծագոյն մասը անինքնաճանաչութեան պատճառով շարունակում է մնալ քնած վիճակի մէջ եւ անօգտագործելի:
Քեզ տրւած ներքին ոյժերի բերումով դու գրեթէ ամենակարող ես, հրաշագործ, եթէ վստահելով քո ներքին մարդուն, նրա ոյժերից օգտւես միայն բարձր նպատակների համար:
* * *
«Ձեր մէջ ապրում է մի աստւածութիւն, որի միակ փափաքն է ծառայել ձեզ, որ սրտառուչ համբերութեամբ սպասում է, որ կանչէք իրեն»: Հոգեբանական բացարձակ ճշմարտութեամբ կը շնչեն այդ ոսկէ խօսքերը: Սահման չի տրւած ինքնաճանաչ անհատի հոգեկան ոյժերին: Գիտենալ եւ կամենալ - նշանակում է կարողանալ:
Ինքնաճանաչ լինել - ասել է՝ կարող լինել ցանկացած վայրկեանի գործի դնել այն բոլոր ոյժերը, որոնց տէրն ես - իմաստութիւն, սէր, աշխատունակութիւն եւ այլն:
Ինքնաճանաչութեամբ կարելի է դառնալ մագնիսական մի ամպ, որ չի խորտակւում եւ ո՛չ մի ոյժից:
Անյուսօրէն տգէտները միայն չգիտեն այսօր, որ չօգտագործւող ոյժերի մի հսկայական պահեստ է մարդս, որից դժբախտաբար կարողանում են օգտւել քիչերը միայն:
Մեր ոյժերի մեծագոյն մասը շարունակում է մնալ թմրած վիճակի մէջ, երբ նրանց մասին գաղափար չունենք:
Բայց երբ ձգտել սկսեցինք որեւէ բարձր նպատակի եւ նոր ոյժերի կարիքն զգացինք - մեր մէջ անմիջապէս զգում ենք ներկայութիւնը մեր թաքուն ոյժերի: 
Ո՞վ չի զգացել երբեմն իր մէջ կորովի յանկարծական ծովացում: Ո՞վ չի ունեցել երբեմն հանճարեղ ներշնչումներ, յայտնութիւն, պարզատեսութիւն:
Ո՞ւմ յաճախ չի թւացել, որ ինքը որոշ արտասովոր վայրկեաններում ընդունակ է զարգացնելու իր մէջ շատ աւելի մեծ ոյժ, քան այն, որ զգում է իր մէջ սովորական վիճակում:
* * *
Մարդս այն է, ինչ որ կամ ինչպէս որ մտածում է իր մասին: Անինքնաճանաչը, որ իրեն կենդանի մեքենայ է համարում, եւ ոչ աւելին - դատապարտւած է ապրելու եւ գործելու իր տկար «ես»ի աղքատիկ միջոցներով: Նմանի համար չեն աշխարհ զարմացնող մեծագործութիւնները: Նմանը, անինքնաճանաչ եւ անընդունակ վերանորոգումի, կուրօրէն մասնակցում է իր ամենօրեայ թաղման: Աստիճանական անձնասպանութիւն է նմանի կեանքը:
Իսկ նա, որ գերագոյն երջանկութեան հասնելու համար ձգտում է տիպար կատարելութեան, նա, որ գիտի, թէ բոլոր մարդիկ կատարելութեան կարելիութիւններ են - նա կ՛ասի ձեզ՝ ընդունեցի՞ր մի բանի անհրաժեշտութիւնը, նշանակում է որ այդ բանը ոչ միայն կարելի է, այլ եւ կիսով չափ արդէն կատարւած:
Ուրեմն, եղի՛ր ինքնաճանաչ, երիտասա՛րդ բարեկամ, հաւատա՛ թաքուն ոյժերիդ, օգնութեան կանչի՛ր քո ներքին մարդուն, որ աւելի Աստւած է, քան տկար արարած, որպէսզի աշխարհը չկարողանայ սահման դնել քո հոգու աւիւնի թափին, թռիչքին:
* * *
Եղի՛ր անկախ՝ հոգեպէս:
Եւ ո՛չ մի տուրք այնպիսիների ազդեցութեան, որոնք աւելի բարի չեն, արի չեն, անձնւէր չեն քեզնից:
Հեռո՜ւ բանուկ ուղիներից:
Նրանցից՝ որոնք անընդունակ են խանդավառութեան: Աշխարհն առաջ հրող լծակն է խանդավառութիւնը: Եւ նրանցից՝ որոնք յաճախ են գործածում դժւար եւ անկարելի բառերը:
Աշխարհը եւ երեւոյթները մի՛ դիտեր ուրիշի աչքերով: Յիմարութիւն է թութակօրէն կրկնել ուրիշի խօսքերը: Աւելի մեծ յիմարութիւն՝ կուրօրէն բաժանել այլոց կարծիքը:
Մի՛ լինիր ուրիշի ստւերը, արձագանքը, եթէ այդ ուրիշը անգա՛մ աշխարհածանօթ համբաւ լինի:
Ստեղծագործո՛ղ եւ ո՛չ ընդօրինակող: Անձնասպանութիւն է նմանւելը:
Ունեցիր քո՛նը - խօսք, խօսելու եղանակ: Եւ երբեք քեզ կատարեալ մի՛ համարիր, որ չդանդաղի վերելքդ: Կատարելութեան չես ձգտում, եթէ մտահոգեպէս նոյնն ես այսօր, ինչ որ էիր երէկ:
Սիրի՛ր վեհը, գեղեցիկը եւ հերոսականը նոյնիսկ թշնամիներիդ մէջ: Մի՛ նախանձիր, քանզի աշխարհը ոչինչ ունի, որ չունենար քո հոգին: Թուլութիւն է չարութիւնը: Մեզանում քիչերն են ուժեղ: Դրա համար էլ չար են շատերը, չար, պարսաւասէր, աններող: Մի՛ գարշիր հասարակութիւնից, բայց յաճախ գերադասիր իմաստուն մենութիւնը: Ասւած է՝ «արծիւը թռչում է մենակ, ագռաւները՝ խմբով»: Գոռոզութիւնը ոյժ չէ, այլ՝ տկարութիւն: Մարդկանց մի՛ նայիր վերեւից - դա հեղինակութիւն չէ՛: Տկարն է ձգտում հաճոյանալ ամբոխի, արժանանալ փողոցի ուշադրութեան: Ասպետ եղիր նա՛խ անձիդ նկատմամբ: Դժւարանո՞ւմ ես յարգել քեզ - բարոյապէս կորած ես արդէն: Զո՞ւրկ ես ինքնայարգանքի եւ ինքնատիրապետումի զօրեղ զգացումներից - աշխարհն էլ ոչինչ ունի քեզ ուժեղ դարձնելու: Հեռո՛ւ ունայնամտութիւնից, գռեհկութիւնից եւ ունակութիւնից (հնցց սովորականություն, շաբլոն - խմբ.)՝ երրեակ թշնամին բարձր նկարագրի: Մեռելութիւն է ունակութիւնը: Դու խոկմամբ եւ փորձով հարազատի՛ր ճշմարտութիւնները:
Հեռո՛ւ եւ հոգով ծոյլերից, որոնք ճշմարտութիւնները, սկզբունքները եւ սրբութիւնները սրբապղծօրէն կ՚իջեցնեն մինչեւ իրենց տափակ հասկացողութեանց աստիճանը: Դու բարձրացի՛ր, ձգտի՛ր հասնելու նրանց
բարձրութեան, այլապէս զուրկ պիտ մնաս հոգեկան մշակոյթից:
* * *
Ինքնաճանաչութեամբ մարդ դառնում է ներքնապէս խաղաղ, ինքնավստահ եւ աներկիւղ:
Նրա կեանքի նաւը, որ առաջ խաղալիք էր գոյութեան ալիքների ձեռքին, ստանում է հաստատ եւ անշեղ ընթացք: Ծանի՛ր զքեզ, հա՛յ երիտասարդ:
Քո մէջ մի գանձարկղ կայ, անբաւ ու անհաշիւ հարստութեամբ, բայց դու չես օգտւում նրանից, որովհետեւ քեզ պակասում է այդ արկղի ոսկէ բանալին - ինքնաճանաչութիւնը:
Ծանի՛ր զքեզ ... Նոյնացիր քո ներքին մարդու հետ, եւ դու պիտ զգաս քո մէջ ծովացումը հոգեկան նորանոր ոյժերի. դու պիտ դառնաս աւելի քան զօրեղ եւ ապա պիտ կարողանաս կապել բախտի անիւը եւ քաշ տալ ցանկացածդ ուղղութեամբ: 
* * *
Եղի՛ր պարզակեաց:
Բազում կարիքների տէր անհատներն ու ժողովուրդները կլանւած են լինում ներկայով եւ մոռանում իրենց անցեալն ու ապագան: Ունայնամտանում եւ տկարանում են նմանները:
Դո՛ւ, հա՛յ երիտասարդութիւն, ուխտիդ բերումով, դու պիտ լինես ուժեղ՝ ամենակարողութեան աստիճան:
Իսկ ուժեղ եւ կարող դառնալու իմաստուն միջոցներից մէկն էլ պարզակեացութիւնն է:
Եղի՛ր պարզ, պարզակեաց, որպէս Սպարտացի, քանզի որքան նւազ կարիքներ ունենաս, այնքան աւելի օգտակար կը լինես ժողովրդիդ:
Կարիքներ կան, որոնց բաւարարումը ստրկացնում է մեզ, դարձնելով մեզ գերի՝ մեր կրքերի եւ ցանկութեանց: Իսկ չկայ աւելի աղիտալի բան, քան կրքերի եւ անիմաստ կարիքների լուծը: Կան աւելորդ կարիքներ, զորս ապրեցնում, սնուցում ենք որպէս մակաբոյծներ, որոնց բաւարարումը սպանում է մարդու հոգեւոր ազատութիւնն ու կարողութիւնները: Հազար յիմարութիւններ փնտռողը միշտ էլ կ՚ունենայ հազարումէկ կարիք: Իսկ նմանը չի կարող չզգալ իրեն դժբախտ ու տկար:
Նա, որի ամէնօրեայ մտահոգութեան առարկան իր հագուստի եւ կաշւի մեռեալ գեղեցկութիւնն է եւ ոչ թէ սրտի եւ մտքի մշակումը - նա կը մնայ աղքատ հոգով, ասել է՝ եւ տկար: Նա, որ սովոր է ականջ տալ ունայնամիտ հասարակութեան եւ ոչ իր ներքին բարոյական օրէնքի ձայնին, - դժբախտ է երիցս եւ տկար:
Նա, որ իր ժամանակն ու միջոցները վատնում է գեղեցկացնելու իր էութեան շրջանակը եւ ոչ պատկերը, արտաքին երեւոյթը եւ ոչ բովանդակութիւնը, նա, որ շարունակելով մնալ յիմարական արձագանքը սնոտիասէր ամբոխի, դժւարանում է իր հանապազօրեայ հացին չաւելացնել եւ «կրկէս»ը - նման բարոյապէս թեթեւամիտը դառնում է մեռեալ թիւ եւ ոչ ստեղծագործ անհատ իր ժողովրդի համար:
* * *
Վայելչասէրների շրջանը - ահա՛ անբարոյականը ու անբարոյացուցիչը, թշնամին մաքրութեան ու պարզակեացութեան: Հեռո՛ւ այդ շրջանից, որ նեխութիւն կը հոտի: Գիտես, Դիոգենէսն իրեն աւելի երջանիկ կը զգար՝ քան իրեն այցի եկած աշխարհակալը:
Զգո՛յշ հրապուրիչ երեւոյթներից: Դալարների տակ յաճախ մահաթոյն օձ է թաքնւած լինում: Թող քո հաճոյքները լինեն մաքուր, ողջապահիկ, բարոյական: Կրքերն ու կարիքները ծառաներ պիտ լինեն եւ ոչ թէ տէր ու բռնակալ: Եղի՛ր Սպարտացի, եւ բնաւորութեամբ անձնադիւր ու մեղկ երիտասարդներին համարիր անգոյ, նետւած՝ էվրոտ գետը, ուր Սպարտան կը թափէր իր հեղգ եւ երկչոտ զաւակները:
«Երբ երիտասարդները, սանձարձակ կեանքից յոգնած՝ քնքշօրէն կը քնանան փափուկ բարձերի վրայ՝ հաւատո՞ւմ էք, որ եթէ երթանք արթնացնելու որ ելնեն ու քշեն թշնամուն, հաւատո՞ւմ էք, թէ նրանք վեր կը թռչեն տեղերից եւ իրենց մէջ կը զգան ոյժն ու կորովը այն դասական Աթենացիների, որոնք սովոր էին պառկել իրենց զէնքերի կողքին, մերկ գետնի վրայ, եւ գիտէին արհամարհել զգայական հաճոյքները»:
Եթէ վաղը, վերստին, արտաքին վտանգը պայթեց հայ ժողովրդի գլխին - դու վստա՞հ ես, որ հազարաւորները քո շարքերից իրենց վահանն ու դրօշակը չեն խոնարհի թշնամու ոտների առջեւ:
Ես ազատ եմ խոստովանելու, թէ հայ երիտասարդութիւնը եթէ չհոգեփոխւեց, մեր Եռագոյնի առջեւ ծունկի չի բերի թրքութեանը:
Պարզակեացութեամբ եւ մշտատեւ ջանասիրութեամբ էին հզօր եւ անպարտ Հին Հելլադան, Սպարտան եւ Հռոմը: Զինւոր թէ զօրավար, խաղաղութեան օրերին կը մշակէին դաշտերը եւ առաջին ահակոչը լսելու պէս, կը թողնէին արօրը ու կը կապէին սուրը: Ցինցինատին գտան դաշտում, արօրելիս, երբ կը փնտռէին իրեն որպէս զօրագլուխ հռոմէական լեգէոնների: Բայց, երբ մի օր Յոյնի եւ Հռոմէացու մէջ տկարացաւ պարզակեացութեան ոգին, երբ այդ առնական եւ խրոխտ ժողովուրդները մեղկացան ճոխութեան եւ քնքշանքի մէջ՝ ընկան, կորան բարբարոսների կրունկի տակ:
Ահա թէ ինչո՛ւ քո սերունդը, հա՛յ երիտասարդ, պիտ լինի պարզակեաց, ազատ՝ կարիքների ու կրքերի լծից - ուժե՛ղ լինելու համար:

Կարգ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ (07-Մյս-2011) | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ Դիտումներ: 4486 | Պիտակներ: ГАРЕГИН НЖДЕ, Garegin Njdeh, Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]