// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Քաղաքականություն

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ «ԴԵՄՈԿՐԱՏԱՑՄԱՆ» ՆԱԽԱԳԻԾԸ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
«Ուխտ Արարատի», Թիվ 4 (10), հունիս-հուլիս, 2006թ.

Ներկայացնում ենք ինտերնետ կայքում տեղադրված Մերձավոր Արևելքի առկա իրողությունն ու Արևմուտքի կողմից այն առաջիկայում վերաձևելու քարտեզը   /տե՜ս, Ralph Peters, "Blood borders”, Armed Forces Journal, 2006 /"Never Quit the Fight” and ‘his’ new chopped off ‘Middle East Map’/ (Մայր օրինակները տե՜ս, կից գունավոր էջում: Հոդվածի թարգմանությունը լույս է տեսել «Ազգ» օրաթերթի 25.08.2006-ի համարում): Քարտեզը, որպես Մերձավոր Արևելքի նկատմամբ Արևմուտքի կողմից ծրագրված և հետևողականորեն իրականացվող, այսպես կոչված՝ աշխարհի գլոբալացման ընդհանուր ծրագրի բացահայտված պատկեր, ըստ էության, ներկայացնում է միջանկյալ, անցումային այն իրողությունը, որի ստեղծման հիմքի վրա, հաջորդ փուլում պետք է (ամերիկանացման սկզբունքով) ձևավորեն «Մերձավոր Արևելքի Միացյալ Նահանգներ» անվանում ունեցող ընդհանուր պետություն: Այնտեղ, ըստ ներկայացված քարտեզի, ներառվելու են՝ 1. Հայաստանի Հանրապետությունը (առանց Արցախի), 2. Թուրքիան (երկփուլ մասնատումով, առայժմ ներկայացված է Թուրքիայի մասնատման առաջին փուլը), 3. Սիրիան (մասնատումով), 4. Լիբանանը (ընդարձակումով), 5. Հորդանանը (ընդարձակումով), 6. Սաուդյան Արաբիան (մասնատումով), 7. Իրաքը (մասնատումով), 8. Իրանը (արևմուտքից և հարավ-արևելքից մասնատումով, իսկ հյուսիս-արևելքից ընդարձակումով), 9. Աֆղանստանը (արևմուտքից մասնատումով, իսկ արևելքից ընդարձակումով), 10. Պակիստանը (մասնատման արդյունքում մնալու է 1/3-ի չափով): Ուշագրավ է, որ Ադրբեջանը երկրորդ քարտեզում է ի հայտ գալիս Մերձավոր Արևելքի ընդհանուր տարածքում: Դա պայմանավորված է նրանով, որ ներկայիս Բաքուն սպառել է Արևմուտքի կողմից՝ 1918-ից, իր վրա դրված առաքելությունը: Հիմա այն հանձնվելու է հիմնական դերակատարին՝ Իրանի հյուսիային շրջանի Ադրբեջանին, որի անունով էլ այն ժամանակ կնքել էին իրենց կողմից ստեղծված այդ պետությունը: Ասել է թե՝ քարտեզում նշված Ադրբեջանի ընդարձակումը ընթանալու է ոչ թե հյուսիսից հարավ (ինչպես թյուրիմացաբար կարծում է պաշտոնական Բաքուն), այլ լրիվ հակառակ տրամաբանությամբ՝ հարավից հյուսիս: Այսինքն, Իրանի հյուսիսային շրջանը պատերազմական ճանապարհով ոչ միայն անջատվելու է Իրանից, այլև զավթելու, իրեն է միացնելու հյուսիսը՝ ներկայիս Ադրբեջանը (ենթադրվում է՝ Նախիջևանը և Արցախը միասին): Ի դեպ, երկրորդ՝ Սևծովյան ընդհանուր պետության ստեղծման փուլում, Թուրքիայի մասնատումը՝ ի շարունակություն քարտեզում նշվածի, հիմնականում ընթանալու է Սայքս - Պիկոյի պայմանագրի հայտնի տրամաբանությամբ, նաև հանցագործ «գործիքի» վերացման՝ ավելի քան հայտնի սկզբունքով: Ըստ այդմ, Թուրքիայից անջատվելու և Բուլղարիային է տրվելու Բոսֆոր - Դարդանել նեղուցներից արևմուտք գտնվող ամբողջ հատվածը՝ նեղուցներից կրկին հեռու պահելով Հունաստանին: Իսկ Փոքր Ասիա թերակզու արևմտյան մասում (մոտ 1/3-ի տարածքում) ստեղծվելու են նոր, երկու առանձին պետություններ, մեկը՝ Սև ծով-նեղուցներ, մյուսը՝ Միջերկրական ծով-նեղուցներ սահմաններով:
Ներկայացված քարտեզում մնացած Թուրքիան էլ սեղմվելու է հյուսիս-կենտրոնական մասում՝ ելք ունենալով միայն դեպի Սև ծով: Իսկ հարավային կեսում՝ Միջերկրական ծովի ելքով, ստեղծվելու է Միջերկրյածովյան ընդհանուր պետության կազմում ներառվող մեկ այլ, նոր պետություն:

Հասկանալի է, որ «ընդարձակում» նշանակում է տվյալ երկրի կողմից զավթում հետապնդող պատերազմ, իսկ «մասնատումը» ներառելու է ինչպես ներքին՝ անջատողական - քաղաքացիական, նույնպես և արտաքին՝ պաշտպանողական պատերազմներ: Պատկերը սարսափազդու է: Հսկայական մի տարածք միանգամից վերածվելու է տարաբնույթ և տարաշերտ լոկալ պատերազմների ընդհանուր մի թատերաբեմի: Ճիշտ այնպիսին, ինչպիսին Առաջին համաշխարհային պատերազմն էր, երբ երկրներն ու ժողովուրդները այդպես էլ չհասկացան, թե ո՞վ, ո՞ւմ դեմ և ինչո՞ւ է պատերազմում:

Քարտեզում առկա աշխարհաքաղաքական տրամաբանությունը գործնականորեն բացահայտում է նաև վերջին մի քանի տասնամյակներում կատարվածի իրական պատկերը. Աֆղանստանի, Իրանի և Իրաքի նախկին պատերազմների, Իրանի ներկայիս ատոմային էներգետիկայի հիմնախնդրի, նաև ԱՄՆ - Իրաք զավթողական և ներկայիս Իրաքի կրոնա - քաղաքացիական պատերազմների բուն դրդապատճառներն ու հեռահար նպատակները: Այն նաև քողազերծում է Հյուսիսային Կովկասի ահաբեկչական գործողությունների, ինչպես և կովկասյան, այսպես կոչված՝ լոկալ հակամարտությունների, այդ թվում՝ Չեչնիայի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Աջարիայի և Արցախի հիմնախնդիրների 15- ամյա «անլուծելիության» բուն պատճառներն ու դրանց «լուծման» արևմտյան ակնկալիքները:

Առաջին իսկ հայացքից քարտեզը համահունչ է Արևմուտքի (հիմնականում ԱՄՆ - Անգլիա - Իսրայել եռյակի) կողմից վերջին տարիներին հաճախակի արծարծվող, այսպես կոչված՝ «Մեծ Մերձավոր Արևեք» ստեղծելու ծրագրին: Այն, ինչպես հայտնի է, համարվում է աշխարհի գլոբալացման («Աշխարհի Միացյալ Նահանգների» ստեղծման, դեռ 1890-1908թթ. նախագծված) ծրագրի երկրորդ փուլի գործընթաց: Առաջին՝ հիմնադիր փուլը, ինչպես հայտնի է, այսպես կոչված՝ «Եվրոպայի Միացյալ Նահանգներ» կոչվող ընդհանուր պետության ստեղծումը պետք է լիներ, որի առաջին քայլը՝ Եվրոմիության ստեղծումը, գործնական առումով՝ 2005-ին, գրեթե ավարտուն վիճակի էր բերվել: Խանգարեցին Ֆրանսիան ու Հոլանդիան՝ հանրաքվեով մերժելով Եվրոմիության Սահմանադրությունը: Ի դեպ, ներկայիս, որպես ուժերի վերադասավորման և նոր գրոհի նախապատրաստման մարտավարական քայլ, սառեցված են ինչպես ԵՄ Սահմանադրության ընդունումը, այնպես էլ ԵՄ բյուջեի ձևավորումը:

Ըստ ծրագված հաջորդականության, աշխարհի գլոբալացման երկրորդ փուլում «Մերձավոր Արևելքի Միացյալ Նահանգների» ստեղծման գործընթացին պետք է նախորդի Մերձավոր Արևելքի քարտեզի ամբողջական վերաձևումը («Բաժանիր, որ տիրես» սկզբունքով), այսինքն այն, ինչ պատկերված է ներկայացված քարտեզում: Ինչպես ակնհայտ է, այն ներկայացնում է բազմաշերտ և բազմաբովանդակ հակամարտություններ խթանող և մեծ լարվածություն կուտակող ներքին սահմաններով ամբողջացող մի հսկայական՝ պայթունավտանգ տարածք, որի զսպման, ասել է թե՝ խաղաղ համակեցության ընթացքի կարգավորման, ինչպես և ներքին «պայթյունների» խթանման բոլոր լծակներն ու մեխանիզմները դուրս են բերվել ընդհանուր տարածքից:

Այսինքն՝ ընդհանուր այս տարածքում ներառված բոլոր երկրների ու ժողովուրդների կյանքը, կենսագործընթացները, նրանց ներկան և ապագան լիովին կախվածության մեջ են դրվում արտաքին ազդեցության կառույցների կամային ցանկություններից: Դրան զուգահեռ պետք է խթանվի, նաև, այսպես կոչված՝ «Սևծովյան Ընդհանուր Պետության» ստեղծման գործընթացը, որի սկզբնառու քայլը պետք է լիներ «Կովկասյան Ընդհանուր Պետության» ստեղծումը (դեռ 2003- 2005թթ.): Ինչպես հայտնի է, այն տապալվեց ժամանակացույցից հետ ընկնելու պատճառով: Ներկայումս, արևմտյան - քաղաքական ժամանակացույցի մեջ չտեղավորվելու պատճառով, Եվրոմիության նախաձեռնությամբ փորձ է արվում երկու՝ հաջորդական (Կովկասյան և Սևծովյան) քայլերը իրագործման տանել մեկ ընդհանուր, այսպես կոչված՝ «Սևծովյան Միության» ստեղծմանը հանգեցնող «Նոր հարևաններ» գործընթացով: Դրանով է պայմանավորված վերջերս վրաց - աբխազական և վրաց - օսեթական հակամարտությունների՝ ռազմական գործողությունների խթանման փորձերը: Դրանց կհաջորդի «Սևծովյան Միացյալ Նահանգներ» կոչվող ընդհանուր (Եվրոմիության համար առժամանակ բուֆերային տարածքի դեր ունեցող) պետության ստեղծումը: Վերջինիս էլ, ըստ նախատեսվածի, կհաջորդի պայմանականորեն «Միջերկրյածովյան Միացյալ Նահանգեր» կոչվող ընդհանուր պետության ստեղծումը: Որտեղ, ինչպես երևում է ներկայացված քարտեզից, Իսրայելի գլխավորությամբ, ի շարս Աֆրիկա մայրցամաքի հյուսիսային մի շարք երկրների, կներառվեն 1. Կիպրոսը, 2. Եգիպտոսը, 3. Էրիտրան, 4. Եվթոպիան, 5. Ջիբուտին, 6. Սոմալին (ամբողջությամբ, կամ միայն հյուսիսային մասը), 7. Օմանը, 8. Միացյալ Արաբական Էմիրությունները, 9. Կատարը և 10. Քուվեյթը:

Եվրոպական երկրների կողմից 2005-ին Եվրոմիության Սահմանադրության մերժումը լուրջ հարված էր աշխարհի գլոբալացմանը: Քանզի կրկին (ինչպես նախորդ դարասկզբին) հառնում է «Եվրոպայի Միացյալ Նահանգների» ստեղծումը տապալող հեռանկարը: Խոչընդոտը վերացնելու, ասել է թե՝ եվրոպական երկրներին ԵՄ Սահմանադրությունը ընդունել հարկադրելու, ինչպես և երկրորդ փուլով դրան հաջորդող գործողություններն իրագործելու համար (ըստ Եվրոմիության և աշխարհի գլոբալացման «կոնստրուկտորների»), նպաստավոր է համարվում Եվրոպայի շրջակայքում՝ մոտիկ և հեռու հարևանությամբ հրահրվող պատերազմները: Նրանց կարծիքով, Կովկասում և Մերձավոր Արևելքում լոկալ - անջատողական, նաև զավթողական պատերազմները ոչ միայն կնպաստեն Մերձավոր Արևելքի քարտեզի վերաձևմանը, այլև կհանդիսանան գործուն միջոց եվրոպական երկրներին Եվրոմիության Սահմանադրությունն ընդունել հարկադրելու համար. իբրև թե՝ կանխարգելելու համար արևելյան պատերազմները Եվրոպա ներթափանցելու սպառնալիքը, ինչպես և իսլամական աշխարհից իբրև թե՝ ընդհանուր՝ համաեվրոպական պաշտպանվածություն ստեղծելու անհրաժեշտությունը: Այդ, երիցս մարդատյաց և ամբողջ աշխարհին լրջորեն սպառնացող խնդրին էր, որ ծառայեցրին տարիներ առաջ Թալիբանին, Ալ Ղաիդային վերացնելու պատրվակով, Աֆղանստանն ու Իրաքը զավթելու, ավերելու և քարուքանդ անելու պատերազմները: Հիմա էլ, Հզբալլահի (թարգմանելիս՝ Աստծո կուսակցություն) պատրվակով, նույն հանցագործության թիրախը դարձրել են Լիբանանը, ուր Իսրայելը (կանոնավոր բանակը) պատերազմում է հենց միայն Լիբանանի ժողովրդի դեմ՝ նպատակայնորեն քարուքանդ անելով ամբողջ Լիբանանը: Աշխարհին տիրելու արևմտյան հիվանդագին մտածողության ու նպատակային հանցագործ գործողությունների այս ծրագրված շարքում հաջորդ թիրախները, ինչպես երևում է քարտեզից, Իրանը, Սիրիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանն են:

Ինչպես հետևում է ստորև ներկայացված քարտեզից.
1. Հյուսիսային Կովկասի և Ղազախստանի հարավային մասերը չեն նշվել որպես Ռուսաստան և Ղազախստան. պարզապես չեն ցանկացել դրանց ճակատագիրը կանխավ բացահայտել: Սակայն, հենվելով սույն քարտեզի տրամաբանությանն ու 1987-88թթ. առ այսօր Կովկասի և Միջին Ասիայի տարածաշրջաններում ընթացող ԽՍՀՄ՝ հետագայում նաև արտաքին ազդեցության աշխարհաքաղաքական գործընթացներին, ամենևին էլ դժվար չէ պատկերացնել թե ինչպես են վերագծելու Հյուսիսային Կովկասի, Ղազախստանի և Միջինասիական մյուս երկրների քարտեզները:
2. Վրաստանին ձեռք չեն տվել, քանզի այն ընդգրկվելու է Սևծովյան ընդհանուր պետության կազմում: Սակայն ուշագրավ է, որ չի նշված Թբիլիսին: Իրականում պատճառն այն է, որ Վրաստանը մասնատվելու է, ուստի, հարկ չեն համարել կանխավ բացահայտել նոր ձևավորման կարգավիճակն ու մայրաքաղաքը: Չի նշված նաև Երևանը, դրա փոխարեն օղակը ցույց է տալիս Արարատ լեռը: Այլ է Բաքուն, այն լրիվ նոր՝ հարավից ընդլանվող, Ադրբեջանի մայրաքաղաքն է լինելու:
3. Ըստ ձևափոխության, Հայաստանին է միանալու Արևելյան Հայաստանի, ինչպես մինչ այդ, նույնպես և 1918-20թթ. ՀՀ-ն մաս կազմող Արդահան - Կարս - Իգդիր հատվածը՝ ներառյալ Արարատ լեռը, որը 1921թ. մարտի 16-ի Ռուս - թուրքական բարեկամության պայմանագրով, բոլշևիկյան Ռուսաստանը (25 տարով) «նվիրել է» Թուրքիային: Ի դեպ, 1991թ. մարտի 12-ին, Գորբաչովն այդ պայմանագիրը կրկին երկարաձգել է ևս 20 տարով, որը պետք է վերանայվի 2011թ.: Չենք կարծում, որ Արևելյան Հայաստանի այդ հատվածը ՀՀ-ին միացնելը ունի միջազգային դիվանագիտության պատմության մեջ նախադեպը չունեցող այդ հանցագործության հետևանքները վերացնելու, պատմական արդարությունը վերականգնելու միտում: Այն, ավելի շուտ, հետապնդում է մեկ այլ նպատակ: Պայմանավորվող երկրներից մեկի կողմից պայմանագիրն այլևս անվավեր ճանաչելու միջոցով Ռուսաստանին զրկել Հարավային Կովկասի երեք երկրների (առաջնահերթորեն Հայաստանի) նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորություններից, այդ թվում, Թուրքիայի ներկայիս սահմանները Հայաստանին ճանաչել հարկադրելու պարտավորությունից (քանզի 1990-ից՝ Հայաստանի Անկախության Հռչակագրից հետո, ՀՀ-ի համար ուժը կորցրած Կարսի պայմագիրն առկախ է դարձրել Թուրքիայի պետական սահմանների հարցը): Պայմանագրի անվավեր ճանաչումը լուրջ հիմք է հանդիսանալու Թուրքիայի քարտեզի լրիվ վերաձևման համար: Քանզի Թուրքիայի ներկայիս սահմանները Խորհրդային Ռուսաստանի կողմից, այդ պայմանագրով, առաջինը ճանաչված լինելու փաստացի հենքի վրա էր, որ տարիներ հետո, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած միջազգային հանրությունը դեֆակտո ճանաչեց Խորհրդային Ռուսաստանի՝ հետագայում նաև ԽՍՀՄ-ի կողմից, 1921թ. Ռուս - թուրքական պայմանագրով որոշված սահմանները, որպես Թուրքիայի պետական սահման:
4. Ինչ վերաբերում է հայկական Նախիջևանին, որը նույն պայմանագրով՝ երրորդ կողմին (նկատի ունենալով Իրանին) չզիջելու պայմանով, որպես ինքնավար հանրապետություն, դրվել էր Ադրբեջանի խնամակալության տակ, կրկին դուրս է մնում Հայաստանի մաս կազմելուց: Այս անգամ այն թողնում են լրիվ նոր ձևավորվող Ադրբեջանի կազմում: Այդ նոր Ադրբեջանի ստեղծումով նաև վերացնում են Մեղրիի ռազմավարական խնդիրը:
5. Ներկայացված քարտեզում ընդհանրապես բացակայում է Արցախը: Ասել է թե՝ Արևմուտքը ընդլայնվող Ադրբեջանի կազմի մեջ է թողնում ոչ միայն Նախիջևանը, այլև 15 տարի հաղթականորեն կանգուն Արցախը, մեզ՝ համայն հայությանը, պարտադրված ազգային ազատագրական պատերազմով իսկ ազատագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այն ընդամենը որպես տարածք միացված է Ադրբեջանին: Ասես՝ Արցախը ոչ կա, ոչ էլ եղել է: Այնպես որ, նույնիսկ ամենաթունդ «եվրոհավատացյալին» իսկ հիմա արդեն հասկանալի պետք է դառնա, թե ինչո՞ւ էր Մինսկի հանձնախբի շրջանակներում Արևմուտքի կողմից 14 տարի շարունակ «խաղաղ կարգավորման» տարվող Արցախի խնդիրը դարձել «անլուծելի»: Պարզ է, դեռ ժամանակը չի եկել: Իսկ ժամանակը, ոչ միայն հայանպաստ չէ, այլև ավելի քան վտանգավոր՝ ՀՀ-ի, ԼՂՀ-ի և հայության համար: Քանզի այն կգա, երբ ընթացքի մեջ կլինի Մերձավորարևելյան ռազմաքաղաքական մեծ խառնաշփոթը, և կմասնատվեն Իրանը, Իրաքը և Սիրիան:
6. Քարտեզի վրա Արցախի բացակայությունը չի կարելի դիտել որպես Մինսկի խմբի կողմից առաջարկելիք փոխզիջումային տարբերակ: Ասել է թե՝ Արցախը հանձնելու դիմաց Արդահանը, Կարսը, Իգդիրն ու Մասիսները ՀՀ-ին վերադարձնելու «փոխզիջում»: Խնդիրն ավելի խորքային է և շատ ավելի դավադիր: Քանզի պլանավորել են Արցախը, որպես տարածք կրկին Ադրբեջանին բռնակցել կամ հանրաքվեի, կամ պատերազմի, կամ էլ, այսպես կոչված՝ «ինքնալուծարման» ճանապարհով: Հասկանալու համար Արցախյան խնդրով եվրոարևմտյան այսօրինակ մերժողական համառությունը, հարկ է հիշել, որ 1921թ.՝ Արևմտյան Հայաստանում դեռևս ընթացող (1915-23թթ.) ցեղասպանության իրողությունում, կնքված Ռուս - թուրքական բարեկամության պայմանագիրը առաջնահերթորեն հետապնդում էր հայերի ցեղասպանությունը Արևելյան Հայաստանում՝ միջնորդված ձևով, ավարտին հասցնելու նպատակ: Միջնորդվածության տարբերակի ընտրության պատճառը Թուրքիայի կողմից ցեղասպանությունը Արևելյան Հայաստանում ուղղակի կերպով ավարտին հասցնելու անկարողությունն էր: Քանզի 1918-20թթ., չնայած բոլշևիկյան Ռուսաստանի բազմակողմանի աջակցությանն ու ջանքերին, Թուրքիային չէր հաջողվում ցեղասպանությունը ուղղակիորեն ավարտելու համար զավթել քառակողմ պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետությունը: Ըստ միջնորդված տարրերի, ակնկալվում էր խորհրդայնացվող՝ լրիվ զինաթափված, սովի ու անպաշտպանվածության մատնված Հայաստանը առաջիկայում ստեղծվելիք Թուրքիա - Ադրբեջան - Վրաստան ֆեդերատիվ հանրապետության մեջ հարկադրաբար ներառելու ճանապարհով, մի քանի տարվա ընթացքում (հայաթափելու և բռնագաղթի ենթարկելու արդյունքում) որպես պետություն լուծարել, իսկ տարածքն էլ բռնակցել Ադրբեջանին ու Վրաստանին:

Ի դեպ, ինչպես վկայում են վերջի 15 տարիների դեպքերի զարգացումները, Հայաստանը՝ որպես պետություն վերացնելու արևմտյան ծրագրերը չեն փոխվել: Փոխվել է ձեռագիրը, նաև ավելացել են հաջորդ փուլում Վրաստանի և Ադրբեջանի մասնատման, լուծարման խնդիրները: Մեր հոգսը չէ, ուստի, այստեղ չենք քննարկում այդ երկրների ճակատագրերի հետագա ընթացքի մանրամասները: Ինչ վերաբերում է Հայաստանը, նաև շատ այլ երկրներ, որպես պետություն վերացնելու արևմտյան նոր ծրագրերին, հարկ է նշել, որ ընտրել են այնպիսի ձեռագիր, որպեսզի վաղը ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից, որևէ եվրոպական կամ այլ երկիր պատասխանատվության չենթարկվի մարդկության դեմ կատարած հանցագործության համար: Այդ խնդիրն ապահովելու համար է, որ 2001-ից առ այսօր Եվրոմիությունը ՀՀ-ի, հիմա նաև ԼՂՀ-ի նկատմամբ իրագործում է Սահմանադրական - օրենսդրական դիվերսիոն ներխուժումներ: Ասել է թե՝ ծրագրում են առաջիկայում հայկական մեր երկու երկրների իշխանավորների ձեռքերով իրագործել ՀՀ-ի և ԼՂՀ-ի «ինքնալուծարման» գործընթացը:
7. ԱՄՆ-ը, Անգլիայի և Իսրայելի հետ միասին՝ Իրաքի տարբերակով, Իրանին պատերազմի մեջ ներքաշելով, նաև Իրաքում ավելի մեծ ծավալների հասցնելով շիաների և սյունիների միջև, իրենց՝ արևմուտքի կողմից (միջնորդված ձևերով) հրահրված ու թափ առնող քաղաքացիական պատերազմը, ինչպես և ռազմաքաղաքական ընդհանուր այդ խառնաշփոթի մեջ ներքաշելով Սիրիային, Թուրքիային ու քրդական շարժումը, փորձելու են ստեղծել նոր «Ազատագրված Քուրդիստան» պետություն: Այն, ինչպես պատկերված է քարտեզում, տեղավորելու են. ա) ներկայիս Թուրքիայից անջատվող, ըստ էության, Արևմտյան Հայաստանի արևելյան կեսի, բ) Սիրիայի հյուսիսարևելյան մասից (3) անջատվող, գ) ներկայիս Իրաքի հյուսիսից անջատվող՝ Քիրկուկն ու Մոսուլը ընդգրկող (4) մասի և դ) Իրանի հյուսիսարևելյան մասից անջատվող՝ Թավրիզը ներառող (5) մասի տարածքներով ձևավորվող ընդհանուր տարածքում:
Ուշագրավ է, որ 1985-ից սկսած միջազգային հարաբերություններում Ազգերի ինքնորոշման սկզբունքին հենված, և ազգային ազատագրականն ու ազատագրումը իբր թե չճանաչող Արևմուտքը, հանձինս իր կողմից ստեղծելիք Քուրդիստանի և Բելուջիստանի, կրկին հիշել է ոչ միայն ազգերի ազատագրական պայքարն ու ազատության ձեռքբերումը, այլև Հայրենիք հասկացությունը: Այն, ինչը 1988-ից առ այսօր հակացուցված է հիշել Արցախին, որին թույլատրված է միայն կողմորոշվել ինքնորոշման իրավունքով, անտեսելով անշուշտ, որ հազարամյակների պատմություն ունեցող ազգերը գաղութային կախվածությունից միայն ազատագրվում են և ոչ թե ինքնորոշվում:
8. Իրաքը բաժանվում է երկու առանձին՝ «Սյունի Իրաք» (8) և «Արաբական Շիա Նահանգ» (8) կոչվող երկրների: Իսկ Բաղդադը, որպես քաղաք - նահանգ, դրվում այդ երկու պետությունների սահմանի վրա: Ասել է թե՝ պատկանելով և չպատկանելով նրանց, այն հանդիսանալու է նաև ինքնուրույն քաղաք - պետություն, որի միջոցով Արևմուտքը՝ դրսից, հսկողություն կհաստատի այդ երկու երկրների վրա, միգուցե նաև ամբողջ «Մերձավոր Արևելքի Նահանգներ» կոչվող ընդհանուր պետության վրա:
9. Բացի Քուրդիստանին միացող մասից, Իրանից անջատելու են նաև նրա հյուսիսային (6) հատվածն ու Թավրիզը և միացնելու են ընդարձակվող Ադրբեջանին: Անջատվելու է նաև Իրանի հարավարևելյան (9) մասը, որն էլ միացնելու են «Արաբական Շիա Նահանգ» կոչվող պետությանը:
10. Պարզվում է, «ոչ այնքան դաժան» է լինելու ներկայումս՝ շուրջ մեկ ամիս, պատերազմի թատերաբեմ դարձած Լիբանանի հետագա ճակատագիրը: Քանզի քարուքանդ արվող և հիմնազուրկ ավերվող, խաղաղ բնակչությանը սպանելու, նաև արտագաղթի հարկադրելու ճանապարհով մեծամասամբ լքված Լիբանանը հետո արդեն ընդարձակվելու է Սիրիայի հաշվին՝ վերածվելով «Մեծ Լիբանանի»: Ակնհայտ է. վաղը՝ Լիբանանում ընթացող պատերազմը միջազգային խաղապահների միջոցով զսպելու պարագայում, մեկ էլ հանկարծ կպարզվի, որ Հզբալլահը հիմա էլ տեղավորվել է Սիրիայում՝ Միջերկրական ծովի ամբողջ եզերքով մեկ և կրկին ահաբեկում է Իսրայելին: Ուստի, հիմա էլ «ստիպված» են լինելու Իսրայելի անվտանգությունը ապահովելու համար Հզբալլահից, կամ Ալ Ղաիդայից «ազատագրել» Սիրիայի ամբողջ ծովափնյա գոտին և այն միացնել «Մեծ Լիբանանին»: Այդպես Սիրիային կզրկեն ծով դուրս գալու հնարավորությունից, նաև այդ սահմանով նույնպես հսկողություն կհաստատեն Միջերկրական ծովում: Քանզի ակնկալում են, որ նորացված «Մեծ Լիբանանի» բնակչությունը նույնպես՝ մեծամասամբ, նորացված կլինի:
11. Իսրայելը, որը (ըստ քարտեզի) չի մտնելու «Մերձավոր Արևեքի Միացյալ Նահանգներ» կոչվելիք ընդհանուր պետության մեջ, տարածքային առումով մնալու է 1967-ի սահմաններում: Ուշագրավ է սակայն, որ քարտեզի վրա բացակայում է Պաղեստին անունն անգամ: Պաղեստինի գոյության մասին է հիշեցնում քարտեզում Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքի նշումը, որի տակ առկա է, սակայն, «Արևմտյան բանկ (Անորոշ կարգավիճակ)» մակագրությունը:
12. Ոչ պակաս լուրջ ձևափոխություն է կրելու Սաուդյան Արաբիան: Այն, որպես պետություն, արևմտյան այս մկրատումների արդյունքում, վերանվանվելու է «Սաուդյան Հայրենիքի Անկախ Տարածք»: Նախատեսել են Սաուդյան Արաբիայից անջատել. 1. հյուսիսային (13) և հյուսիսարևմտյան (14) հատվածները՝ դրանք միացնելով Հորդանանին, այն էլ վերանվանելով «Մեծ Հորդանան»: 2. Արևելյան՝ Մեքքա քաղաքը ներառող (13) մասը, ուր ստեղծելու են «Իսլամական Սուրբ Նահանգ» կոչվող լրիվ նոր պետություն: 3. Արևելյան՝ Քուվեյթի և Կատարի միջև ընկած (10) տարածքն էլ միացնելու են «Արաբական Շիա Նահանգին», այդպես վաղվա «միջերկրյածովյան» ընդհանուր պետությանը պատկանող Քուվեյթն ու Կատարը դարձնում են անկլավ «Մերձավորարևելյան» ընդհանուր պետության մեջ: 4. Իսկ հարավային (16) հատվածը կտրելով՝ միացնում են Եմենին ընդարձակելով Եմենի Կարմիր ծովով ունեցած սահմանը, նաև լրջորեն փոքրացնելով Սաուդյան Արաբիայի տարածքը:
13. Ակնհայտ է, որ Սաուդյան Արաբիայի սույն մկրատումը, նաև Իրանի հաշվին նորաստեղծ «Արաբական Շիա Նահանգ» կոչվող պետության ամբողջ արևելյան սահմանի այսօրինակ ձևավորումը ընդամենը պայմանավորված է Արևմուտքի կողմից Կարմիր ծովի և Պարսից ծոցի նկատմամբ կատարյալ՝ բազմաշերտ և բազմալծակ, հսկողություն սահմանելու խնդրով: Այսպես, Կարմիր ծովի համար. 1. Եգիպտոսի ափամերձ սահմանին դեմ դիմաց ի հայտ է գալիս ընդարձկվող «Մեծ Հորդանան» պետության սահմանը: 2. Սուդանի դիմացը՝ մասամբ Սաուդյան Արաբիայի մկրատումից մնացած «Սաուդյան Հայրենիքի Անկախ Տարածք» պետության սահմանը և մասամբ էլ ընդարձակված Եմենը: Պարսից ծոցի նկատմամբ լիակատար հսկողություն սահմանելու համար է, որ. 1. Պարսից ծոցի ամբողջ հյուսիսը, հյուսիս-արևելքն ու հյուսիս-արևմուտքը աքցանի պես ներառված են նորաստեղծ «Արաբական Շիա Նահանգ» կոչվող պետության տարածքում. իր մեջ որպես անկլավ ներառելով մեկ այլ՝ միջերկրածովյան ընդհանուր պետությանը պատկանող Ծոցի հարավարևմտյան հատվածը հսկվելու է երեք մասով՝ Կատարի, Արաբական Միացյալ Էմիությունների և նորաստեղծ «Սաուդյան Հայրենիքի Անկախ Տարածք» պետության միջոցով: Որոնց հակակշիռ է լինելու, Իրանը՝ իր հարավային սահմանի միջոցով:
14. Չնայած նրան, որ Իրանին լրիվ կտրում են կովկասյան աշխարհաքաղաքական՝ (ճանապարհակոմունիկացիոն) խաչմերուկի հարավային թև լինելուց, փոխարենը՝ Աֆղանստանի հյուսիսարևելյան (17) հատվածը միացնելով Իրանին, իբր թե փորձում են սիրաշահել նրան, սակայն իրականում նոր հակամարտությունների լուրջ լարվածություն են ստեղծում Իրանի և Աֆղանստանի միջև: Միաժամանակ, նույն սկզբունքով լարվածություն են ստեղծում նորաստեղծվող «Ազատագրված Բելուջիստանի» համար՝ Իրանից օտարելով նաև նրա հարավարևելյան (18) հատվածը (ի դեպ՝ օրեր առաջ Բելուջիստանի նահանգում իրականացվեց առաջին ահաբեկչություններից մեկը):
15. Ըստ սույն ծրագրի, Արևմուտքի կողմից հրահրվող և ղեկավարվող քաղաքացիական պատերազմի լուրջ փորձություն է սպասվում նաև միջուկային սպառազինություն ունեցող ներկայիս Պակիստանին: Որոշել են Պակիստանը մկրատել երեք մասի, ընդ որում, Պակիստանի ամբողջ հյուսիսը և երկրի արևմտյան կեսը (19) պետք է միացնեն Աֆղանստանին: Իսկ Պակիստանի հարավարևմտյան (20) կեսի և Իրանից անջատվող հարավարևելյան (18) հատվածի ընդհանուր տարածքում, Իրանի և Պակիստանի դեմ պատերազմող բելուջիները կազատագրեն և կհռչակեն իրենց «Ազատագրված Բելուջիստան» պետությունը:
Սույն քարտեզը և, ըստ այդմ, Արևմուտքի դիվային ծրագրերի ձեռագիրը հիշեցնում են Առաջին համաշխարհային պատերազմն ու 1916-ի Անտանտի երկրների միջև գաղտնի համաձայնության բերված Սայքս - Պիկոյի պայմանագրի պատմությունը: Որի տրամաբանությամբ էլ 1918-ին արևմտյան գերտերությունների կողմից մասնատվեց և իրար մեջ բաժանվեց Օսմանյան կայսրությունը՝ անմասն թողնելով միայն Ռուսաստանին և պարտության կրած Գերմանիային: Ներկա իրողությունը տարբերվում է նրանով, որ այս անգամ մասնատման մկրատի տակ է առնված ոչ միայն Թուրքիան, այլև գրեթե ամբողջ Մերձավոր և Կենտրոնական Արևելքը: Ասել է թե՝ նախատեսել են առաջիկայում, մոտ կես միլիարդ մարդ ներքաշել պատերազմական գործողությունների թատերաբեմ, դրան հետևող բոլոր արհավիրքներով, զանգվածային կորուստներով և ողբերգություններով: Հարց է, ինչո՞վ սա սկիզբը չէ կանխավ ծրագրված Երրորդ համաշխարհային պատերազմի, այն տարբերությամբ միայն, որ Հերցոգ Ֆրանց Ֆերդինանտի սպանության փոխարեն հիմա ընտրված է Հզբալլահի կողմից Իսրայելի երկու զինվորների առևանգումը:


Աղբյուր: http://www.oukhtararati.com/khmbagrakanner/3_04.php Կարգ: Քաղաքականություն | Ավելացրել է: ANI (15-Փետր-2011) Դիտումներ: 1638 | Պիտակներ: թուրքիա, Middle East, ԱՄՆ, Հարավային Կովկաս, Մերձավոր Արևելք, Հայաստան
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]