// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ

ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶԵՐՔԻՆ

Ազգերի կեանքը ժամանակաշրջաններ ունի, երբ որդիները հարկադրաբար իրենց հայրերի դաստիարակիչը կը հանդիսանան:
Նման մի ժամանակաշրջան է ապրում օրւայ հայութիւնը, աւելի ճիշտ՝ գաղութահայութիւնը: Երբեք, հա'յ երիտասարդութիւն, մեր ազգն ու ազգայնութիւնը այնքան լրջօրէն վտանգւած չեն եղել, որքան այսօր: Ինչպէս եւ երբեք մեր ժողովուրդը այն աստիճան պառակտւած ու տկարացած չի եղել, ինչպէս այժմ: Քո ժողովուրդը բաց աչքերով աշխատում է իր մահացու թշնամիների համար. կատարում ամէն ինչ, որ գալիք աղէտը - թրքական վտանգը, որ դամոկլեան սրի նման կախւած է իր գլխին - որ վաղւայ աղէտը լինի անչափելիօրէն մեծ, անդիմագրաւելի եւ անդարմանելի, որ դա լինի «իններորդ ալիք»ը մեզ համար:
Մենք պառակտւած ենք: Իսկ նման ժողովուրդը նւազ է ուշադրութիւն դարձնում արտաքին իրական թէ հաւանական վտանգի վրայ: Հայութեան հայեացքն ուղղւած չէ արտաքին թշնամուն, որ հարկադրւած լինի չափաւորելու կամ ի սպառ արգիլելու ներքին տարակարծութիւնները: Երբ ազգերը այսօր կ՚եռան հոգով, գիտութեան նորագոյն զէնքերով իրենց միտքն ու բազուկը կը զինեն՝ ցեղամիջեան անողոք պայքարում յաղթանակելու կամ յաջողութեամբ դիմագրաւ լինելու համար, հայութիւնը կը շարունակէ կորովաթափ լինել ներքին անփառունակ ճակատների վրայ. նա կը պատրաստւի վաղւայ մահաբեր պարտութեան համար:
Մի ժողովուրդ, որի որոշ տարրերը, կարծէք արդէն հաշտւել են իրենց ցեղի գլխովին կորչելու մտքի հետ եւ կը ցուցադրեն մահւան դատապարտւածի հոգեբանութիւն: Սրանք արեւելեան ճակատագրապաշտութեամբ ամէն ինչ թողել են բախտի կամքին եւ անհանգստանալու պատճառ չունին: Կան եւ այնպիսիները, որոնք կ՛ուզեն ե'ւ անկախ հայրենիք ունենալ, ե'ւ վաղը պարտւած տեսնել արտաքին թշնամուն, բայց նախապատրաստւելու փոխարէն, կը խօսեն ու կը գրեն միայն: Եւ գրեթէ բոլորն էլ կը շարունակեն զարմանալ միամտօրէն, թէ ինչո՞ւ աշխարհն անտարբեր կը մնայ մեր Գողգոթայի հանդէպ. թէ ինչո՞ւ մենք սպեղանի կը սպասենք, բայց նորանոր վէրքեր կը ստանանք: 
* * *
Դժւար է, ընթերցո՛ղ, անկարելիութեան աստիճան դժւար է ընդհանուր գծերով բնութագրել հոգեբանական այն հեղձուցիչ մթնոլորտը, որի մէջ շնչում է գաղութահայութիւնը:
Սպանի՜չ իրականութիւն, ուր գոյութիւն չունի մի հատիկ օրէնք, կանոն իսկ, պարտադիր բոլորի, բոլորի համար. ուր որոշ տարրեր յանցապարտօրէն ժխտում են ե՛ւ ազգային սրբութիւններ, ե՛ւ բարոյական արժէքներ. ուր կայ առատօրէն՝ թոյն, մաղձ, գռեհկութիւն, կայ դիմածռութիւն, ծաղրանք, չարարւեստ խծբծանք, ուր մարդիկ դառել են դառնախօս, նեղսիրտ, եսական, ուր տիրող հոգեւոր մրափողութեան պատճառով նոր հեղինակութիւններ չեն ստեղծւում եւ հիները չեն յարգւում. ուր մտաբարոյական ընդհանուր աղաւաղութեան մէջ մարդիկ, կարծէք դադարել են իրար հասկանալուց եւ ուր հնարաւոր չէ գլուխ հանել որեւէ ազգաշէն գործ. ուր կեղծիքն է կազմում որոշ քաղաքական հոսանքների բարոյական դրամագլուխը, ուր ամբողջ կազմակերպութիւններ ապրում են կեղծիքի եւ մտաւոր կուրութեան մէջ՝ շրջելով անդունդի եզերքին:
Եւ այդ, եւ այդ ամէնը այն ժամանակ, երբ թրքութիւնը տապարն է դրել մեր ցեղի գոյութեան ծառի արմատին: Աննպատակ եւ ուղեկորոյս ժողովո՛ւրդ, որ կորցնելով իր ազգային իդէալը՝ վերածւել է «անհատների փոշու»: Գողգոթաների տէ՛ր ժողովուրդ, որ չի սարսափում իր ողբերգանքի մէջ տկար եւ ծիծաղելի լինելուց:
0ի ժողովուրդ, որի որոշ տարրերի համար ազգային դատ չկայ, արտաքին պայքար գոյութիւն չունի, տարրեր, որոնք այլեւս ոչինչ չեն ուզում աշխարհից, բացի ժամանակաւոր կերն ու հանգիստը. յանցաւոր տարրեր, որոնք մեր դերն այլեւս վերջացած են համարում մարդկութեան պատմութեան մէջ եւ անվրդով թեքւում՝ դէպ այլասերում եւ դանդաղ անհետացում:
Ահա՛ մօտաւորապէս այն սպանիչ մթնոլորտը, ստեղծւած քո հայրերի կողմից - անուղղայ հայրեր, որոնք շարունակում են իրենց հին մեղքերն ու սխալները սնուցանել նորերով, ազգ եւ ազգայնութիւն վտանգի մատնած հայրեր, որոնց վերադաստիարակիչը, դո՛ւ, հարկադրաբար դո՛ւ պիտ լինես, հա՛յ երիտասարդութիւն:
* * *
Դժբախտութիւն է, սակայն, երբ դաստիարակիչն ինքը եւս կարիք ունի դաստիարակութեան: Որպէս հարազատ ծնունդը մեր տխուր միջավայրի՝ դու էլ, հայ երիտասարդութիւն, հոգեբանօրէն դու էլ զերծ չես ստւերային կողմերից:
Վերադաստիարակչի վսեմ առաքելութիւնդ յաջողութեամբ պսակելու համար, քեզ պէտք է նախ ամօթով երես դարձնել այն անիմաստ կեանքէն, զոր քարշ կու տան կեղծապաշտ հայրերդ, անասնացուցիչ կեանք, որ մարդը կը դարձնէ այն, որին՝ աշխարհածանօթ Թոլսթոյի զզւանքը «յիմար միս» անունն է տւել:
Քեզ, նախ քեզ պէտք է հոգեփոխւել, իսկ այդ անելու համար, դու, օրւայ հայրերիդ երեսին պիտ շպրտես քո վճռական ոչը եւ ապա հռչակես քո նոր ուխտը, թէ հայրերիդ դատապարտելի ընթացքի պատճառով վտանգւած մեր ցեղի ապագան փրկելու սրբազան մտահոգութեամբ, վճռած ես յետ այսու ապրիլ միայն երկու բանի - Հայրենիքիդ եւ իր Անկախութեան համար: Այո', դու պիտի լինես ուխտւածների սերունդ եւ որպէս այդպիսին, պիտ վերադաստիարակես քեզ եւ ապա դառնաս դաստիարակիչը հայրերիդ: Այլ կերպ, հայութիւնը կը մնայ մէկն այն դժբախտ ժողովուրդներից, որոնք գոյութիւն ունին, բայց չեն ապրում, որոնք «աշխարհում են, բայց աշխարհից չեն»: Այլապէս, քո ժողովուրդը իր տեղն արեւի տակ աստիճանաբար պիտ զիջի իրեն շրջապատող այն գայլ ցեղերին, որոնց համար կեանքը լոկ առեւտուր կամ լումայափոխութիւն չէ:
Քեզ պէտք է հոգեփոխւել, իսկ դա նշանակում է, թէ դու պիտ դառնաս հակապատկերը հայրերիդ: Նրանցից շատերը դեռ այն են, որոնց կը խարազանէր Նազովրեցու խօսքը - «ծոյլ եւ նենգ ստրուկներ»: Շատերը նրանցից չուզեցին գիտենալ, թէ ինչպէս մեր ժողովրդի մի մասը պայքարեց յանուն ազատ եւ անկախ Հայրենիքի: Մեր անհաւասար Ազատամարտի օրերին, երբ հայութիւնը աստիճանաբար կը բարձրանար դարերի ստրկութեան ճահճից, եւ երբ մարդկութեան լաւագոյն ներկայացուցիչները հոգեպէս կը զինակցէին մեզ, նրանցից շատերը, անընտել՝ յանդգնելու եւ զոհաբերելու աստւածային արւեստին, խուսափեցին ազգային դատի խաչակիր զինւորը լինելու պատւից: Հեռուներից խօսեցին Հայաստանի մասին, առանց այդ եօթնիցս սուրբ եւ հերոսական երկիրը ճանաչած լինելու: Հայհոյեցին յաճախ յեղափոխութեանը եւ խծբծեցին նրա Աստւածաշունչ Նահատակներին, առանց հասկանալու թէ «Աստւածութիւնը հայհոյւած չի' լինիր»:
Հանրապետութեան օրով չվերադարձան երկիր, որովհետեւ մեր նորազատ Հայրենիքում դեռ բաւարար քանակութեամբ նոյնիսկ չոր հաց չկար: Կար, սակայն, արտաքին վտանգը, սեւ ամպի պէս կախւած հանրապետութեան գլխին: Շատերը դուրս մնացին Հայաստան երկրից, մնացին անտարբեր ու անկարեկիր, բայց մեծապէս օգտւեցին մեր ժողովրդի վարած գոռ ազատամարտի շնորհիւ մարդկութեան մէջ դէպ հայութիւնը առաջացած համակրանքից:
Բարոյապէս չարաշահեցին եւ անօրինակ մարտիրոսագրութիւնը, եւ նորագոյն հերոսականը մեր ժողովրդի: Ամենուրեք եւ մի'շտ էլ, այդ տարրերը հայրենասիրութեան սրբազան կրակից օգտւեցին «իրենց ծխափողը վառելով կամ ապուրը տաքացնելով»: Այդպէս էին երէկ. այդպէս են եւ այսօր:
Զուրկ աստւածութեան զգացումից՝ սրբութիւն չճանաչեցին նրանք եւ մնացին անհասանելիօրէն հեռու՝ ճշմարիտ Հայ եւ մարդ կոչւելու իրաւունքից: Կեանք վատնեցին առանց հոգեպէս վառւելու եւ մի հատիկ կայծ վառելու իրենց շրջապատի մէջ: Իմաստասիրութիւն եւ բարոյականութիւն ունեցան - որոճող կենդանու, կեղծիքներ՝ որոնցով կը շարունակեն դեռ իրենց տկարութիւններն ու կեղտերը արդարացնել:
Օտար ազգութեանց մէջ, նիւթական դիրքի տէր այդ տարրերը, զոհաբերութեան իրենց լիաբուռն բաժինն են բերած եւ կը բերեն ընդհանուր գործին, մնալով հիացողն ու խնկարկողը իրենց ցեղի հերոսականի: Այդ տարրը, մեզանում, անընդունակ՝ յափշտակւելու վսեմ գաղափարներով՝ սովոր է եւ մեծութիւնները դիտել անտարբերութեամբ:
Ա՜հ, քո հայրերը ... նրանցից շատերը հոգով նպարավաճառ են մնում եւ այն դէպքում, երբ ապրում են աշխարհի մեծագոյն եւ մեծածախք ոստաններում: Եւրոպական խօսքեր, ասիական արարքներ! Եղել է այդ տարրը եւ շարունակում է մնալ տկարը, անփառունակն ու ամօթալին մեր պատմութեան մէջ - այն ամէնը, որ յաճախ հեշտացրել է օտար տիրապետութիւնը Հայաստանում:
* * *
- Մեզ պէտք չէ' Անկախ Հայաստան,- դեռ այսօր էլ աղմկում են քո հայրերէն ոմանք:
- Անկախ Հայրենիքը անհրաժեշտ է հենց նրա համար, որ ձեզ՝ հոգով թզուկներիդ դարձնի կատարեալ մարդ եւ Հայ, արժանի Անկախութեան,- պատասխանում է Մայիս Քսանութի շէնքը իր ուսերին կրող ժողովուրդ - հսկան:
- Պէտք չէ',- յամառում են մտքի մանկաբարոյութեամբ բռնւածները, առանց հասկանալու, թէ անկախութիւնից զուրկ ժողովուրդները դատապարտւած են մահւան, ծառայելով գերիշխան ազգերի համար որպէս պարարտացուցիչ աղբ, ապաւառ:
- Պէտք է,- կարճ կտրում է ժողովուրդը:
* * *
Այսպէս, բորբոքւում է ներքին կռիւը եւ մեր ցեղի տկար տարրերը դժւարանում են հասկանալ, թէ «պէտք չէ» - ասել է՝ պէտք չէ որ ապրի հայութիւնը:
Նրանք չեն ուզում հասկանալ, որ իրենց յաղթանակը պիտի լինի արտաքին թշնամու յաղթանակը:
Պէ՛տք է՝ ասա դու, հա՛յ երիտասարդութիւն, ապա հասկացրու հայրերիդ, թէ իրենց վերջնական պարտութեան մէջ է մեր ցեղի քաղաքական իդէալի յաղթանակը, թէ իրենց պարտութիւնը պիտ դառնայ պարտութիւնը այն բոլոր տարրերի - յաւիտենապէս ստրկահոգի, տկար, զէնընկէց - պարտւողականութեան այն ցաւագար ոգու, որի նիւթած վատութեանց պատճառով դարերով օտարի լուծն ու ամօթն է եղել մեր ժողովրդի բաժինը:
Այո՛, պէտք է: Կրկնի՛ր, մէկ է՛լ, հազար անգամ, - պէ՜տք է, որովհետեւ Անկախ Հայրենիք ունենալը իրաւունք լինելուց զատ եւ պարտականութիւն է: Որովհետեւ ցեղերի ուրոյն հանճարը անկաշկանդօրէն աճում է եւ ստեղծագործում միայն բացարձակ Անկախութեան մէջ: Որովհետեւ միայն գերիշխանութեամբ են ժողովուրդներն արդարացնում իրենց գոյութեան իրաւունքը:

Կարգ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ (01-Մյս-2011) | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ Դիտումներ: 883 | Պիտակներ: ГАРЕГИН НЖДЕ, Garegin Njdeh, Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]