// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Քաղաքականություն

Սիրելի՛ ժողովուրդ,

2011թ. հունվարի 21-ին լրացավ երկուսուկես տարին, ինչ վրացական իշխանությունները փորձեցին ուժի միջոցով լռեցնել ջավախահայության պահանջատիրությունը' դիմելով «Միասնական Ջավախք»-ի առաջնորդներին ձերբակալելու, արտաքսելու և ահաբեկելու ծայրահեղ միջոցներին:

2011 թվականը, իր հետ նոր հույսեր բերելով, նաև առաջ է քաշում նոր մարտահրավերներ, որոնց դիմակայելու համար մեզանից ջանքեր, համախմբվածություն և ուժերը կենտրոնացնելու կարողություն է պահանջելու: Այդ մարտահրավերներից ամենևին էլ երկյուղել կամ տագնապի մատնվել պետք չէ: Ճիշտ է, մեծ են տարածաշրջանը հայաթափել ցանկացող ուժերի հնարավորությունները, սակայն ջավախահայությունն էլ այսօր մենակ չէ:

Ամենակարևորն այն է, որ մեր կողմն է Արդարությունը:

Այսօր մենք ո՛չ մեկին չենք ուզում իր տնից բռնի հանել ու բնակվել նրա տեղը: Ընդհակառա՛կը, մենք այսօր պաշտպանում ենք մե՛ր տները ուրիշի ոտնձգություններից:

Մենք ո՛չ մեկին չենք պարտադրում մոռանալ իրնեց Մայրենին ու Պատմությունը: Ընդհակառա՛կը, մենք այսօր պաշտպանում ենք մե՛ր Մայրենին ու Պատմությունը:

Այսօր մենք ո՛չ մեկին չենք հորդորում ուրանալ իրենց հավատքը: Ընդհակառա՛կը, մենք այսօր չենք ուզում ուրանալ մե՛ր կրոնը:

Այսօր մենք ո՛չ մեկին չենք ստիպում հեռու մնալ իրենց եկեղեցիներից, դրանք թողնել ժամանակի ու բնության քմահաճությանը: Ընդհակառա՛կը, մենք այսօր պայքարում ենք, որ մեզ վերադարձնեն մեզանից խլված մեր անօտարելի իրավունքը' տեր կանգնել մեր պապերի ձեռքով կառուցված, մեր պապերի արյունով պաշտպանած Աստծո տաճարներին:

Այսօր մենք ո՛չ մեկին չենք պարտադրում հայերեն սովորել, ազգանունների վերջավորությունները «յան» դարձել: Ընդհակառա՛կը, մենք այսօր մե՛րն ենք պաշտպանում:

Ուրիշի ունեցածի վրա աչք չունենք, բայց մերն էլ ոչ մեկին չե՛նք տա, ինչքան էլ այդ «մեկը» մեզանից ֆիզիկապես ուժեղ ու քանակապես շատ լինի: Մենք ո՛չ մեկից վախենալու խնդիր չունենք, թող մեզանի՛ց, մեր համբերության բաժակը լցվելու՛ց վախենան:

Մենք պայքարում ենք հանուն Ջավախքի հայապահպանության, մենք Քութայիսի հայացման համար չենք պայքարում, որ մտածենք' Արդարությունը մեր կողմը չէ, ու վախենանք:

Սիրելի՛ ժողովուրդ, մեզ անհրաժեշտ է համախմբվել այն անհատների շուրջ, որոնք այսօր Ջավախքում են գտնվում ու չեն վախենում հետևողականորեն խոսել ջավախահայերի խնդիրներից:

Անհրաժեշտ է համախմբվել նրանց շուրջը, նրանց ոգևորել, օժանդակել ով ինչով կարող է. շատ անգամ մեկ ջերմ, սրտաբուխ խոսքն էլ անհատին կարող է հերոսական քայլերի մղել: Անհրաժեշտ է չտրվել հատուկ ծառայությունների կողմից նրանց մասին շրջանառության մեջ դրվող բամբասանքների հորձանքին: Պետք է փակե՛լ այդ բամբասանքները տարածողների բերանները: Պետք է վերջնականապես հասկանալ, թե ինչքան մեծ վնաս են հասցնում մեր պայքարին այդ բամբասանքներն ու բամբասկոտությունը:

Ուրիշ ի՛նչ կարող ենք անել մենք համախմբվելուց, մեկմեկու որգևորելուց բացի. շա՛տ բան, սակայն այսօր այդ շատից ձգտենք անել նվազագույնը, այն է՝ դիմադրել, ընդդիմանալ ջավախքահայության տկարացմանն ուղղված ցանակացած քայլին:

Ինչ են անում վրաց իշխանությունները. Հայերենի դասաժամերն են կրճատում, «Հայոց պատմություն»-ը չեն թողնում դպրոցներում անցնեն: Ինչ անենք մենք. ամեն մեկս իր դպրոցական երեխայի հետ տանը պարապենք ու լրացնենք այն արհեստական բացը, որը ստեղծել են Թբիլիսիից: Իսկ նրանք, ովքեր գիտելիքների ավելի մեծ պաշար ունեն, թող դասերից հետո, իրենց երեխաների կողքին ուսուցանեն նաև հարևանների երեխաներին, ավելի համարձակները թող խմբակներ բացեն:

Ինչ են անում վրաց իշխանությունները. արգելում են հայկական գրքերի մուտքը Ջավախք: Ինչ անենք մենք. ՀՀ-ից ամեն վերադարձող, որ իր հետ թեկուզ մեկ գիրք բերի, Ջավախքը հայերեն գրքի պակաս երբեք չի ունենա: Սահմանում հո այդ մեկ գրքերը չեն բռնագրավելու: Կբռնագրավեն' ավելի վատ իրենց համար, խայտառակվելու են ամբողջ աշխարհով մեկ, որպես գրքերի դեմ պայքարող պետություն: Ավելի համարձակները թող մեկի փոխարեն տասը գիրք բերեն: Եվ այսպես ամեն բնագավառում անհրաժեշտ է հակադրվել, դիմադրել, ահա թե ի՛նչ կարող ենք մենք անել, անել անձա՛յն, լուռ:

Չեն թողնում վերանորոգել մեր եկեղեցիները, բայց ի՞նչն է խանգարում հավաքվել, մաքրել այն, համոզված լինելով, որ այսօր, այս դժվար պայմաններում այդ մաքրելը հավասարազոր է վերանորոգման: Հայկական երգի, պարի, մշակութային երեկոներ անցկացնենք ամեն մի գյուղում: Հավատացե՛ք, Աստված տեսնելով մեր նվիրվածությունը մեր եկեղեցիներին, մեր Մայրենիին, մեր Պատմությանը, հայ երգ ու պարին, մի օր էլ մեզ հնարավորություն կտա, վերանորոգել և «Հայր մեր»-ը ասել այսօր «վիճելի» կոչվող եկեղեցիներում, ազատ օգտագործել մայրենին կյանքի բոլոր բնագավառներում, Հայոց պատմություն ազատ անցնել դպրոցներում և այլն, և այլն:

Անհրաժեշտ է դիմադրություն, հակառակորդը մեր աչքերում չպիտի նկատի թուլություն կամ հոգնածության հետք իսկ: Թույլերն ու հոգնածները երկար չեն կարող դիմանալ այս արևի տակ: Մեր դիմադրությունը, ամենքիս մեջ մեկ անտեսանելի, հոգևոր կապը և այն գիտակցությունը, որ ծառայում ենք մեկ ընդհանուր, ազգային գործի, մեր կյանքի անգույն, միօրինակ առօրյան ավելի հետաքրքիր կդարձնի:

Այստեղ անելիքի առյուծի բաժինը ընկնում է երիտասարդների ուսերին: Ինչպես ցանկացած հասարակությունում, այսպես էլ ջավախքահայության շարժիչ ուժն էլ մե՛նք ենք, այսօրվա երիտասարդությունը: Ջավախքահայության հաղթանակները առաջին հերթին մերն են, պարտությունները՝ նույնպես: Պետք է թոթափենք մեր վրայից անտարբերության փոշին, անտարբերություն մեր իսկ ճակատագրի նկատմամբ: Պայքարենք կյանքի ցանկացած ոլորտում, դպրոցից սկսած, համացանցով ավարտված: Մեր նախնիների հանդեպ ունեցած հարգանքն ու գալիք սերունդների հանդեպ մեր պարտքի գիտակցումը մեզ իրավունք չի՛ տալիս անտարբեր մնալ:

Այսօր մենք պարտավոր ենք վերադարձնել Ջավախքի վեհությունը իր լեռներին: Պարտավոր ենք և կարո՛ղ ենք: Կարող ենք և պիտի՛ անենք: Փոքր-փոքր քայլերով, աննկատելի, լուռ, բայց ամենօրյա: Հավատացե՛ք, արդյունքը չի ուշանալու:

Այսօր մեր մեջ են հերոսները, մեր գյուղում, մեր հարևանությամբ, մեր կողքին, ուրիշ կերպ չի էլ եղել, ուրիշ կերպ չի էլ լինում: Մենք պիտի զարգացնենք մեր մեջի հերոսին, զարգացնենք ամենօրյա դիմադրությամբ՝ ընդդիմանալով մեր ազգային արժանապատվությանը հարվածող ձեռքին: Չկա ավելի մեծ վիրավորանք, քան ազգային արժանապատվությանը դիպչելը, ազգային իրավունքները ոտնահարելը, մի՛ հանդուրժեք նման վիրավորանք:

Մեր պայքարի ընթացքում միշտ պետք է զգոն լինենք: Միշտ պետք է հիշենք՝ Ջավախքում այսօր վխտում են վրացական հատուկ ծառայությունների հայանուն և հայախոս գործակալները: Դրանք, երբ տեսնում են լավ, ազգային գործ անող մեկին, անտեսանելի սարդոստայն են հյուսում նրա շուրջը:

Նրանք հիմնականում աշխատում են երկու ուղղությամբ' նախ վրացական հատուկ ծառայությունների բամբասանքներն են տարածում, և երկրորդ' հնարավոր բոլոր միջոցներով փորձում են փոխել շարժման ուղղությունը, դրան հայամետից հակավրացական հնչերանգ հաղորդել:

Մեկընդմիշտ պետք է հիշենք, որ մեր պայքարը ոչ մի ազգի, ժողովրդի դեմ չէ, այլ հայամետ է: Համոզված եմ ասում' վրաց ժողովրդի մեծ մասը մեր հանդեպ թշնամաբար տրամադրված չէ, նա շատ անգամ անտեղյակ է իր իշխանությունների կողմից Ջավախքում տարվող հայաթափման, հակահայ քաղաքականությունից: Իսկ տեղ-տեղ էլ ապատեղեկացված է, ճշմարտությանը, իրականությանը չի տիրապետում և իրեն թվում է, թե իշխանությունները ծայրահեղականորեն տրամադրված Ջավախքը հնազանդեցնելու համար են հարկադրված դիմում նման քայլերի:

Հայաստանի միակ քրիստոնյա հարևան վրաց ժողովուրդը մեր բնական դաշնակիցն է և մենք' որպես գիտակից ազգ, իրավունք չունենք թշնամանալ հասարակ ժողովրդի հետ:

Վրաց ժողովրդի տրամադրությունները հայության հանդեպ շատ անգամներ տարբեր են վրացական կառավարության տրամադրություններից, մտադրություններից: Այսօր հենց վրացական մտավորականության մեջ կան անհատներ, որոնք ամբողջապես հասկանում են Ջավախքը հայաթափելու աղետալի հետևանքները: Նրանք քաջ գիտակցում են, որ իրենց իշխանությունները, կատարելով թուրք-ադրբեջանական պատվերը, Ջավախքը հայաթափելու միջոցով, նրա տարածքը կապող միջանցք են դարձնում «երկու պետություն-մեկ ժողովրդի համար», որը ձգտում է վերջնականապես իր աքցանի մեջ վերցնել Հայաստանը: Վրացական իշխանությունները, ունենալով մեծ դրամական պարտքեր Թուրքիա-Ադրբեջան զույգին, ինչպես նաև բիզնես ու քաղաքական ինչ-ինչ շահեր, լիովին հայտվել են նրանց ցանցում և չեն համարձակվում նրանց պահանջներին հակադրվել: Դրանով նրանք հենց իրենց երկրի գերեզմանն են փորում: Այստեղ մենք անգամ հնարավորություն ունենք վրաց ժողովրդի հետ ձեռք ձեռքի պայքարել ինչպես Հայաստանի անվտանգության համար, այնպես էլ Վրաստանի համար այդ վտանգավոր ծրագրի դեմ:

Մեզ անհրաժեշտ է զգոնություն և հեռատեսություն դրսևորել, տարբերել «թացը չորից»: Պետք է հստակ գիտակցել, որ այն, ինչ մենք անում ենք, ուղղակիորեն կապված է տարածաշրջանում խաղաղության պահպանման հետ, քանի որ թույլ և ուժասպառ Ջավախք նշանակում է ևս մեկ հակամարտության օջախի առաջացում:

Ուստի հանուն խաղաղությունը, կայունությունը պահպանելուն, անհրաժեշտ է պահպանել ուժերի հավասարակշռությունը և այն պահպանելու մեկ ձև կա. ապահովել ջավախքահայության բնականոն զարգացումը: Իսկ դա լուրջ ուժեր, համախմբվածություն, ամենօրյա պայքար և համբերություն պահանջող խնդիր է: Ուրեմն լցվենք համբերությամբ, մեր միջից հանենք վախը, թուլամորթյունը և լծվենք աշխատանքի: Ամեն օր, ամեն մեկս եթե անգամ մեկ կաթիլ ջուր լցնենք մեր ընդհանուր ջրաղացին, այն երբեք չի կանգնի: Եվ այն երբեք չի՛ կանգնելու, քանի դեռ Ջավախքում կգտնվի թեկուզ մեկ դիմադրող անդամ:

Անկախ նրանից, թե Վրաստանի իշխանությունները ինչ են պատրաստվում անել, մենք պետք է մշակենք գործողությունների մեր հստակ ծրագիրը և հետամուտ լինենք դրա իրականացմանը: Ինքնուրույն ծրագիր իր ինքնուրույն գործողություններով, այլ ոչ թե պարզապես ձգտենք հակազդել վրացական իշխանությունների հարվածներին:

Հայրենի հողը ինքն իրեն պաշտպանված զգալու համար ոչ միայն կարիք ունի իր որդիների արյան, այլև նրա քրտինքի, սակայն ամենից առավել նա կարիք ունի նորածին մանկան ճիչի... Ինչքան ավելի է շատանում, բազմանում նորածինների ճիչը, այնքան ավելի է երիտասարդանում հայրենիքը, այնքան ավելի է պաշտպանված զգում ինքն իրեն:

Ազգերի գոյատևման պայքարը հարատև է: Երբ պայքարը դադարում է, դադարում է նաև ազգը: Ապրող ազգի մեջ պայքարը միշտ կա, այն ուղղակի մի ձևից վերափոխվում է, կերպարանափոխվում է մեկ այլ ձևի:

Արցախյան պատերազմում մենք հաղթեցինք: Այնտեղ, ուր հողը արյուն էր պահանջում, մենք այն ազգովի տվեցինք: Եվ արդյունքը տեսանելի է: Վա՛յ մեզ, եթե արյունից տասնյակ անգամ թեթև քրտինքը տալու հարցում մենք թերանանք: Վա՛յ մեզ, վա՛յ այն երիտասարդությանը, ով կթերանա դարեր շարունակ արյունով պաշտպանված հողը այսօր իր աշխատանքից թափվող քրտինքով ջրելուց, վա՛յ այն երիտասարդ աղջիկներին, ովքեր զլանում են մանուկներ ծնել մեր զառամյալ հայրենիքը երիտասարդացնելու համար:

Այսօրվա երիտասարդությունը ստիպված է գիտակցելու իր ուսերին ընկնող պատասխանատվության ամբողջ կարևորությունը, հասկանա, որ հայրենիքը այսօր կարիք ունի նվիրման ու հերոսների՝ բազմազավակ մայր հերոսների, աշխատանքի հերոսների, ուսման մեջ և գիտության բնագավառում հերոսների: Առանց դա գիտակցելու մենք չենք կարողանալու մեր Հայրենիքի այս փոքր հողակտորը պահել:

Չնայած այսօր ես գտնվում եմ բանտում, այն էլ ծանր պայմաններում, բայց ամենևին էլ ընկճված չեմ, շարունակում եմ իմ պայքարն ամենայն վճռականությամբ և վստահ եմ, որ ուշ թե շուտ, ինձ ձերբակալողները, հասկանալով, որ ինձ բանտում պահելը և այդպիսով ինձ լռեցնելը անհույս գործ է, և ստեղծված իրավիճակից ելք չէ, ինձ ազատ կարձակեն:

Նաև վստահ եմ, որ տեսնելով մեր պայքարող, դիմադրություն ցույց տվող ուժը, ոգին, նրանք ընդառաջ են գնալու մեր պահանջներին և դադարելու են ոտնահարել մեր իրավունքները: Ուրիշ կերպ չի՛ կարող լինել, ջավախքահայությունը չի՛ կարող հանդուրժել ու ոչ էլ կարող է ապրել «երկրորդ կարգի» մարդու կարգավիճակով: Այսօր նա իր բողոքը հայտնում է, լքելով պապենական տները, բայց պետք է հասկանալ, որ դա բողոքի ամենաանարդյունավետ ձևն է: Հակառակ կողմը հենց դա՛ էլ ցանկանում է:

Սիրելի՛ ժողովուրդ, ինձ հոգեպես ամրապնդում է այն միտքը, որ օր օրի մենք ավելի գիտակից ենք դառնում մեր պայքարում, օր օրի ավելի փորձված, դրա հետ նաև' ավելի վճռական: Երեք հարյուր հազար ջավախքահայության և վրացահայության ռեսուրսը, լավ տնօրինելու դեպքում, լիովին բավարար է ոչ միայն ինքնագոյատևումը, այլև զարգացումը ապահովելու համար:

Մենք չպիտի ընկճվենք, չպիտի հիասթափվենք ու պետք է լավ գիտակցենք, որ մեր ընկճվածությունից ու հիասթափությունից հենց առաջին վնաս կրողները մենք ենք լինելու: Ուրեմն կորչեն մեր միջից վախը, թուլությունը' իր ընկերներ ընկճվածության ու հիասթափության հետ: Հանուն Ջավախքի' մեր պապերի երկրի' մեր թոռների երկրի, հանենք մեր միջից պառակտվածությունը և անհանդուրժողականությունը:

Այո, 2011 թվականը նոր մարտահրավերների տարի է լինելու, սակայն պետք է գիտակցել, պետք է հավատալ, որ այն նաև նոր հաղթանակների, նոր նվաճումների տարի է լինելու: Բոլորս մեկտեղ ուս ուսի տված հետ նվաճենք մեր պապերի երկիր Ջավախքի վեհությունը, մեր հպարտ Աբուլի վեհությունը:

Պայքա՛ր մինչև հաղթանակ:

Վահագն Չախալյան

Վրաստան, Ռուսթավի թիվ 6 խիստ ռեժիմի բանտ


Աղբյուր: http://hayrenater.livejournal.com/83643.html Կարգ: Քաղաքականություն | Ավելացրել է: ANI (08-Փետր-2011) Դիտումներ: 1036 | Պիտակներ: Քաղաքականություն, արդրարություն, հայ-վրացական հարաբերություններ, Javaxq, Vahagn Chakhalyan, Ջավախք
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]