// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Գարեգին ՆԺԴԵՀ

+ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ՄԱՍ Դ

Տարօրինակ է - տրամաբանում է մեր քաղքենիամտութիւնը - մեր հաւատքը դէպ Եւրոպան կոյր զգացում էր, մեր ներողամտութիւնը դէպ թշնամին՝ քրիստոսային, բայց եւ այնպէս մենք ջարդւեցինք ու լքւեցինք:

Ոչինչ կայ տարօրինակ, ջարդւեցինք եւ լքւեցինք, որովհետեւ եւրոպացու հոգեբանութեան բոլորովին անծանօթ էինք:

Դէպի Եւրոպան մենք ունէինք մի քրիստոնէական զգացում եւ շնորհիւ մեր տարօրինակ խորհրդապաշտութեան - մեր ազգային հիւանդութեան - մեր սեփական տրամադրութիւնները դրել էինք եւրոպացու հոգու մէջ եւ ամենախոր կերպով հաւատացել, թէ բոլոր քրիստոնեայ ժողովուրդները նոյն զգացումներն ունին մեր հանդէպ, թէ բոլոր պատերազմները մղւում են յանուն մեր փրկութեան:
Այս ինքնախաբէութիւնը մղեց մեզ քաղաքական մուրացկանութեան, եւ քանի որ մենք նաեւ թոյլ էինք՝ անձնատուր եղանք լալկանութեան:
Մուրացկանութիւն եւ լալկանութիւն - մի ամբողջ ժամանակի հոգեբանութիւն, քաղաքական մեր միակ զէնքը: Լալկանութիւնը, սակայն, ապացոյց է հոգեւոր տհասութեան կամ անարիութեան: Մուրացկանութիւնը զզուելի է ընդհանրապէս: Մուրացկանին օգնում են ոչ միայն կարեկցանքից դրդւած, այլ եւ յաճախ զզւանքից:
Աւելի սարսափելի է քաղաքական մուրացկանութիւնը, քանի որ քաղաքականութեան մէջ կարեկցանք չկայ, իսկ զզւանք՝ շատ քիչ: Անորակելի է մուրացկանութիւնը քաղաքականութեան մէջ: Աներես մուրացկանի եսականութիւնը բոլորովին բնական է համարում, որ մարդիկ, թէկուզ ամենէն ինկածները, գթան իրեն:
էլ ավելի աներես է մուրացկանը եւ պահանջկոտ, եթէ նա միաժամանակ եւ հաշմանդամ է: Ահա մուրացկանի այս եսականութիւնը եւ հաշմանդամի պահանջկոտութիւնը դարձել են հոգեբանութիւն:
Հոգեբանական այս երկու կողմերն Աւետարանի ներշնչմամբ ստացել են քաղաքական իմաստութեան, դիւանագիտական զէնքի բնոյթ:
Քրիստոնէական մի հօտի համար չքնաղ առաքինութիւն, սակայն միայն քրիստոնէական հօտի:
Այսօր մենք անիծում ենք քաղաքական բարերարներին, սակայն մոռանում, թէ մուրացկանին եւ հաշմանդամին անկելանոց են տալիս եւ ոչ անկախ հայրենիք:
Երէկ այսպէս էինք, երբ կրօնական հօտ էինք. այսօր յաւակնութիւն ունինք մեզ քաղաքական ոյժ համարելու, բայց չենք ազատագրւել հօտային հոգեբանութիւնից, որը թափանցել է քաղաքական հոսանքների մտայնութեան մէջ, որոնք դրա շնորհիւ անգիտակցաբար կառչել են կողմնորոշումների գաղափարին:
ճիշտ է, նկատելի է մի քայլ առաջ - քրիստոնէական նախապաշարումից մինչեւ կողմնորոշում - սակայն այդ բոլորի մէջ կայ մի խոստովանութիւն, այն է՝ թէ մեր ժողովրդի որոշ տարրերը քաղաքական կեանքի համար թերեւս պատրաստ չեն, խակ, անոյժ, անարի եւ ապա՝ բոլորովին չազատագրւած նախկին մտայնութիւնից:
Հայ քաղաքական մտքի դեգերումների մէջ սա մի երկրորդ շրջան է - մտքի կիսանկախ դառնալու շրջանը:
Այս շրջանը կարճ ժամանակում այնքան աղիտաւոր հետեւանքներ ունեցաւ եւ թւում է թէ շարունակում է էլ աւելի մթագնել, արիւնոտել մեր ճակատագիրը՝ պառակտելով, ներքուստ թուլացնելով մեր ժողովուրդը:
Այս հոսանքներն արդէն արտայայտութիւն են ստացել մեր կեանքում իբրեւ ռուսական կամ արեւմտեան կողմնորոշման - խօսք կայ անգամ Տաճկաստանի մասին - ձգտող քաղաքական խմբաւորումներ, որոնց խելակորոյս, ազգային տեսակէտից անիմաստ բաղխումների հետեւանքով մեծապէս դիւրացուց Հայաստանի անկումը եւ բաժանումը Ռուսիոյ եւ Թուրքիոյ միջեւ:
Սակայն այս մտայնութեան հետեւանքը միայն քաղաքական կորուստը չէ:
Ամենասարսափելին այն է, որ դա անվերջ պիտի ներշնչէ մեր ժողովուրդին այն համոզումը, թէ ինքը տկար է, կարօտ ուրիշների հովանաւորութեան եւ այսպիսով կամազրկի, թուլացնի նրան՝ անընդունակ դարձնի թէկուզ իր ինքնապաշտպանութիւնը սեփական ոյժերով կազմակերպելու: Անկախութեան հաւակնութիւն ունեցող ժողովուրդները նախ պէտք է այս մտայնութիւնից ազատւին:
Ինքնուրոյնութիւնից զուրկ ժողովուրդները չեն կարող պետութիւն ստեղծել: Պետութիւնը նախատեսում է ինքնուրոյն քաղաքական միտք, պայքարելու ինքնավստահութիւն, կառավարելու նախաձեռնութիւն, իսկ յաղթանակն այլ բան չէ, քան ինքնավստահ նախաձեռնութեան պտուղը:
Եղան դէպքեր, երբ մեր այս կամ այն գաւառը մենակ էր, բայց վճռական մենակի հոգեբանութեան շնորհիւ յաջող կերպով տարաւ իր ինքնապաշտպանութեան դժուարին պայքարը:
Եւ ընդհակառակը, այն դէպքերում, երբ մեր քաղաքականութիւնը արտաքին ոյժերի վրայ հաշիւներ արեց - մենք պարտւեցինք չարաչար: 
Պարտւեցինք, որովհետեւ այսպիսի հաշիւներով ղեկավարւողը զուրկ է վճռական մենակի հոգեբանութիւնից, այսինքն՝ յաղթելու ամէն հաւանականութիւնից:
Քաղաքականութիւնն ընդհանրապէս սարսափում է մենակութիւնից, իսկ կողմնորոշումների քաղաքականութիւնը այլ բան չէ, եթէ ոչ մենակութեան սարսափը:
Համակւե՞լ է մի ժողովուրդ այս սարսափով - պարտւած է, կորած: Այստեղ է մեր դժբախտութեան մի այլ պատճառը. ընդունինք այս ճշմարտութիւնը եւս:
Մեր մի շարք հոսանքների օտարահակ տրամադրութեանց, մեր ինքնավստահութեան պակասի եւ մեր մենակութիւնից սարսափելու պատճառով, մեր ժողովուրդը, որ այլ դէպքում պիտի կարողանար իր ինք- նապաշտպանութեան գործը կազմակերպել յաջողաբար - դարձաւ կամազուրկ մի ամբոխ ու պարտւեց:
Մեր պարտութիւնները հոգեբանական էին, պարտւեցինք ոչ թէ նրա համար, որ թւապէս ու թեքնիքապէս թոյլ էինք, տկար, այլ որովհետեւ այդպիսին էինք հոգեպէս:
Մի օտարի հովանու տակ հայը եզակի եւ ռազմաշունչ կռւող է, իր սեփական դրօշի տակ՝ յաճախ անարի, պարտւողական:
Կարսում մենք ունէինք բնական ու արհեստական դիրքերի գերազանցութիւն, թւական առաւելութիւն, աւելի լաւ պարենաւորում, բայց եւ այնպէս պարտւեցինք, որովհետեւ չունէինք վճռական մենակի հոգեբանութիւն, ինքնուրոյն կերպով որեւէ բան անելու հաւատ: Պարտւեցինք, որովհետեւ մենք միայն որպէս ազգ, մասամբ գիտակցեցինք մեր պարտականութիւնը, մասամբ հասկացանք աշխարհի իրական պայմանները, փորձեցինք ոտքի կանգնիլ, բայց ոչ ամբողջովին եւ ոչ մեր ներքին ոյժերի դրդումով:
Պարտւեցինք, որովհետեւ մեր ցեղի ոգու բովանդակ ոյժերն օգտագործելու փոխարէն հովանաւորներ փնտռեցինք:
Վաղը կը կորչենք իսպառ - եթէ մնացինք այս մտայնութեամբ: Կը փրկւենք, եթէ ազատւեցինք նախապաշարումներից, եթէ փորձեցինք ոտքի կանգնել, սակայն ոչ արտաքին դրդումով, օտարների ցանկութեամբ, այլ մեր ներքին, բնական, անզուսպ մղումով:
Այսպիսով միայն կ՚ազատագրւի եւ կ՚ազատւի որեւէ ժողովուրդ: Այդ ճանապարհին եթէ եղան օժանդակիչ ուժեր, պիտ օգտագործենք որպէս զինակից, բարեկամ:
Օգտագործել, եւ ոչ աղերսել - ըմբռնե՞ց հայն այս տարբերութիւնը - կանգնած է փրկութեան ուղիղ ճամբին:
Մինչեւ հիմա բարեգործներ եւ հովանաւորներ ենք փնտռում - հիւանդ ենք, թոյլ եւ տհաս մտահոգեպէս:
Սրանից յետոյ զինակիցների մասին պիտ խօսենք, որովհետեւ հոգով առողջանալ, արիանալ ենք ուզում:
Զինակիցներ եւ ոչ բարերարներ - այդ նշանակում է, թէ հայն արի է եւ ինքնապաշտպանւելու, պատերազմելու ընկեր է փնտռում: Քաջի իրաւունքն է դա, նրա, որ վճռել է մենակ յաղթել եւ զինակցում է միայն աւելի հեշտ յաղթելու համար:
Արի' ժողովուրդ - սրան են միայն զինակցում, ձեռք մեկնում պետութիւնները: Հասկանանք եւ այս ճշմարտութիւնը:
Փրկւելու համար պէտք է նաեւ արիանալ, այսինքն՝ յաղթահարել սեփական սարսափը:
Սարսափից ազատագրւած հոգին միայն ընդունակ է աշխարհն առարկայօրէն տեսնել, պատկերացնել:
Երկիւղը միշտ էլ ճիւաղներ է ստեղծում՝ մտացածին հրէշներ: ժողովուրդները յաճախ մեռնում են հենց այս ճիւաղներից: Քաղաքական գիտակցութեան թերին, անինքնավստահութիւն, սարսափի հոգեբանութիւն - ահա մեր եռագլխեան թշնամին:
Եւ մինչեւ որ չկարողանանք այս ներքին թշնամին սպանել, անկարելի է, որ արտաքին թշնամուց ազատւել կարողանանք: Ասւած է. «Սարդս մի բան է, որ պիտ յաղթահարւի»: Այսպէս. մինչեւ որ հայ մարդը չկարողանայ ինքզինքը յաղթահարել - սպանել սարսափի անասունն իր մէջ, ներշնչւել նոր մտայնութեամբ, հոգեփոխւել, կարճ՝ մինչեւ որ չդառնայ արի եւ արիանուն ժողովուրդ՝ անհնար է, որ նա կարողանայ ո՛չ միայն քաղաքականապէս ազատւել, այլ եւ ազգովին ոչնչանալու վտանգից խուսափել: Արեւելքում մեզ համար ստեղծւած պայմանների մէջ կարող է ապրել արի եւ արիապաշտ հայութիւնը, բայց ոչ այսօրւանը:
Պատերազմների մէջ յաղթանակում է արին - այս նշանակում է՝ յաղթում է նա, ով սանձահարել է իր սեփական սարսափը, ով թշնամու հետ չափւելուց առաջ կառուցել է յաղթանակի շէնքն իր հոգում:
Սեքենական կոպիտ ոյժերի բաղխումը չէ պատերազմը, այլ՝ ժողովուրդների հոգեկան կարողութեանց:
Դեռ աւելին՝ պատերազմը ժողովուրդների աստւածների գօտեմարտն է: Թեքնիքան՝ զէնքն է, միջոցը, հոգին՝ պատերազմի դարբինը: Զէնքն անհրաժեշտ է - սակայն արի բազուկների մէջ: Պայքարի պատրաստւող ժողովուրդները նախ սպառազինւում են հոգեբանօրէն: 
Անտեսւա՞ծ է այս պայմանը - անխուսափելի է պարտութիւնը եւ թեքնիք միջոցների յանձնումը թշնամուն:
Յաղթելու համար պէտք է սեփական պարտութիւնը յաղթահարել: Յաղթահարել սեփական պարտութիւնը - նշանակում է ընդունակ լինել ինքնապաշտպանութեան, որը ուրիշ բան չէ, քան թշնամու պար- տութիւնը:
Ինքնապաշտպանութիւն՝ ահա թէ ինչ են թելադրում ժամանակն ու առաջընթացը:
Ինքնապաշտպանութիւն - ահա' մեր նոր կրօնը: Ինքնապաշտպանութիւն - միակ միջոցը, որ թէ' ժողովուրդների եւ թէ' սրանց աստւածների գոյութիւնն է ապահովում:
Եսականութիւն չէ' բնաւ, երբ մի ժողովուրդ իր ինքնապաշտպանոթիւնը իր կրօնն է յայտարարում:
Ընդհակառակը, մի արիւնոտ ողբերգութիւն է մղում ժողովուրդներին այս համոզման եւ ամենէն արդար ժողովուրդները իրաւունք ունին այսպէս վարւելու:
Ինքնապաշտպանութիւնը ոչ թէ բնական իրաւունք է իւրաքանչիւր ժողովուրդի, այլ եւ պարտականութիւն դէպ մարդկութիւնը:
ժողովուրդները ապրում են իրենց, ստեղծագործում մարդկութեան համար:
Ապրելու արժանի չէ միայն իրեն համար ապրողը: ժողովուրդներն ստեղծագործելու պարտականութիւն ունեն - հետեւաբար եւ ապրելու իրաւունք:
Մի ժողովուրդ, որ անընդունակ է ինքնապաշտպանութեան, նշանակում է զուրկ է այդ տարրական առաքինութիւններից - առաքինութիւններ, որոնց չափանիշը ինքնապաշտպանութեան համար ցուցահանւած ընդու¬նակութիւնն է միայն: Զո՞ւրկ է մի ժողովուրդ ինքնապաշտպանութեան ընդունակութիւնից - նշանակում է նա զուրկ է ամէն առաքինութիւնից, զուրկ՝ գոյութեան բարոյական իրաւունքից:
Երկար ժամանակ աղերսում էինք կեանքի, գոյքի, պատւի ապահովութիւն - այնժամ ոչ միայն տկար էինք, այլ եւ զուրկ առաքինութիւնից: ժողովուրդների կեանքը բռնաւորների շնորհը չէ, նրանք չեն կարող ողորմութեամբ ապրիլ եւ պէտք չէ ապրին:
Մակաբոյծ է մի ժողովուրդ, եթէ իր ինքնապաշտպանութեան համար յենւում է միայն օտար ոյժի շնորհին: Կեանքում մակաբոյծն անբարոյական է, իսկ նմանը տեղ չունի պատմութեան մէջ:
Առանց զայրանալու ընդունինք եւ այս ճշմարտութիւնը: Ինքնապաշտպանութիւնը մի պարգեւ չէ ուրիշից իրեն, այլ մի բան իրենից - իրեն, մի ազդեցութիւն ենթակայից - ենթակային:
Ինքնապաշտպանութիւնը մի ժողովուրդի գոյութեան ներքին ճիգն է: Մինչեւ հիմա այդ ճիգն արտայայտւեց որպէս աղօթք, աղերսանք, մուրացկանութիւն - հետեւանքը՝ հազար եւ հազար կրաւորական զոհեր: Հիմա ճիգը մեր ներքին ոյժի արտայայտութիւնը պիտ լինի:
Փտած են մեր հին զէնքերը, եղծանւած է հին մագաղաթը: Նոր աւետարանի խօսքը պիտ լսենք հիմա - Աւետարանը Արիութեան:
Վահագնի հետ պիտ խօսենք հիմա - Աստւածը հին արիական հայութեան: Մի նոր գիրք պիտ դրւի մեր ժողովուրդի ձեռքը - Աւետարանը Արի- ների:
Արիութիւն - այս պիտ լինի մեր սերունդների կոչումը, քանզի այդ բարձր յատկութիւնն է փրկում ժողովուրդները ֆիզիքական եւ բարոյա-կան անկումներից, քանզի աստւածային միակ արժէքն է արիութիւնը, որով ժողովուրդները կը գնեն իրենց անկախութիւնը եւ կ՛ապահովեն զայն:
Արդ թէ ինչո՞ւ արիութեան պատգամախօսները պիտ դառնան հայ մտաւոր եւ հոգեւոր կեանքի բոլոր ղեկավարները:
Ե՛ւ դպրոց, եւ եկեղեցի, եւ քաղաքական կուսակցութիւններ, եւ մամուլ, ե՛ւ ապակուսակցական կազմակերպութիւններ - բոլորը, բոլորը պիտ համակւին նոր մտայնութեամբ, պիտ կրկնեն նոր ճշմարտութիւն- ներ, կրկնեն անվերջ, անդադրում, մինչեւ որ արիական ինքնապաշտպանութեան գաղափարը դառնայ ժողովրդական մտայնութիւն, ազնիւ կիրք, հոգեբանութիւն, մինչեւ որ հայութիւնը դառնայ ինքնապաշտպա- նունակ:

Կարգ: Գարեգին ՆԺԴԵՀ | Ավելացրել է: ՄՀԷՐ (21-Ապրլ-2011) | Հեղինակ: Գարեգին ՆՅԴԵՀ Դիտումներ: 1926 | Պիտակներ: ГАРЕГИН НЖДЕ, Գարեգին ՆՅԴԵՀ, Garegin Njdeh
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]